Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արցախի նախագահին՝ վերընտրվելու կապակցությամբ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախագահ Բակո Սահակյանին` նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հարգելի՛ պարոն Սահակյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Ձեր համոզիչ հաղթանակն ընտրություններում վերահաստատումն է Արցախի ժողովրդի պատմական ընտրության եւ անշրջելի ընթացքի՝ դեպի քաղաքական ազատություն, ժողովրդավարություն եւ ազգային ու համամարդկային արժեքների վրա հիմնված հասարակություն: Սա Հայաստանի, Արցախի եւ համայն հայության ընդհանուր ճանապարհն է: Մենք այն անցել ու անցնում ենք միասին:

Ի դեմս Ձեզ՝ Արցախի ժողովրդին մաղթում եմ առաջընթաց, բարեկեցություն եւ առկա մարտահրավերներին դիմակայում: Նաեւ մաղթում եմ խաղաղ երկինք, ինչը մեր բոլոր գալիք հաջողությունների գրավականն է»:

Նշենք, որ Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններում մեծ առավելությամբ հաղթել է պետության գործող նախագահ Բակո Սահակյանը: Նախնական տվյալներով` նա հավաքել է 47 հազ. 85 ձայն կամ ձայների  66,7%-ը: ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի  Բալասանյանը ստացել է 22 հազար 966 ձայն կամ  32,5 տոկոսը: Հայաստանի պետական ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը ստացել է 594 ձայն կամ ձայների 0,8 տոկոսը:

Տեսանյութեր

Լրահոս