Րաֆֆի Հովհաննիսյանը բանակցո՞ւմ է իշխանությունների հետ

Մեր տեղեկություններով` այս օրերին միջնորդավորված բանակցություններ են ընթանում իշխանության ՀՀԿ-ական թևի և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի միջև` նախագահական ընտրություններում վերջինիս առաջադրման հարցի շուրջ: Ր. Հովհաննիսյանը դեռևս վերջնական  որոշում չի կայացրել (կամ` հայտարարում է, որ չի կայացրել) 2013թ. ընտրություններում իր մասնակցության վերաբերյալ: Թեև ինքը հակված է առաջադրվել, սակայն գիտակցելով, որ իր առաջադրումը ձեռնտու է իշխանություններին  ու նախագահ Սերժ Սարգսյանին, չի շտապում հայտարարել այդ մասին: «Ժառանգության» ղեկավարը ցանկանում է, որ եթե ոչ՝ անձամբ Սերժ Սարգսյանը, ապա իշխանական վերնախավից որևէ մեկն իրեն խնդրի կամ համոզի առաջադրվել:

Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրների, այդ մասին Հովհաննիսյանն ասել է իր վստահելի թիմակիցներին` նրանց հանձնարարելով հրապարակային ելույթներում ավելի խորացնել իր առաջադրման վերաբերյալ կասկածները: Պատահական չէ, որ վերջին շրջանում գրեթե բոլոր ժառանգականները հայտարարում են, թե իրենց համար միակ ցանկալի թեկնածուն Ր. Հովհաննիսյանն է, սակայն նրա առաջադրման վերջնական որոշումը պետք է կայացնի կուսակցության վարչությունը:

«Ժառանգության» ղեկավարը կարծում է, որ այս սցենարի դեպքում իշխանությունները կբավարարեն իր ներկայացրած բոլոր պահանջները: Հովհաննիսյանի պայմաններից մեկն այն է, որ իշխանությունն ամբողջությամբ փոխհատուցի նախագահական քարոզարշավի ծախսերը: Բացի այդ, նա պահանջում է նաև «քաղաքական ազատություն»` քարոզարշավի ժամանակ Սերժ Սարգսյանին խիստ քննադատելու հարցում: Հովհաննիսյանն իր երկրորդ պահանջը բացատրել է նրանով, որ անցած խորհրդարանական ընտրություններում «Ժառանգության» ձախողման պատճառներից մեկը հենց իշխանությունների անհասցե քննադատությունն էր` առանց Ս. Սարգսյանի անունը հնչեցնելու: Իր առաջադրվելու դիմաց Ր. Հովհաննիսյանն իշխանությունից պահանջել է նաև երաշխիք, որ թիվ 1 ընտրատարածքում կայանալիք ԱԺ պատգամավորի ընտրություններում կհաղթի «Ժառանգության» անդամ Ստեփան Սաֆարյանը: Մեր տեղեկություններով՝ այս նախնական պայմանները Ր. Հովհաննիսյանը միջնորդների միջոցով փոխանցել է համապատասխան շրջանակներին և  սպասում է պատասխանին:

Հենց այդ պատասխանից է կախված, թե Ր. Հովհաննիսյանը սեպտեմբերի սկզբին, ի վերջո,  կվերցնի՞ պատգամավորական մանդատը, թե՞ կհայտարարի «համազգային համախմբումի ու վերակերտումի նպատակով ինքնազոհության» մասին ու կհրաժարվի մանդատից` որպես նախագահի ապագա թեկնածու: Մեր տեղեկություններով` «Ժառանգության» ղեկավարի և իշխանությունների միջև բանակցություններում ընդգրկված են ինչպես՝ իշխանությունների հետ կապ ունեցող քաղաքական որոշակի ուժերի ներկայացուցիչներ, այնպես էլ՝ օտարերկրյա դիվանագետներ:

 

 

Տեսանյութեր

Լրահոս