Ինչո՞ւ է թաքցվում գազի «գործը»
Այն, որ Ռուսաստանը նախորդ տարվա կեսից բարձրացրել է Հայաստան մատակարարվող գազի գինը, արդեն փաստ է, որը հերքելը արդեն ոչ միայն անիմաստ է, այլև ծիծաղելի։ ՊԵԿ մաքսային ծառայության հրապարակած կիսամյակային տվյալներից հստակ երևում է, որ Ռուսաստանից ներմուծվող գազի 1000խմ արժեքը կազմել է 219 ԱՄՆ դոլար։ Հիշեցնենք, որ պաշտոնական հայտարարությունների համաձայն` «Գազպրոմը» գազը Հայաստանին վաճառում է 180 դոլարով։
Այս ամբողջ ընթացքում, երբ լրագրողները խոսում էին այս մասին, իշխանություններն ու «ՀայՌուսգազարդի» ղեկավարությունը հայտարարում էին, թե նման բան չկա, և Հայաստանին մատակարարվող ռուսական բնական գազի գնի շուրջ «Գազպրոմի» հետ բանակցություններն ընթացքի մեջ են:
Որ կառավարությունը պարզապես ստում էր, երևում է` ոչ միայն մաքսային ծառայության տվյալներից։ Օրինակ, ՍիվիլՆեթի հարցմանը, թե Հայաստանը ներկայում ինչ գնով է ներկրում ռուսական գազը, «Գազպրոմի» մամուլի ծառայությունից պատասխանել են. «Ներկայում կողմերն աշխատում են «Գազպրոմէքսպորտի» և «ՀայՌուսգազարդի» միջև 2008թ. հուլիսի 2-ի պայմանագրի լրացման համաձայն, որը ստորագրվել է 2012թ. մայիսին: Փաստաթղթով սահմանված է Հայաստան առաքվող գազի գինը, ինչը տնտեսվարող սուբյեկտների առևտրային գաղտնիքն է»։ Այսինքն դեռ մայիսին արդեն իսկ բանակցություններն ավարտված են եղել, գազի գինն էլ` որոշված։
Այժմ էլ շրջանառվում է այն տեղեկատվությունը, որ այս տարվա հոկտեմբերի 1-ից Հայաստան մատակարարվող գազի գինը դառնալու է 280 դոլար, իսկ հաջորդ տարվա սկզբից` 320։ Բնականաբար, եթե հայրենի իշխանությունները համառորեն հերքում էին արդեն իսկ առկա թանկացումը, սպասվող թանկացումն առավելևս կհերքեն։
Առաջին հայացքից` իշխանությունների գործելաոճն անհասկանալի է` ինչո՞ւ են հերքում, եթե վաղ թե ուշ պարզվելու է իրականությունը։ Պատասխանը գտնելը դժվար չէ։ Եթե հայտարարվեր գազի թանկացման մասին, ապա առաջ էր գալու հաջորդ հարցը` իսկ ինչո՞ւ «ՀայՌուսգազարդը չի թանկացնում Հայաստանի ներսում իր կողմից մատակարարվող գազի գինը և վնասով է աշխատում (հիշեցնենք, որ մոնոպոլիստը 2011 թվականը փակել է շուրջ 15 միլիարդ դրամ վնասով)։ Եվ այդ դեպքում արդեն դժվար կլիներ համոզել, որ այս ամենը կապ չունի տեղի ունեցած խորհրդարանական և սպասվող նախագահական ընտրությունների հետ։
Այժմ ամեն ինչ «ջրի երես է» դուրս եկել։ Ստելն այլևս իմաստ չունի։ Ստելու փոխարեն` լռում են և խոսում այն մասին, որ կառավարությունը կթեթևացնի գազի թանկացման բեռը։ Այսինքն՝ կսուբսիդավորի գազի գնի մի մասը։ Սա ոչ պակաս ցինիզմ է, քան լռելը։ Որովհետև այդ սուբսիդավորումը կատարվելու է ոչ թե պաշտոնյաների գրպանից, այլ պետության, կամ, որ նույնն է` հարկատուների միջոցներից։ Այսինքն` բնակչության փողերով նույն բնակչությանը լավություն են անելու։