
Հալեպում ռազմական գործողությունները արդեն հասել են հայկական թաղամասերին

Հալեպում կառավարական զորքերը շարունակում են լայնածավալ գործողությունը ընդդիմության, հատկապես Հալեպում գտնվող Սիրիայի ազատ բանակի զինյալների դեմ:
Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ մարտերն ընթանում են հայկական թաղամասերին չափազանց մոտ:
Ընդդիմադիրները գիշերը փորձել են գրավել հայաշատ թաղամասերում գտնվող կառավարական շինություններից մի քանիսը` մասնավորապես Վիլլաներ թաղամասում, և բախումներն ընթացել են հիմնականում դրանց շուրջ:
Այժմ հայաշատ թաղամասերում շրջում են կառավարական զորքերի զինվորները և թաղամասերում պարբերաբար կրակոցների ձայներ են հնչում: Քիչ ավելի հեռվում տեսանելի են ռազմական ինքնաթիռներ ու ուղղաթիռներ, որոնք օդային հարվածներ են հասցնում ընդդիմադիրների գրաված շենքերին:
Հայ համայնքի ներկայացուցիչները նշում են, որ հրետակոծությունների ձայները ողջ գիշեր գրեթե չեն դադարել:
Ավելի վաղ, տեղեկություններ էին տարածվել, որ արդեն չի գործում Նոր գյուղ թաղամասի ծայրամասում` Մասաքեն շրջանին սահմանակից հատվածում գտնվող Հալեպի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին, որի դիրքն առավել վտանգավոր է համարվում:
Սոցիալական ցանցերում սիրիահայության խմբերում կոչեր են հնչում տներից դուրս չգալ և պատուհաններին մոտ չկանգնել: