Sukhoi Superjet-ը նորից վթարային վայրէջք կատարեց անսարքությունների պատճառով

Կազանից Մոսկվա թռչող Sukhoi Superjet-100 օդանավը այսօր՝ օգոստոսի 3-ին, օդանավի սրահի ապահերմետիկացման պատճառով վթարային վայրէջք է կատարել Ռուսաստանի մայրաքաղաքի «Շերեմետևո» օդանավակայանում: Այս մասին ռուսական РБК լրատվական գործակալությանը հայտնել են Ռուսաստանի ավիացիոն կոմիտեից:

Ուղևորատար օդանավը այսօր առանց որևէ խնդիրների օդ էր բարձրացել Թաթարստանի մայրաքաղաքի օդանավակայանից, սակայն թռիչքի ընթացքում սրահի ապահերմետիկացում էր արձանագրվել, որից հետո օդանավի անձնակազմը որոշում էր կայացրել օդանավը իջեցնել մինչև 3000 մետր բարձրության: Երևանի ժամանակով 13:15 ին  օդանավը վայրէջք էր կատարել«Շերեմետևոյում»: Օդանավում էին գտնվում 64 ուղևորներ: Տուժածներ չկան:

Նմանօրինակ միջադեպ էլ նույն մակնիշի օդանավի հետ պատահել էր հունիսի 18-ին: «Աէրոֆլոտ» ընկերությանը պատկանող օդանավը, որ Մոսկվայից թռչում էր Կոպենհագեն, թռիչքից քիչ հետո վերադարձել էր Մոսկվա՝ անսարքությունների պատճառով: Օդանավում եղել էր 60 ուղևոր, և դարձյալ նրանցից ոչ ոք  չէր տուժել:

Այս օդանավերը իրենց վրա ուշադրություն հրավիրեցին այն բանից հետո, երբ Ինդոնեզիայում ցւոցադրական թռիչքների ժամանակ աղետի ենթարկվեց Sukhoi SuperJet-ը, որը մառախուղի պատճառով բախվել էր լեռանը:

Հիշեցնենք որ հայկական ազգային ավիափոխադրող «Արմավիան» ևս ցանկանում էր գնել Sukhoi SuperJet 100 տիպի ինքնաթիռներից, նույնիսկ արդեն որոշված էին այն Հայաստան բերելու ժամկետները, սակայն հետո հրաժարվեց այդ մտքից և որոշեց գնել միայն Boeing կամ Airbus օդանավեր:

Տեսանյութեր

Լրահոս