Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը գերխնդիրների առաջ է

Նկատի առնելով Երուսաղեմի անփոխարինելի կարևորությունը հայերի ազգային մշակութային և հոգևոր ու հատկապես պետական կառույցների ամրացման ու գոյատևման համար Երուսաղեմի հայոց պատրիարքության շուրջ ստեղծված վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Այնտեղ իսկապես ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել, նկատի ունենալով, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքը կոմայի վիճակում հիվանդանոցում է և ի վիճակի չէ այլևս ղեկավարել պատրիարքությունը, իսկ տարածաշրջանի քաղաքական իրավիճակը պայթունավտանգ է: Բացի այդ Երուսաղեմում հայ եկեղեցին կարևոր տարածքներ ունի Սիոն լեռան վրա, որը ինչպես հայտնի է, հրեաների սուրբ լեռն է, և վերջիններս վաղուց մտադիր են հայերին դուրս մղել այնտեղից: Այս խնդրի կապակցությամբ սփյուռքահայ մամուլում հարցազրույց է տպագրվել պատրիարքության ներկայացուցիչ Նահապետ Մելքոնյանի հետ, որը հատվածաբար ներկայացնում են ստորև.

 

-Բոլորիս հայտնի է, որ Պատրիարք Հայրը հունվարից կոմայի մեջ է: Տեղյա՞կ եք նրա առողջական վիճակից:

 

– Հունվարի 19-ին պատրիարքը անգիտակից վիճակում տեղափոխվել է հրեական «Հատասահ» հիվանդանոցը` ուղեղային կաթվածով: Հիվանդանոցն օժտված է արդիական սարքավորումներով և նա գտնվում է նաև բժիշկների հսկողության տակ, սակայն դժբախտաբար, պատրիարքի առողջության մեջ բարելավում չի նկատվում: Միաբանները պարբերաբար այցելում են նրան և խնամում:

 

-Ինչպե՞ս է կառավարվում պատրիարքությունն այսօր:

 

-Սուրբ Աթոռի տնօրեն ժողովը այս տարվա հունվարի 30-ին հատուկ նիստ է գումարել և պատրիարքական փոխանորդ նշանակել լուսարարապետ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին` վարելու համար պատրիարքարանի առօրյա գործերը:

 

-Իսկ այս վիճակը որքա՞ն կարող է շարունակվել:

 

– Բնականաբար ոչ երկար: Եթե ժամանակին՝ 2010-թ.-ին,  մի նախագիծ պատրաստվեր և քննարկվեր, կարելի էր ընտրել աթոռակից պատրիարք և պատրիարքությունն այսօրվա վիճակում չէր լինի: Սակայն վերջերս հունիսի 15-ին տեղական միաբաժանական ժողով կայացավ, ինչին իրավունք ունեին ներկա գտնվել այլ երկրներում գտնվող միաբանները:

 

-Պատրիարքի ընտրության հարց կա՞ր օրակարգում:

 

-Միաբանական ժողովի օրակարգից տեղյակ չենք: Սակայն ընդհանուր կարծիք կա, որ մինչև 2013 թվականի հունվար սպասելը անիմաստ է, քանի որ արդեն 3 տարին է լրանում, ինչ պատրիարքի առողջական վիճակը ծանր է: Այս ժամկետում եթե բժիշկները եզրակացնեն, որ առողջական վիճակը այլևս չի բարելավվի, պատրիարքը կարող է հանգստի կոչվել և ընտրվել նոր պատրիարք: Նման որոշում է կայացրել այս ժողովը:

 

-Տեղյա՞կ եք, թե՞ երբ կկայանա հաջորդ ժողովը:

 

-Հուսով ենք, որ Աստծո կամոք, այն տեղի կունենա 2013 թվականի հունվարին: Բոլոր միաբանները կհրավիրվեն Երուսաղեմ՝ Սուրբ ծննդյան արարողություններին և ընդհանուր ժողովին մասնակցելու:

 

-Իսկ այլ տարբերակներ կա՞ն:

 

-Այո: Օրինակ` կարելի էր անմիջապես միաբանական ընդհանուր ժողով գումարել և ընտրել տեղապահ: Տեղապահի պարտականությունը պետք է լինի նոր պատրիարքի ընտրության նախապատրաստական աշխատանքները կատարելը:

 

-Նկատի ունենալով ներկա վիճակը, արդյոք արդեն կա՞ թեկնածուների ցանկ:

 

-Ո°չ: Դեռ թեկնածուներ չկան, սակայն Նուրհան Մանուկյանն արդեն իսկ ի պաշտոնե թեկնածու է:

 

-Ովքե՞ր, ըստ Ձեզ, կարո՞ղ են թեկնածու լինել:

 

-Երուսաղեմի պատրիարքության յուրաքանչյուր միաբան եպիսկոպոս կամ վարդապետ կարող է թեկնածու լինել:

 

-Իսկ Սփյուռքի տարածքում առաջնորդներից կամ բարձրաստիճան հոգևորականներից որևէ մեկի թեկնածությունն առաջադրելու ձգտմանն տեղյա՞կ եք:

 

-Երուսաղեմում որպես նվիրապետական աթոռ միայն Սուրբ Ուխտի  միաբանը կարող է թեկնածու լինել: Օրինակ` Ավստրալիայի Հայոց թեմի առաջնորդ  Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը, ԱՄՆ-ի արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ովքեր իրենց վաստակով հավանական թեկնածուների թվում են: Սակայն դեռևս այդ մասին որևէ բան չեն ասել:

 

-Իսկ անձամբ որևէ նախապատվություն ունե՞ք:

 

-Նախ թեկնածուն պետք է լավ ծանոթ լինի  պատրիարքության դարավոր պատմությանը, ուսանած լինի Երուսաղեմում, ծանոթ լինի  տեղի սովորույթներին և ավանդույթներին,  պատրիարքության իրավասություններին, ինչպես նաև՝ տարբեր ազգությունների փոխհարաբերություններին:

Երուսաղեմի  պատրիարքությունը  եկամտաբեր կալվածքներ ունի  Իսրայելի, Պաղեստինի և Հորդանանի մեջ, և այս երկրների հայության հոգևոր առաջնորդն է: Մինչ օրս Հայոց պատրիարքությունը Հույն և Կաթոլիկ պատրիարքությունների հետ պահապանն է  Սուրբ Երկրի սրբատեղիների:  Ուստի  հարկ է բարվոք հարաբերություններ մշակել վերոհիշյալ կրոնական ուղղությունները  ներկայացնող բոլոր   պետությունների և եկեղեցական  հարանվանությունների  հետ:

Շատ  կարևոր է նաև, որ թեկնածուն  խորը հմտություններ ունենա  վարչական,  տնտեսական ու նաև  դիվանագիտական ասպարեզներում: Գիտեմ, որ դժվար պահանջներն են,  սակայն Երուսաղեմի դարավոր Առաքելական  Սուրբ Աթոռի գահակալի խոսքն  հեղինակություն է Սուրբ քաղաքի մեջ:

Բայց կա նաև  մեդալի  մյուս երեսը:  Միաբաններ կան, ովքեր  հազիվ 2-3 տարի ծառայելուց հետո հեռացել են վանքից, ու թեև  ծառայել են  հայ եկեղեցուն, սակայն այլևս  վանականի կյանքով  չեն ապրել:  Իսկ  Երուսաղեմը հոգևոր ծառայության վայր է՝ բառիս իսկական իմաստով:

 

-Ինչպե՞ս կբնուաթագրեք  պատրիարքության ներկա հարաբերությունները հարևան երեք պետությունների՝  Իսրայելի, Պաղեստինի ու  Հորդանանի հետ:

 

-Պատրիարքությունը ջանում է լավ հարաբերություններ պահպանել բոլորի հետ:  Պատրիարքական նոր փոխանորդը  աշխատում է  հարթել անհամաձայնություններն ու վեճերը,  որոնք  վերջին տարիներին հաճախացել են:  Որպես արդյունք`  Հունաց պատրիարքը   միաբանության անդամներով  պաշտոնապես այցելեց Հայոց պատրիարքարան`  շնորհավորելու  հայերի Սուրբ ծնունդը:

 

-Ներկա  վիճակն նկատի ունենալով,  երբ  Պատրիարք  Հայրը  դեռևս կենդանի է,  Իսրայելը  կվավերացնի՞ նոր  պատրիարքի ընտրությունը:  Չէ որ  Պոլսո պատրիարքի պարագայում Թուրքիան  խնդիրներ հարուցեց այս հարցում:

 

-Չեմ կարծում, որ դժվարություններ լինեն, մանավանդ որ,  ընտրությունը  ծրագրված է կատարել բժիշկների հետազոտության արդյունքներից հետո: Բացի այդ Հորդանանի  թագավորությունն է, որ ընտրյալ պատրիարքին պատրիարքական հռչակագիր է շնորհում:

Երուսաղեմի պատրիարքությունը դժվարին օրեր է ապրում և  խիստ կարիք ունի  բարեկարգման և  զարթոնքի:

 

-Լավատես լինենք, որ այս դժվարին օրերը  կհաղթահարվեն  և առողջություն մաղթենք Պատրիարք Հորը՝ Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանին: 

 

Հարցազրուցը վարեց՝  Սարգիս սարկավագ Մեսրոպյանը

Տեսանյութեր

Լրահոս