Բաժիններ՝

Ռուսական «գրաքննություն»

Ռուսաստանում ուժի մեջ է մտել կայքերի «սև ցուցակ» կազմելու մասին օրենքը: Այս մասին այսօր տեղեկացնում է pravoslavie.ru կայքը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հակաիրավական բովանդակություն ունեցող կայքերի և դոմենների միասնական ցուցակ կազմելու մասին օրենքը: Ավելի վաղ, «Российская газета»-ն տեղեկացրել էր, որ հակաիրավական բովանդակությամբ կայքերի և դոմենների միասնական ռեեստրը կստեղծվի այս տարվա նոյեմբերից: Օրենքով նախատեսվում է ստեղծել երեխաների համար վտանգավոր տեղեկատվություն պարունակող կայքերի, էջերի և ցանցային հասցեների «սև ցուցակ»: Այդ ցուցակում առաջին հերթին կհայտնվեն մանկական պոռնոգրաֆիա տարածող, ինքնասպանություն գործելու ձևերով, կոչերով հանդես եկող, ինչպես նաև թմրանյութերի պատրաստման, վերամշակման և օգտագործման հրահանգներներ պարունակող կայքերը: Վերահսկողական մարմինը, որը տվյալ դեպքում կլինի «Ռոսկոմնադզորը», կպարտավորեցնի շահույթ չհետապնդող կազմակերպությանը` ռեեստրի օպերատորին, հակաիրավական տեղեկատվություն պարունակող կայքերի մոնիթորիգ անցկացնել: Նման կայքերի հայտնաբերման դեպքում կազմակերպությունը կփոխանցի տվյալները վերահսկող մարմնին, որն էլ իր հերթին կզգուշացնի ինտերնետային ռեսուրսի սեփականատիրոջը` անօրինական կոնտենտի համար: Եթե մեկ օրվա ընթացքում սեփականատերը չարձագանքի կամ չհանի նյութը, դա կանի հոսթինգ-պրովայդերը: Իսկ եթե պրովայդերն էլ ոչինչ չի անում, այդ դեպքում կայքը հայտնվում է «սև ցուցակում», ինչից հետո մեկ օրվա ընթացքում ինտերնետ մատակարարող կապի օպերատորը պարտավոր է սահմանափակել ռեսուրսի հասանելիությունը: Ռեեստր մտցնելու որոշումը կարելի է բողոքարկել դատարանում: Վերահսկող մարմինը կամ ռեեստրի օպերատորը վտանգավոր տեղեկատվությունը հանելուց ոչ ուշ քան 3 օրում «սև ցուցակից» պետք է հանի կայքը` սեփականատիրոջ դիմումի համաձայն, ինչպես նաև` դատարանի որոշմամբ: Որոշումը դատարանում հնարավոր է բողոքարկել տեղեկատվական արտադրանքի քննության արդյունքների հիման վրա: Վերահսկող մարմինը կհետևի նաև ինտերնետում պատերազմի պրոպագանդայի, էթնիկ ատելության հրահրման վերաբերյալ հակաիրավական տեղեկատվության տարածմանը: Հասարակական կազմակերպությունները իրավունք ունեն հասարակական վերահսկողություն սահմանել` թեժ գծի միջոցով: Օրենքի մեկ այլ դրույթի համաձայն, տեղեկատվությունն այն մասին , որ ֆիլմը կամ հաղորդումւը խորհուրդ չի տրվում մինչև որոշակի տարիքի երեխաներին, պետք է դրվի ոչ միայն ցուցադրման սկզբում, այլև գովազդային դադարից հետո: Բացի այդ, փաստաթուղթը պարտովորեցնում է հեռուստառադիոհաղորդումների և վեբ-կայքերի տարիքային սահմանափակումների պարտադիր դրոշմավորում : Հիշեցնենք, որ օրինագիծը սկզբնական փուլում բողոքի ալիք էր բարձրացրել ինտերնետ հասարակության շրջանում: Ռուսալեզու Վիքիփեդիան մեկօրյա բողոքի ակցիա էր արել` չաշխատելով: Այնուհետև իրենց բողոքն էին արտահայտել LiveJournal-ը, «Вконтакте»-ն ու «Яндекс»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս