«Պետք է զինվորի դեմքին նայել»

Բանակում տիրող բացթողումների, ձեռքբերումների, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի մասին զրուցեցինք  հոգեբանական գիտությունների թեկնածու, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ

– Ձեր կարծիքով` ինչքանո՞վ է կարևոր զինվորի բարոյահոգեբանական վիճակը, և ի՞նչ է կախված դրանից:

– Զինվորի բարոյահոգեբանական վիճակից կախված է բանակի մարտունակությունը, բանակի` պատերազմում հաղթելու-չհաղթելու խնդիրը: Մենք ապրում ենք հրադադարի պայմաններում: Հրադադարը պատերազմի պասիվ փուլ է, այլ ոչ թե խաղաղություն: Հրադադարը միշտ էլ  հարաբերական է: Բայց անգամ այդ հարաբերական խաղաղությունն ունենալու համար` զինվորի բարոյահոգեբանական վիճակը պետք է կայուն լինի: Մթնոլորտը  տվյալ զորամասում պետք է լինի առողջ: Մարտական խնդրի արդյունավետությունն ուղիղ համեմատական է այն բարոյահոգեբանական մթնոլորտին, որն առկա է տվյալ ստորաբաժանման մեջ: Իսկ այդ մթնոլորտը պետք է լինի առողջ:

– Ըստ Ձեզ`  այժմ բանակում  առողջ մթնոլո՞րտ է տիրում:

– Ներկայիս բանակում մենք ունենք խնդիրներ: Բայց մենք ներկայիս բանակում ունենք նաև ամենօրյա հերոսության դրվագներ: Որպեսզի մենք օբյեկտիվ լինենք, չպետք է ընկնենք երկու ծայրահեղությունների մեջ` ցուցադրենք միայն բանակի առավելությունները կամ թերությունները: Իդեալական ոչինչ չկա: Մենք այսօր խնդիր ունենք երևույթն անաչառ, ճիշտ լուսաբանելու: Մենք պետք է ցուցադրենք այն, ինչ ունենք: Մենք պետք է ցուցադրենք այն մարդկանց, ովքեր ամեն օր իրենց կյանքը վտանգում են մեր խաղաղության համար: Այս ամենի կողքին` մենք պարտավոր ենք նաև ցուցադրել գրագետ վերլուծված պրոբլեմը:

– Իսկ այսօր որո՞նք են բանակի խնդիրները:

– Ես համակարգային խնդիրներ առաջ քաշելու կողմնակից եմ: Երբ մենք արձանագրում ենք որևէ խնդիր, մենք պետք է հասկանանք, որ այդ խնդիրն առանձին վերցված վերացական մի իրականություն չէ: Խնդիրը համակարգային բնույթ ունեցող ավելի ընդգրկուն խնդիրների ամբողջություն է: Դրանք պետք չէ առանձին վերցնել և ուսումնասիրության առարկա դարձնել: 20 տարվա բանակի կյանքի ընթացքում մենք պետք է օբյեկտիվորեն ունենայինք ինչ-որ ձեռքբերումներ, և պետք է լինեին ինչ-որ խնդիրներ, որոնք նոր պետք է լուծվեին:  Մենք ի՞նչ ենք արել և ի՞նչ խնդիրներ ունենք: Առաջինը`մենք կարողացել ենք կայացնել մեր սպայակազմը: Մենք ունենք ռազմական ուսումնական հաստատություններ, և մեր բոլորի՝ փորձագետների, խելացի, կիրթ մասնագետների առաջնային խնդիրը պետք է լինի որոկյալ սպայական կազմ ստանալը:

– Կարո՞ղ ենք ասել, որ մեր սպայական կազմը կայացած է:

– Մեր սպայակազմը`իբրև սպայական կորպուս, այս 20 տարիների ընթացքում կարողացել ենք ձևավորել: Կարող ենք ասել, որ մեր սպայական կորպուսը կայացած է: Սպայակազմի հետ կապված` մեր խնդիրները վերաբերում են դասակ-վաշտ օղակին: Գումարտակի տեղակալների օղակն էլ է կայացած: Բայց արդեն ավելի ներքևում մենք խնդիր ունենք: Իսկ որպեսզի մենք այդ ճիշտ սպայական կազմ ընտրելու խնդիրը չունենանք, պետք է զինվորականի մասնագիտությունը գրավիչ դարձնենք:

– Ի՞նչ քայլեր պետք է կատարել  զինվորականի մասնագիտությունը գրավիչ դարձնելու համար:

– Առաջին հերթին` նյութական ապահովության խնդիրն է: Այսօր զինվորականությունը բարձր է վարձատրվում: Բայց, այնուամենայնիվ, նյութական խնդիրներն ամենուր առկա են: Գոյություն ունի սոցիալական ապահովության համակարգ: Անհրաժեշտ է պետության հնարավորություններին զուգահեռ զինծառայողների սոցապահովման համակարգն ավելի գրավիչ դարձնել: Տրամադրել առավել մեծ արտոնություններ, դրամական բավարարումն ավելի մեծ պետք է լինի: Սա կապվում է պետության հնարավորությունների հետ: Այսինքն` սպան կիմանա, որ իր երեխան կարող է զեղչով սովորել որևէ ուսումնական հաստատությունում, որոշակի ժամանակ հետո նրան կտրամադրվի բնակարան, և այլն: Դրանք այսօր էլ կան, բայց միշտ ցանկալի է, որ ավելի շատ լինեն:

– Շատ են հնչում տեսակետներ, թե բանակը կատարելագործելու համար  ժամանակ է անհրաժեշտ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ուզենք թե չուզենք, միևնույն է` ժամանակի խնդիրը կա: Եթե ասենք` ժամանակի անհրաժեշտություն չկա, միևնույն է, ժամանակ պետք է: Եթե մենք խնդրով զբաղվում ենք, ուրեմն իրավունք չունենք տրվել պոպուլիզմի: Ինձ համար ամենազզվելի բանը մերկապարանոց պոպուլիզմն է: Մենք իրավունք չունենք ասել ականջի համար գրավիչ խոսքեր: Մենք պետք է արդյունք ստանանք: Հարց է առաջանում. ինչո՞ւ է Լեռնային Ղարաբաղն այսօր պատերազմի մեջ:  Վերջին ժամանակներս Արցախի բանակում  կատարվել են համակարգային փոփոխություններ: Այսօր Արցախի բանակը դարձել է առավել մարտունակ և պատրաստ է ակտիվ պաշտպանության: Ակտիվ պաշտպանությունը ենթադրում է՝ կասեցնել հարձակումը, անցնել հակահարձակման: Այսօր Արցախի բանակում կան հակահարձակողական խմբավորումներ: Սրան մենք հասել ենք: Այն պահանջները, որ դրվել են 20 տարվա բանակի առաջ, մենք ունենք: Օրվա հրամայականն այսօր սա է. սերժանտական ինստիտուտի զարգացումը և սպայական կազմի որակի բարելավումը:

– Ինչպիսի՞ն է զորամասում զինվորի հոգեբանական վիճակը:

–  Նախ` հոգեբանական ադապտացիայի պրոբլեմ կա: Այսինքն` երբ զինվորն իր միջավայրը փոխում է, հայտնվում է զորամասում, նրա պատկերացումները փոքր-ինչ այլ են: Մինչ բանակում հայտնվելը նա բանակի մասին պատկերացում կազմել է ընկերների, ծանոթների պատմությունների հիմքում: Այդ պատկերացումները կարող են իրականությանն այս կամ այն չափով համապատասխանել:  Բայց, ամեն դեպքում,  նոր, անկանխատեսելի, անծանոթ է իրականությունը: Նման դեպքերում առաջ է գալիս հոգեբանական ադապտացիայի խնդիրը: Այսինք` անցում է կատարվում քաղաքացիական կենսակերպից` զինվորական կենսակերպի: Պետք է ապրել ռեժիմով, զրկվել  քաղաքացիական որոշ բարիքներից, անցնել ինքնուրույն կյանքի: Հասկանալ, որ  թիկունքին այլևս  ծնողներ կանգնած չեն: Սրանք կարևոր խնդիրներ են, քանի որ առաջին խնդիրը, որի առաջ կանգնում է զինվորը` հոգեբանորեն նոր միջավայրին հարմարվելն է: Կա օրինաչափություն. հիմնական մասը կարողանում է հարմարվել, ստեղծված իրավիճակում ձևավորել  նոր վարքի մոդել: Սա է զորակոչային բանակի օրինաչափությունը: Միշտ էլ երիտասարդներ են լինում, ովքեր դժվար են հարմարվում: Պատճառները տարբեր են: Ոմանք կարգուկանոնին դժվար են տրվում, ոմանց էլ խանգարում է ծնողների, հատկապես` մայրերի ուշադրությունը:

– Ինչպե՞ս է դաստիարակվում զինվորի մարտական ոգին:

– Կան երևույթներ, մարդիկ, ովքեր բանակին, զինվորներին ոգի և հզորություն են հաղորդում: Զինվորը տեսնում է, որ իր վերադասը գնում է սահման, կատարում է որոշակի գործողություն և առողջ հետ է վերադառնում: Զինվորը համակվում է վստահությամբ, հպարտությամբ` հանդեպ իր վերադասը: Չինարի գյուղի մոտակայքում մի հենակետ կա, որը շատ մոտ է թուրքի գյուղին և ադրբեջանական հենակետին, որտեղից հաճախ կրակում են մեր գյուղի վրա: Օրեր առաջ այդ հենակետում էի: Թուրքի հենակետից անասնական ոռնոց էր գալիս: Այդ ձայներից մարմնովդ սարսուռ է անցնում: Մթություն է, գիտակցում ես, որ թշնամին` ատամները սրած, սպասում է: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են գոռում: Իմաստը գոռոցի, այն էլ` մթության մեջ, անհասկանալի է: Մեր զինվորականները դա հիմնավորում են` ասելով, որ այդ ոռնոցներով թշնամին փորձում է  իր մեջ սպանել վախը: Շատ դեպքերում այդպես բղավում են և հեռանում: Կանգնում են միմյանց առավել մոտ: Շատ տրամաբանական է, որ թշնամին այդպես իր վախն է հաղթահարում: Երբ կանգնում ես քո զինվորների առաջ, այդ 18-20 տարեկան տղաների, նրանց դեմքն անդորր է խորհրդանշում: Նրանք խաղաղ են: Կարելի է երկար-բարակ խոսել հայ զինվորի, նրա կամային որակների մասին, բայց այդ խոսքերը մի կողմ՚` պետք է զինվորի դեմքին նայել:

– Սակայն բանակում տեղի ունեցող սպանությունները նույնպես ազդում են զորակոչիկների հոգեբանության վրա, որոնց վստահություն չեն ներշնչում բանակում անվտանգ ծառայելու մասին տարբեր պաշտոնյաների հայտարարությունները: 

– Այստեղ մարդու դաստիարակության և արժեքային համակարգի հետ գործ ունենք: Կոնֆլիկտ ցանկացած վայրում էլ լինում է: Ասել, թե բանակում խնդիրներ չեն լինում, կամ՚ կարող ենք հասնել մի վիճակի, երբ խնդիրներ չեն լինի, իրատեսական չէ: Երբ որևէ դեպք է պատահում, մարդիկ մտածում են, որ հնարավոր է` նման բան իրենց հետ էլ կատարվի: Մանավանդ բանակ մեկնող զինվորները. Նրանց ծնողները մտածում են, որ նման բան կարող է նաև իրենց հետ պատահել: Բնականաբար, նման դեպքերում մարդիկ տագնապում են: Պետք է պարզապես իրավիճակը վերահսկելի լինի` ստորաբաժանումից մինչև գումարտակ , որպեսզի այդ կոնֆլիկտներն  անվերահսկելի չլինեն: Մենք պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ տղան զորակոչվում է բանակ 18 տարեկանում` սրված ինքնասիրության տարիքում: Սրվում է Ես-ը հաստատելու ցանկությունը, ամենաչնչին միջադեպը կարող է լուրջ պատահարի առիթ դառնալ: Իսկ ինչ վերաբերում է վերադասների սխալներին, ապա բոլոր այն սպաները, ովքեր վերջին տարիներին դատապարտվել են, հեռացվել են բանակից կամ քրեական պատասխանատվության են ենթարկվել, այդ մասին տեղեկություններ մատուցվում են: Որպեսզի բանակի հանդեպ հավատն ավելի ամրապնդվի, կասկածները փարատվեն, հարկավոր է, բացի պրոֆիլակտիկ աշխատանքներից, ի ցույց դնել կատարված աշխատանքը: Այդ պարագայում մարդիկ կհասկանան, որ կա պատահար, կա լուծում, կա պատիժ:

 

 

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս