ԲՀԿ-ն ողջունում է
«Այո, իհարկե, ունի: Եվրասիական միությունն ընդամենը դեռ հռչակագրային մակարդակի վրա ինտեգրացիոն մի նախագիծ է: Այդ նախագծի հռչակված դեռևս մակերեսային դրույթների հետ մենք հայտնել ենք հետևյալ դիրքորոշումը. անշուշտ այն արժանի է դիտարկման և քննարկման, որի շրջանակներում մենք ողջունում ենք ազգերի բարեկամության, ժողովուրդների հավասարության սկզբունքների հիման վրա նշված երկրների հետ համապարփակ և բազմակողմանի հարաբերությունների զարգացման հեռանկարը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը` պատասխանելով հարցին, թե «Եվրասիական տնտեսական միությանը» Հայաստանի հնարավոր անդամակցության վերաբերյալ ԲՀԿ-ն որևէ դիրքորոշում ունի՞, թե՞ ոչ:
«Ես` որպես այդ միության հետ կապված բոլոր միջոցառումներին մասնակցող պատվիրակ, առաջարկել եմ (և նույնիսկ մենք հասել ենք որոշ արդյունքների, որոնց մասին հանրությունը շուտով կտեղեկացվի) նախևառաջ ձեռնարկել այնպիսի միջոցառումներ, որպեսզի Հայաստանի քաղաքացիները տեղեկացվեն այն ամբողջ իրականությանը, որն արդեն հռչակագրային մակարդակից հետո կներկայացվի: Խոսքս փոխակերպելով ասած` ինչ իրատեսական օգուտ, շահ կարող է հետապնդել հայաստանցին այդ հեռանկարից: Դրանից հետո նոր մենք կկատարենք եզրակացություն՝ մտնելո՞ւ ենք ինտեգրացիոն նախագծի մեջ, թե՞ ոչ»,- հավելեց նա:
Իսկ մեր հարցին, թե համաձա՞յն եք ՌԴ Պետդումայի նախագահ Ս.Նարիշկինի` Հայաստան կատարած այցի ժամանակ հնչեցրած այն կարծիքի հետ, թե անդամակցությունը Եվրասիական միության ձևավորման գաղափարը պետք չէ հակադրել Եվրամիությանը, Տ.Ուրիխանյանը պատասխանեց. « Անշուշտ, այն դեպքում, եթե Հայաստանից մասնակցությունը որևէ ինտեգրացիոն նախագծի, որևէ միջազգային միավորմանը տեղի չի ունենում ի վնաս այլ միջազգային միավորումներում մեր մասնակցությանը և մեր շահերին, բնականաբար մենք պիտի համաձայնվենք այդ անդամակցությանը: Սակայն եթե որևէ ինտեգրում տեղի ունենա Հայաստանի շահերի հաշվին, այդ ժամանամ մենք միանշանակ ունենալու ենք վերապահումներ»: