Պատվիրատուները փուչիկներ լիցքավորողին առձեռն 770 000 դրամ էին տվել

Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում այս տարվա մայիսի 4-ին կազմակերպված նախընտրական զանգվածային միջոցառման ընթացքում մի քանի տասնյակ մասնակիցների կողմից տարբեր աստիճանի այրվածքներ ու մարմնական այլ վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել վարչապետին և Երևանի քաղաքապետին:
Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետին ներկայացված միջնորդագրում նշվում է, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում մեղադրական եզրակացությամբ ավարտվել է 2012թ. մայիսի 4-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպված նախընտրական զանգվածային միջոցառման ընթացքում մի խումբ երիտասարդների կողմից գլխավերևում պահվող գազով լիցքավորված փուչիկների բռնկման հետևանքով միջոցառման մի քանի տասնյակ մասնակիցների կողմից տարբեր աստիճանի այրվածքներ ու մարմնական այլ վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի հատկանիշներով (այն է` դուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաև նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք առաջացրել են ծանր հետևանքներ) հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննության ընթացքում կատարված դատապայթյունատեխնիկական, դատահրդեհատեխնիկական և դատանյութագիտական համալիր փորձաքննության եզրակացության հետևությունների և քննչական փորձարարություն արդյունքների համադրությունը գործով ձեռք բերված այլ ապացույցների հետ հիմք է տվել հանգելու եզրակացության, որ մեթան գազով լիցքավորված փուչիկները պայթել են փուչիկների տեղակայման հատվածում առաջացած պայթյունավտանգ խառնուրդի և պայթյունի գործոնների, մասնավորապես` բարձր ջերմաստիճանի և բաց կրակի ներգործությունից: Պայթելուց հետո փուչիկների ռետինե մնացորդները բռնկվել են` առաջացնելով հրդեհի լոկալ օջախներ, ընդ որում, վերը նշված պայթյունավտանգ խառնուրդն առաջացել է փուչիկներից մեթան գազի արտահոսքի հետևանքով, իսկ խառնուրդի բոցավառումը հարուցվել է բաց կրակի աղբյուրից, ինչպիսին է այրվող լուցկին, կրակայրիչն և այլն:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է Երևան քաղաքի բնակիչ Սերոբ Հրաչիկի Բոզոյանը, որը Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում 2012թ. մայիսի 4-ին կայանալիք զանգվածային միջոցառման կազմակերպիչներից 2012թ. մայիսի 3-ին ստանալով երկինք բաց թողնելու համար նախատեսված 7.000 հատ փուչիկներ լիցքավորելու պատվեր, սպառման համար անվտանգ հելիում գազի փոխարեն փուչիկները լիցքավորել է սեղմված բնական (մեթան) գազով, նախապես իմանալով, որ այրվող գազ հանդիսացող, որպես այլընտրանքային վառելիք տրանսպորտային միջոցների ներքին այրման շարժիչների համար կիրառվող սեղմված բնական (մեթան) գազը օդի հետ շփվելիս վեր է ածվում պայթյունավտանգ խառնուրդի, որն էլ բաց կրակի դեպքում առաջացնում է պայթյուն:
Հատկանշական է, որ համաձայն նախաքննության տվյալների` Սերոբ Բոզոյանը, հանդիսանալով առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մասնավոր անձ, 2012թ. հունվար ամսից սիստեմատիկնաբար զբաղվել է իր իսկ կողմից գազով լիցքավորվող փուչիկների մանրածախ առևտրով, որն իրականացրել է մայրաքաղաքի տարբեր հասարակական վայրերում, ընդ որում, բոլոր դեպքերում փուչիկները տնայնագործական եղանակով ու նույնաբնույթ սարքերի կիրառմամբ լիցքավորել է սեղմված բնական (մեթան) գազով, այն նախապես մասնավոր կարգով ձեռք բերելով տարբեր ավտոմեքենաների վարորդներից:
Տվյալ դեպքում ևս Սերոբ Բոզոյանը նույն եղանակով տարբեր աղբյուրներից ձեռք բերելով պատվերի կատարման համար անհրաժեշտ քանակի մեթան գազ, այն տեղափոխել է իր ընկերոջը պատկանող` Երևան քաղաքի Լեոյի փողոց, 60 հասցեում գտնվող տուն, որտեղ էլ 2012թ. մայիսի 4-ին սեղմված բնական (մեթան) գազով լիցքավորել է շուրջ 7 հազար հատ փուչիկներ և նույն օրը` ժամը 17-ի սահմաններում դրանք տեղափոխելով «Հանրապետության հրապարակ» մետրոկայանի հարևանությամբ գտնվող տարածք, իրացրել, հանձնելով պատվիրատուներին, որի դիմաց նրանցից առձեռն ստացել է վերջնական հաշվարկով 770.000 դրամ կանխիկ գումար:
Այնուհետև փուչիկները բաժանել են միջոցառման մասնակիցներին, ովքեր դրանք տեղափոխել են Հանրապետության հրապարակ, որտեղ երեկոյան ժամը 19-ի սահմաններում փուչիկները բռնկվել, պայթել են` միջոցառման մասնակիցներից 228 մարդկանց պատճառելով տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ, այդ թվում` 2 մարդու առողջությանը պատճառվել է ծանր վնաս, 60 մարդու առողջությանը` միջին ծանրության վնաս, 126 մարդու առողջությանը` թեթև վնաս և 40 մարդու առողջությանը` առանց առողջության կարճատև քայքայման հատկանիշների մարմնական վնասվածքներ:
Սերոբ Բոզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որը քրեական պատասխանատվություն է սահմանում անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելու կամ իրացնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու համար, որով անզգուշությամբ վնաս է պատճառվել երկու կամ ավելի անձանց առողջությանը:
Որոշակի համադրումների պարագայում պայթյունավտանգ մեթան գազի անարգել շրջանառության, դրա անվերահսկելի իրացման, ձեռք բերման, փոխադրման ու օգտագործման հանգամանքները, որպիսիք տվյալ դեպքում առկա են Սերոբ Բոզոյանի և վերոհիշյալ առումներով դեպքին առնչված այլ անձանց գործողություններում, դուրս են մնացել քրեաիրավական որակման շրջանակներից այն պատճառով, որ թեև ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի` 2003թ. մայիսի 27-ի N 524-Ն հրամանով հաստատված հրդեհային անվտանգության կանոնների 13-րդ կետի համաձայն` «Զանգվածային միջոցառումներ անցկացնող օբյեկտները և անձինք միջոցառումներ անցկացնելուց առաջ ապահովում են հրդեհային անվտանգության սահմանված պահանջները», սակայն ՀՀ գործող օրենսդրությունը չի ամրագրում մեթան գազի փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոններ, որի պատճառով քննության առնված սույն մասնավոր դեպքում հնարավոր չի եղել փուչիկները մեթան գազով լիցքավորած կամ դրանք Հանրապետության հրապարակ տեղափոխած անձանց արարքները որակել ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով, իսկ ընդհանուր առմամբ բացակայում է քննարկվող ոլորտում հանրավտանգ հետևանքների կանխարգելման և դրանց առաջացմանը նպաստող պայմանների վերացման նպատակով քրեաիրավական միջոցներ ձեռնակելու հնարավորությունը:
Նախաքննության շրջանակներում իրականացված ուսումնասիրությունները վկայում են նաև, որ մեթան գազին վերաբերող ստանդարտների, դրա արտադրության, պահպանման, փոխադրման և օգտագործման անվտանգության ՀՀ տարածքում գործող կանոնները խիստ թերի են, չեն ներառում մեթան գազի փաստացի օգտագործման բոլոր ոլորտները, բացակայում են մեթան գազի համապատասխանության գնահատման բնագավառում տեխնիկական կանոնակարգերը, հստակ ամրագրված չէ մեթան գազին առնչվող ծառայություններ մատուցող, աշխատանքներ կատարող և արտադրանք իրացնող սուբյեկտների և վերահսկողություն իրականացնող մարմինների շրջանակը:
«Տվյալ իրողությունը խիստ մտահոգիչ է հաշվի առնելով ազգաբնակչության կողմից գազով լիցքավորված փուչիկների սպառման տարածվածությունը` սկսած մանրածախ առևետրի բազմաթիվ անարգել դեպքերից մինչև դրանց մեծաքանակ կիրառումը զանազան հանդիսությունների ու այլ զանգվածային միջոցառումների ժամանակ տարբեր ժամանցային ու հասարակական վայրերում, ինչի կապակցությամբ մեթան գազի շրջանառության ու կիրառման նկատմամբ ներկայացվող պահանջները և համապատասխան ոլորտներում վերահսկողական գործառույթներ իրականացնելու փաստացի առկա վիճակը ստեղծում է հրդեհային վտանգների նախադրյալներ և իրական սպառնալիք քաղաքացիների կյանքին ու առողջությանը:
Այսպիսով, հիմք ընդունելով կատարված նախաքննության արդյունքները և նկատի ունենալով տեղի ունեցած նախադեպը, անհրաժեշտություն է առաջանում ձեռնարկելու համապատասխան միջոցներ նմանօրինակ դեպքերին նպաստող հանգամանքները բացառելու ուղղությամբ, ինչը ենթադրում է տվյալ ոլորտում գործող նորմատիվ պանանջների արդիականացում և հստակեցում, ոլորտում (անկախ սեփականության ձևից) համապատասխան գործառույթներ իրականացնող աշխատողների պարտադիր հրահանգավորում և լիցենզավորում, վերահսկողական գործառույթների կազմակերպման ու իրականացման պատշաճ մակարդակի ապահովում:
Միևնույն ժամանակ, նկատի ունենալով զանգվածային միջոցառումների ընթացքում ազգաբնակչության կյանքի և առողջության անվտանգության ապահովման առաջնահերթ անհրաժեշտությունը, վերանայման կարիք ունի զանգվածային միջոցառումների կազմակերպման ու անցկացման գործընթացները կանոնակարգող նորմատիվ բազան` այդպիսի միջոցառումների կազմակերպման, արտոնման ու անցկացման համար պատասխանատու անձանց շրջանակը և անվտանգության ապահովման նկատառումով նրանց ներկայացվող պահանջները հստակ ամրագրելու, համապատասխան պահանջների կատարման նկատմամբ պատշաճ կանոնակարգված վերահսկողություն իրականացնելու առումով` ապահովելով սահմանված կանոնակարգերի միատեսակ կիրառումը հանրապետության ողջ տարածքում:
Ելնելով վերոգրյալից` խնդրում եմ հիմնախնդրի կարգավորման նպատակով իրավասու մարմիններին տալ համապատասխան հանձնարարականներ»,- նշված է միջնորդագրում:
Զանգվածային միջոցառումների անվտանգ կազմակերպման և արտոնման, պատասխանատու անձանց շրջանակը և անվտանգության ապահովման նկատառումով նրանց ներկայացվող պահանջները հստակ ամրագրելու և վերահսկելու վերաբերյալ միջնորդագիր է ներկայացվել նաև Երևանի քաղաքապետին:

Տեսանյութեր

Լրահոս