0,14 ք/մ քարե պարիսպը տեղաշարժելու համար «Օրրանի» վեճը տևեց 4 տարի

Հուլիսի 24-ին վերջապես որոշում կայացվեց մի գործով, որում պատասխանող կողմ է հանդես գալիս «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը (բհ/կ), իսկ գործը տևում է արդեն 4 տարի: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.07.2008թ. որոշմամբ վարույթ է ընդունվել Ազատ Հայկի Աբրահամյանի հայցն ընդդեմ «Օրրան» կազմակերպության` ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասը փաստացի առանձնացված սահմաններով առանձնացնելու պահանջի մասին։ Դատարանի 11.11.2008թ. որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական և հողաշինական փորձաքննություն, իսկ գործի վարույթը կասեցվել է մինչև փորձագիտական եզրակացություն ստանալը։

 

Տվյալ գործով փորձագետների թիվ 45760807 եզրակացությունը ստացվել է միայն 2009թ. սեպտեմբերին, շուրջ մեկ տարի հետո, որի ընթացքում գործով վարույթը կասեցվել է: Դատարանի 2009թ. հոկտեմբերի որոշմամբ վարույթը վերսկսվել է: 2010թ. որոշմամբ «Հերմեկ» ՍՊԸ-ն ներգրավվել է որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ։ Նշանակվել է լրացուցիչ դատաշինարարատեխնիկական և հողաշինական փորձաքննություն, իսկ վարույթը կրկին կասեցվել է մինչև փորձաքննության եզրակացություն ստանալը։ 08.06.2012թ. որոշմամբ (նիստի արձանագրություն) «Հերմեկ» ՍՊԸ-ն հանվել է դատավարության մասնակիցների ցանկից։ 2011թ. մարտին դատարանում ստացվել է փորձագետի 09.03.2011թ. եզրակացությունը, և վարույթը վերսկսվել է։ Թե ինչ է տեղի ունեցել գրեթե մեկուկես տարի ընթացող դատական նիստերի ժամանակ, պարզ չէ, քանի որ սա «գործ է մի աննշան պատմության մասին»: Այսպես, 1-ին Եկմալյան 6/1 հասցեում տեղակայված «Օրրան» բհ/կ-ն և նույն հասցեում գտնվող տան սեփականատեր Ազատ Աբրահամյանը հանդիսանում են 210 քմ տարածքով հողի համասեփականատերեր: 2008թ. Աբրահամյանը դիմել է դատարան`հողամասից առանձնացնելու իրեն պատկանող 105 քմ բաժնեմասը, առաջացել է վեճ: Հայցվորը դատարանին հայտնել է, որ ինքը և պատասխանողը հանդիսանում են 1-ին Եկմալյան փողոցի թիվ 6 հասցեում գտնվող հողամասի սեփականատերը։ Այդ հողամասի վրա են կառուցված կողմերի շինությունները և բնակելի տները, որի վերաբերյալ առկա են սեփականության իրավունքի գրանցման վկայականները։ Հողամասը կողմերի միջև փաստացի բաժանված, սահմանազատված և առանձնացված է։ Ներկայումս հայցվորը ցանկանում է առանձնացնել իր բաժնեմասը, սակայն չի կարողանում, քանի որ հողամասի մակերեսը կադաստրի կողմից սխալ է նշվել, ինչի արդյունքում նրա մասը պակասել է և դարձել 104,86 քմ, իսկ պատասխանողի բաժնեմասն ավելացել է։ «Օրրանը» պնդում էր հակառակը, թե, իբր, հայցի առարկան անտեսում է օրենքի պահանջը, քանի որ առաջարկվում է ընդհանուր բաժնային սեփականությունը բաժանել ոչ թե հավասարության սկզբունքով, այլ փաստացի գոյություն ունեցող պարսպի սահմանով, որի հետևանքով պատասխանողի բաժինը կլինի ոչ թե 105 քմ, այլ մոտ 60 քմ, ինչը պարզ երևում է հենց փորձագետի կողմից կազմված նախագծից։ Բանն այն է, որ քարե պարիսպը, որը հայցվորը համարում է ընդհանուր հողամասի փաստացի առանձնացման սահման, պատասխանողի` «Օրրանի» կողմից կառուցված է եղել միայն այն նպատակով, որպեսզի հայցվորին պատկանող շինությունը վտանգ չներկայացնի «Օրրան» բհ/կ-ի շահառուների` երեխաների և տարեց մարդկանց համար։ Այդ պարիսպը ընդհանուր սեփականությունը բաժանելու նպատակ չի ունեցել ու չի կարող դիտվել այդ տեսանկյունից։ Այս գործում զավեշտալին այն է, որ այսքան տարիներ շարունակ, փաստորեն, կողմերը վիճում էին 0,14 քմ քարե պարիսպը տեղաշարժելու համար: Իսկ այդ ընթացքում «Հերմեկ» ՍՊԸ-ն հասցրել էր տարածքի մեծ մասն իրացման գոտի ճանաչելու միջոցով քանդել ու ստեղծված վեճն ավելի խճճել: Ինչևէ, հարցը լուծվեց օրենքի գերակայությամբ`ընդհանուր բաժնային սեփականությունը, որի սեփականատերերը երկուսն են հանդիսանում, բաժանվեց երկու հավասար մասերի`պայմանով, որ 0,14 քմ քարե պարիսպը կտեղաշարժվի այնպես, որ երկու կողմերի տարածքը կդառնա հավասար` 105 քմ, իսկ Ազատ Աբրահամյանի պահանջը`հողամասից առանձնացնել իր բաժին 105 քմ-ն, փաստորեն, ամբողջությամբ բավարարվեց:

Տեսանյութեր

Լրահոս