Ֆրանսահայերը դատապարտել են Փարիզում ադրբեջանական մշակութային կենտրոն հիմնելու օրինագիծը

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհուրդը դատապարտել է ֆրանսիական կառավարության ներկայացրած օրինագիծը` Փարիզում ադրբեջանական մշակութային կենտրոն հիմնելու վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է Nouvelles d’Arménie-ին, Համակարգման խորհրդի տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Ժան- Մարկ Էրոն (վարչապետ) և Լորան Ֆաբիուսը (ԱԳ նախարար) հուլիսի 25-ին Նախարարների խորհրդին են ներկայացրել մի նախագիծ, որը թույլ կտա ադրբեջանական դիկտատուրային մշակութային կենտրոն հիմնել Փարիզում: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհուրդը զարմացած է, որ այս նախագծին ֆրանսիական նոր կառավարության կողմից նման հրատապություն է տրվում, որ այն անհրաժեշտ է համարվել ներառել օրակարգում: Ի՞նչ է, Ֆրանսիայում այլ առաջնահերթություններ չկա՞ն»:
Խորհուրդը հիշեցրել է, որ Ալիևների դինաստիայի երկաթյա ձեռքով կառավարվող Ադրբեջանը դասվում է այն երկրների շարքին, որը մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության կողմից մշտապես քննադատվում է մարդու ազատությունների ոտնահարման, ռասիստական ու ոչ ժողովրդավարական դրսևորումների համար:
«Լեռնային Ղարաբաղի դեմ հայատյաց պատերազմից հետո Բաքուն ավելացնում է սպառնալիքները ոչ միայն այս հանրապետության, այլև աշխարհի բոլոր հայերի նկատմամբ, որոնց նախագահ Ալիևն անամոթաբար ապրիլի 16-ի իր սկանդալային ելույթում անվանեց իր երկրի թշնամիներ»,- ասվում է հայտարարության մեջ:
Հաշվի առնելով այս ամենը` Համակարգման խորհուրդը զարմանալի ու վրդովեցուցիչ է համարում Ֆրանսիայի շտապողականությունը` օրակարգում ներառել կենտրոն հիմնելու մասին օրինագիծը (միգուցե քարոզչակա՞ն կենտրոն- նշվում է հայտարարության մեջ) և ներկայացնել նոր խորհրդարանին:

Տեսանյութեր

Լրահոս