
Գյուղացուն կրկին պարարտանյութ կտրամադրվի

Գյուղացիներին 6000 դրամով պարարտանյութ տրամադրելու ծրագիրը դադարի մեջ է: Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Գևորգ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց, որ ծրագրի շրջանակներում նախատեսված 25.000 տ պարարտանյութն ամբողջությամբ վաճառվել է գյուղացուն:
Հիշեցնենք, որ 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1802-Ն որոշմամբ՝ ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում 2012 թվականին ՀՀ ներմուծվող պարարտանյութը հողօգտագործողներին կտրամադրվի 1 պարկը 6000 դրամով:
Մեր այն հարցին, թե յուրաքանչյուր տնտեսություն ծրագրի շրջանակներում որքա՞ն պարարտանյութ կարող էր ձեռք բերել, Գևորգ Հարությունյանը պատասխանեց՝ սահմանափակումներ չեն եղել, և գյուղացուն որքան անհրաժեշտ է եղել, այնքան էլ կարողացել է ձեռք բերել: Պարոն Հարությունյանը նշեց նաև, որ ծրագրը վերսկսելու հավանականություն կա, համապատասխան քննարկումներն ընթացքի մեջ են:
Իսկ մեր այն հարցին, թե ծրագրի վերսկսման դեպքում գյուղացին ի՞նչ գնով կկարողանա ձեռք բերել պարարտանյութը, Հարությունյանը պատասխանեց. «Ամենայն հավանականությամբ, գյուղացին պարարտանյութը կկարողանա ձեռք բերել նույն գնով»: