Բաժիններ՝

Մարդը զավթել է օձերի, կարիճների տարածքը, նրանք էլ եկել են մարդկանց բնակատեղի

Այսօր կրկին օձի խայթոցի դեպք է արձանագրվել, որի հետևանքով Աշտարակ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի բնակիչ Սարգիս Ալեքսանյանը: Հիշեցնենք, որ երեկ էլ սև կարիճի խայթոցով Արարատի հիվանդանոց էր տեղափոխվել Արարատի բնակիչ 5-ամյա Օվսաննա Հակոբյանը, ով, սակայն, դժբախտաբար այսօր «Մուրացան» բուժկենտրոնում մահացել է: «Էկզոտարիում» ընկերության տնօրեն, Կենդանաբանական այգու Ակվատերարիում բաժնի վարիչ Կարեն Մարտիրոսյանը վստահեցնում է, որ տարեցտարի աճող օձերի և կարիճների՝ մարդկանց հետ հանդիպումներն, անշուշտ, անհանգստացնող են: Նա օձերին և կարիճներին արդեն որպես քաղաքային կենդանիներ է որակում, քանի որ մարդիկ զավթել են սողունների բնակատեղիները, իսկ սողուններն էլ, բնականաբար, հայտնվել են քաղաքային տարածքներում: Ոչ պաշտոնական տվյալներով` միայն այս տարվա վերջին մի քանի ամիսների ընթացքում արձանագրվել են օձի խայթոցի 148-ից ավելի գրանցված դեպքեր, որոնցից երկուսը մահվան ելք են ունեցել: Հիշեցնենք, որ այս մասին հայտարարությամբ մեկ ամիս առաջ հանդես էր եկել նաև «Արմենիա» բուժկենտրոնի գլխավոր թունաբանը, ում տվյալներով` դեռ մեկ ամիս առաջ երկու մահվան դեպք էր արձանագրվել, և ենթադրվում է, որ մեկ ամսվա ընթացքում օթերի խայթոցի դեպքերն ավելի են շատացել: «Բնականաբար, դա անհանգստացնող է, որովհետև ժողովրդի համար տագնապ, վախ, վտանգ է ներկայացնում: Պարտադիր չէ օձը թունավոր լինի, որ մարդն ահաբեկվի: Օձին տեսնելիս` մարդը սթրեսային ռեակցիա է ապրում, որի հետևանքը կարող է որևէ հիվանդության առաջացումը լինել` շաքարային դիաբետ, սթրես, հիստերիա, ֆոբիայի զարգացում, և այլն: Բացի դրանից, Երևանում ապրում են նաև թունավոր օձեր` գյուրզա, որի խայթոցը մահացու է»,- նշում է տերարիումիստ Կ. Մարտիրոսյանը:

Հայաստանում գոյություն ունեն 23 տեսակի օձեր, որոնցից չորսն են թունավոր` լեռնատափաստանային իժը, դարոևսկու իժը, հայկական իժը և գյուրզան: Այնուամենայնիվ,  թունավոր օձերի տեսակներից Երևանում ապրում են միայն գյուրզաները: Լեռնատափաստանային իժը բնակվում է բարձրադիր գոտիներում, նրա թույնը թույլ է, և առայսօր մահացու դեպք չի եղել: Դարևոսկու իժի թույնը նույնպես թույլ է, բացի այդ, օձի այս տեսակը սակավաթիվ է, հիմնականում բնակվում են Ղուկասյանի շրջանում: Հայկական իժն ու գյուրզան շատ վտանգավոր և թունավոր օձեր են, որոնց խայթոցն անդառնալի հետևանք կարող է ունենալ մարդու կյանքի և առողջության համար: Հայկական իժը նույնպես բնակվում է բարձրադիր գոտիներում, իսկ գյուրզան արդեն հարթավայրային օձ է, և Երևանում, Արարատյան հարթավայրում, Արագածոտնում, Սյունիքում գյուրզա տեսակի օձերի բնակատեղիներն են: «Երևանում էլ շատ կա գյուրզա` Հրազդանի կիրճում, Նորքի զանգվածներում, Սարի թաղում, Քանաքեռի ձորում, և այլուր»,- հավաստիացնում է Կ. Մարտիրոսյանը, ով, որպես «Էկզոտարիում» ընկերության տնօրեն, օրվա մեջ օձի խայթոցի 5-6 դեպքի է արագ արձագանքում:

Փրկարարների համար գումար չեն հատկացում

Ընկերությունն ունի չորս հոգուց բաղկացած մասնագիտական խումբ, որը նախկինում հասարակական հիմունքներով արձագանքում էր օձերի և մարդկանց «հանդիպումների» ահազանգերին: Այսօր արդեն մասնագետներից երկուսը մեկնել են արտերկրում աշխատելու, քանի որ պարզվում է` նման մեծ քանակությամբ դեպքեր արձանագրող երկրում անհրաժեշտ չեն նման մասնագետները: ««Էկզոտարիումը», 3-4 տարի է, ինչ Փրկարար ծառայությունից, Հրշեջ վարչությունից, քաղաքապետարանից զանգեր էր ստանում, քանի որ ունեինք կատարյալ պատրաստված մասնագիտական խումբ: Մասնագետները պրոֆեսիոնալներ էին, որոնք դեպքի վայր էին մեկնում հատուկ գործիքներով, հակաթույնով, և, որն ամենակարևորն է, մարդու հետ հոգեբանական աշխատանք էին կատարում: Աշխատում էինք հասարակական հիմունքներով, առանց վարձատրության: Բնականաբար, մեր մասնագետներն ունեն ընտանիքներ, որոնք վարձատրության կարիք ունեին, բացի դա, ոչ ոքի հաճելի չէ մատն օձի բերանը տանել և մահվան հետ կռիվ անել: Մշտական վտանգի հետ բախվելով` մենք զուտ փրկարարական աշխատանք ենք կատարում: Գարնանն ունենում էինք 10-ից ավելի զանգեր: Բնակարաններում, նկուղներում, տանիքներում, շատ վտանգավոր դեպքեր են եղել, երբ թունավոր գյուրզայից երեխա ենք փրկել: Բոլոր ցիվիլ երկրներում պետությունն ամբողջ տարվա համար ֆինանսավորում է մասնագիտական խմբի գործունեությունը, որոնք ամբողջ տարին անվճար կատարում են այդ աշխատանքը: Վրաստանում էլ է այդպես: Մեր ընկերությունն այլևս հնարավորություն չունի այդ աշխատանքը կատարելու, օրական տասից ավելի ահազանգ ամբողջ հանրապետության տարածքով` վառելիքի ծախս, և այլն: Ես խոսեցի Փրկարար ծառայության ղեկավարի, քաղաքապետարանի ներկայացուցչի հետ` առաջարկելով ֆինանսավորել այդ գործունեությունը, բայց պատասխանեցին, որ գումար չկա»,- ասում է Կ. Մարտիրոսյանը, ով այժմ էլ արձագանքում է ահազանգերին: Սակայն ընկերության մասնագիտական խումբն այլևս չի կարող արձագանքել հանրապետության բոլոր ահազանգերին` առանց վարձատրության: Ընդ որում, Կ. Մարտիրոսյանը կարևորում է օձի և մարդու  «հանդիպման» ժամանակ նաև օձերին փրկելու հանգամանքը, քանի որ չի կարելի մարդուն փրկելու համար օձին սպանել, մանավանդ որ,  դրանց որոշ տեսակներ «Կարմիր գրքում» են գրանցված: Ոչնչացնելու դեպքում բնապահպանական ճգնաժամ կառաջանա: Ներկայումս օձերի հետ հանդիպումների կամ խայթոցների դեպքերին հիմնականում արձագանքում են Փրկարար ծառայության աշխատակից՝  «օձից չվախեցող» տղաները, մինչդեռ Կ. Մարտիրոսյանը համարում է, որ նման դեպքերի համար պրոֆեսիոնալ մասնագետների անհրաժեշտությունն անխուսափելի է: «Հայաստանում չկա պրոֆեսիոնալ աշխատանք. առաջին օգնություն ցուցաբերելու, մարդուն սթրեսից հանելու և այլ նրբությունների պակաս կա: Միայն օձից չվախենալն օձի մասնագետ չի կոչվում: Չվնասելով կենդանուն՝ նա պետք է կարողանա պաշտպանել մարդուն թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, և բերել հավասարակշռության»,- ասում է սողունների մասնագետը` հավաստիացնելով, որ այլևս չի կարող ընկերության մասնագետներին համոզել, որ անվճար աշխատանք կատարեն: Ի դեպ, պետական կառույցների պատասխանատուներն «Էկզոտարիում» ընկերության մասնագետներին առաջարկել են արձագանքել ահազանգերին, բայց դրա համար գումար գանձել ահազանգող քաղաքացիներից: Այսինքն` շտապօգնության բրիգադների սկզբունքով, երբ չգրված օրենքներով՝ ահազանգողը մասնագետի գրպանը գումար է դնում. «Ո՞նց կարող ես գումար վերցնել,  ասենք` ծեր մի տատիկից, որը վախի մեջ է գումար պահանջել, բացի այդ, հո ողորմություն չե՞ս խնդրելու: Փրկարարական աշխատանքն ամբողջ աշխարհում անվճար է կատարվում, վճարովի փրկարարություն գոյություն չունի, բայց ինչ-որ մեկը՝ հանձինս պետության կամ քաղաքային իշխանությունների, ֆինանսավորում է այդ աշխատանքը: Փրկարար ծառայության տղաները շատ փայլուն տղաներ են, բայց այս աշխատանքը պրոֆեսիոնալիզմ է պահանջում»: Ի դեպ, վերջին դեպքը, որին արձագանքել է Կ. Մարտիրոսյանը, եղել է Ջրվեժում, որտեղ օձը մտել է սեփական տան 8 մետրանոց  խորությամբ ջրի հորի մեջ. «Դեղնափոր սահնոց էր. ստիպված եղա պարանով իջնել հորի մեջ, օձին վնասազերծել, դնել պարկի մեջ: Ամենացավալի դեպքը, որն ինձ վրա հետք է թողել, դա մի կին էր, որի մատն օձը հանդում կծել էր: Բերեցին ինձ մոտ, մատը շատ ձիգ էին կապել, որ թույնը չտարածվի: Մինչև ոսկորն այնքան ձիգ էին կապել, որ մատը սևացել էր, ու փտախտ էր սկսվել: Օձին սպանել, իրենց հետ բերել էին: Երբ օձին տեսա՝ հասկացա, որ ոչ թունավոր, անվնաս օձ է, բայց կինը մատը կորցրեց չիմացության պատճառով»:

Կարդացեք նաև

Երևանի Կասկադի հատվածը «կարիճանոց» է

Կարեն Մարտիրոսյանը հավաստիացնում է, որ մարդիկ հիմա բնության հետ հավասար՝ ապրում են, և կենդանիները քաղաքային տարածքին արդեն ադապտացվում են, քանի որ վայրի բնությունը մարդու կողմից վերածվում է շինությունների, ռեստորանների, շենքերի, և այլն: Սև կարիճներն արդեն քաղաքային տարածքում իրենց կենցաղը համատեղում են, մասնավորապես՝ Կասկադի շենքերն, ըստ Կ. Մարտիրոսյանի` կարիճանոցներ են: Կասկադի շրջակայքում չկա բնակարան, որտեղ կարիճ չլինի: «Ասում են` օձերը, կարիճները հարձակվել են քաղաքի վրա, չկա այդպիսի բան: Մարդը գնացել-զավթել է նրանց տարածքը, մտել է իրենց բնակատեղի»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս