Բաժիններ՝

Մայր Աթոռ Ս. Էջմիածինը պարզաբանում է

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյանը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.

«Ծանոթանալով «Հետք» լրատվական կայքում հրապարակված` մի խումբ անանուն  ՀՀ քաղաքացիների կողմից հեղինակած «Եկեղեցին մատնո՞ւմ է ՀՀ քաղաքացիներին» հոդվածին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը հայտնում է, որ այսուհետ չի արձագանքելու անստորագիր նման հերյուրալի, սադրիչ և վիրավորական գրությունների: Սակայն, նկատի ունենալով հասարակության մեջ այս առնչությամբ առաջ բերվող արհեստածին ընդվզումները և չցանկանալով տեղի տալ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին պախարակելու գայթակղությանը, հարկ ենք համարում հրապարակված նյութի առնչությամբ հանրությանը տալ հետևյալ պարզաբանումը:

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին իր հոգևոր առաքելությանը զուգընթաց պատմական հանգամանքների բերումով դարեր շարունակ, իսկ այսօր առավելաբար արտերկրում, կատարում է նաև հայապահպան առաքելություն` հետամուտ լինելով հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանման, հոգևոր-ազգային կյանքի լավագույնս կազմակերպման: Այդ առումով աշխարհի տարբեր երկրներում հայի համար Հայոց Եկեղեցին է նկատվել այն վստահելի կառույցը և հաստատությունը, որի զորակցությանն է ապավինել օտար ափերում կամա թե ակամա հանգրվանած հայը: Հայրենիքի անկախացման շրջանում և հետագա տարիների սոցիալական-տնտեսական դժվարին պայմանների բերումով Սփյուռքի տարբեր գաղթօջախներում հաստատված ՀՀ քաղաքացիների զանազան խնդիրներ, այդ թվում` փաստաթղթային, նաև կարգավորվել ու կարգավորվում են Հայոց Եկեղեցու թեմերի միջոցով:

Ռիսկային պայմաններում հայտնված փաստաթղթային խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացիներին օգտակարություն բերելու և ՀՀ Կառավարության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության ճշգրիտ սահմանման նպատակով ՀՀ Կառավարության համապատասխան կառույցը դիմել է Մայր Աթոռին` նկատի ունենալով Հայ Առաքելական Եկեղեցու փորձառությունը նման հարցերում: Սփյուռքում առկա այս խնդիրների իրական պատկերը ներկայացնելու համար Մայր Աթոռ Ս. Էջմիածինը հանձնառու եղավ զորակցելու հայրենի պետությանը`այս ուղղությամբ լուծումներ փնտրելու և խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու: Հարկ է ընդգծել, որ խոսքը վերաբերում է անձը և ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթղթեր չունեցող ՀՀ քաղաքացիների խնդիրներին և ոչ թե նրանց անձնական տվյալներին: Հայոց Եկեղեցու նպատակն է միմիայն աջակցել տարբեր երկրներում կայք հաստատած հայորդիներին` հեռու մնալու անօրինականությունից և ապրելու լիարժեք և արժանապատիվ կյանքով:

Այս ամենի լույսի ներքո անընկալելի է ՀՀ քաղաքացիների անունից շարադրված հոդվածը, որ, ի դիմաց մեր ժողովրդին ցուցաբերվող օգտակար ծառայության, լի է անընդունելի որակումներով հայոց պետության և Հայոց Եկեղեցու հանդեպ: Ցավալի է, որ Եկեղեցու և եկեղեցականության պատրաստակամությունը և քայլերն այս ուղղությամբ նման չարամիտ մեկնաբանություններ են ստացել, իսկ մի խումբ «մտահոգ ու փրկիչ» հայորդիներ իրենց իրավունք են վերապահում փորձելու սասանել Հայոց Եկեղեցու հեղինակությունը, խաթարելու հայ հոգևորականի կերպարը` Եկեղեցու Պետից մինչև ծխական քահանա` անվստահություն սերմանելով Եկեղեցի-հասարակություն հարաբերություններում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս