Բաժիններ՝

Թամանյանի արձանը` մասնավոր սեփականությո՞ւն

Վերջին ամիսներին Սիրիայում սրված քաղաքական-իրավական դրության հետեւանքով բազմաթիվ հայ ընտանիքներ տեղափոխվել են Հայաստան: Նրանցից շատերը հայտնվել են օթեւան չունենալու խնդրի առջեւ, որի լուծման ուղղությամբ սկսել են գործունեություն ծավալել մի շարք կազմակերպություններ: Դրանցից մեկը` «Հայազն» միությունը, հուլիսի 20-ին դրամահավաք էր կազմակերպել` Ալ.Թամանյանի արձանի հարեւանությամբ փոքրիկ արկղ տեղադրելով: Հավաքին մասնակցում էին նաեւ սիրիահայեր, որոնք զրուցում էին կազմակերպիչների եւ հանգանակություն կատարող քաղաքացիների հետ, կիսվում իրենց խնդիրներով: Սակայն րոպեներ անց նրանց մոտեցավ Գաֆեսճեան կենտրոնի ներկայացուցիչը եւ հայտարարեց, որ տարածքը հիմնադրամի սեփականությունն է, ներառյալ` Թամանյանի արձանը, ուստի նախաձեռնության մասնակիցները պարտավոր են արձանի մոտից հեռացնել արկղը: Մինչդեռ «Հայազնի» առաջնորդ Արմեն Վարդանյանը իրավական հիմքեր էր պահանջում կենտրոնի անվտանգության ծառայության պետի անկիրթ եւ կոպիտ վերաբերմունքի, ինչպես նաեւ` իր հետ «դու»-ով խոսելու համար: Տարածքը հսկող Ոստիկանությունը պաշտպանում էր Գաֆեսճեան կենտրոնի աշխատակիցներին եւ փորձում խաղաղ բանակցությունների միջոցով տեղափոխել արկղը: Երիտասարդները համառեցին եւ ներկայացրեցին ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով իրենց իսկ քաղաքում տրված արտոնությունների մասին` նշելով, որ սա ընդամենը ակցիա է, որի տեխնիկական ապահովման համար արկղը տեղադրվել է քաղաքի կենտրոնական հատվածում: Ոստիկանության եւ Գաֆեսճեան կենտրոնի աշխատակիցները արկղը, ի վերջո, տեղափոխեցին արձանի դիմացի մայթեզրի վրա: Երեկ փորձեցինք ճշտել, թե ի՞նչ է նշանակում` «Թամանյանի անվան արձանը պատկանում է Գաֆեսճեան հիմնադրամին, եւ այնտեղ արկղ տեղադրելու իրավունք ոչ ոք չունի» արտահայտությունը: ՀՀ Մշակույթի նախարարությունից միայն պատասխանեցին, որ արձանը ներառված է Երեւանի անշարժ հուշարձանների ցանկում եւ պահպանվում է նախարարության կողմից, իսկ մնացած հարցերին չեն կարող պատասխանել: Երեւանի քաղաքապետարանի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության աշխատակից Սուրեն Մելիք-Քարամյանը պատասխանեց. «Իրոք, Թամանյան պուրակը, որն ավելի հայտնի է` որպես Կասկադ, գտնվում է Գաֆեսճեան կենտրոնի հսկողության տակ, իսկ այնտեղ կենտրոնի կողմից կառուցված նապաստակների, կատուների եւ այլ արձանները վերջինիս սեփականությունն են, սակայն, որքանով ինձ հայտնի է, հեղինակ Արտաշես Հովսեփյանի կողմից կառուցված Ալ. Թամանյանի արձանը պատկանում է պետությանը եւ գտնվում է Մշակույթի նախարարության պահպանության ներքո: Այլ բան է, որ հնարավոր է, որ հսկողությունը հանձնված լինի արվեստի կենտրոնին: Կասկածում եմ, որ այդ արձանը որեւէ մեկի սեփականությունն է»:


Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս