Ռուս օլիգարխը հետապնդումից զերծ մնալու հույսով վաճառում է ունեցվածքը
Մագնատ Ալեքսանդր Լեբեդևը վախենում է կրկնել ռուսական ընդդիմության ոչ պաշտոնական առաջնորդի՝ բլոգեր Ալեքսանդր Նավալնու ճակատագիրը, որին 10 տարվա բանտարկություն է սպառնում վատնումների համար, La Stampa թերթում գրում է Աննա Զաֆեսովան:
Ալեքսանդր Լեբեդևը՝ մի մեծահարուստ է, ով իրեն շատ ուժեղ և հարուստ էր զգում և փորձում էր ձեռնոց նետել Կրեմլին, հիմա ընդունում է իր պարտությունը և հայտարարում է Ռուսաստանում իր ողջ գույքի վաճառքի մասին: «Ես այլընտրանք չունեմ: Իմ դեմ արշավ է սկսվել: Ես չեմ ասում, որ դա Կրեմլն է, ես նկատի ունեմ հատուկ ծառայությունների սպաներին, որոնք ասում են, թե հրաման են ստացել գործել իմ դեմ», հայտարարում է Լեբեդևը:
«Լեբեդևը մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում քաղաքականության նկատմամբ և ավելի ու ավելի էր քննադատում իշխող վարչակարգին, գրում է Զաֆեսովան: Ավելի շուտ համբերության բաժակը լցրեց ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնուն նրա բացահայտ աջակցելը: Օլիգարխը ֆինանսավորում էր Նավալնու ծրագրերը, նրա թեկնածությունն էր առաջադրում «Աէրոֆլոտի» տնօրենների խորհրդում, և նույնիսկ մտադիր էր հատուկ վարկային քարտ թողարկել, որի տոկոսները ընդդիմադիրը կարող էր օգտագործել իր հակակոռուպցիոն հետաքննությունների համար»:
52-ամյա միլիարդատերը, ով սովոր է լոնդոնյան շքեղ կյանքին, դարձավ մի շարք հետաքննությունների, մեղադրանքների ու սպառնալիքների զոհը, և այժմ որոշեց վաճառել ամեն ինչ: Սակայն Լեբեդևը հույս ունի հարձակումներից զերծ պահել իր բրիտանական ԶԼՄ-ները և «Նովայա գազետան», որի համասեփականատերն է Միխաիլ Գորբաչովի հետ, գրված է հոդվածում: Լեբեդևը սին հույսեր չի տածում. «Մենք քաղաքական հետապնդումների շեմին ենք: Սակայն կուզեի հավատալ, որ սխալվում եմ», նրա խոսքերն է մեջբերում հոդվածի հեղինակը՝ Աննա Զաֆեսովան: