2012 թ. Սեւանից ջրառը կկազմի 204 մլն խոր. մետր
2012 թ. Սեւանից ջրառը կկազմի 204 մլն խոր. մետր: ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային պետական կոմիտեն ՀՀ կառավարության հուլիսի 19-ի նիստի հաստատմանն է ներկայացրել որոշման նախագիծ, ըստ որի` Սեւանից պետք է բաց թողնվի 204 մլն խոր. մետր ջուր, թեեւ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում կատարված փոփոխության համաձայն` ջրառը 2012 թ. կարող է կազմել մինչեւ 320 մլն խոր. մետր:
Ըստ կառավարությանը ներկայացրած տեղեկանքի` Հրազդան գետի բնական հոսքերը նվազել են, ջրօգտագործողների պահանջարկը ջրի նկատմամբ աճել է, իսկ Ապարանի ջրամբարը չի կարող փոխհատուցել պակասուրդը:
Նշենք, որ հուլիսի կեսերին Հայաստանում առատ տեղումներ են գրանցվել, ինչի հետեւանքով հանրապետությունում սելավային երեւույթներ են արձանագրվել: Հետեւաբար` ջրամբարներում ջրի մակարդակը պետք է բարձրանար: Սակայն ջրային կոմիտեի ներկայացրած տեղեկանքում այդ մասին նշումներ չկան, այնուամենայնիվ, չի բացառվում, որ 320 մլն խոր. մետրի փոխարեն 204 մլն խոր. մետր ջրառի սահմանում բխում է հենց հուլիսյան տեղումների առատությունից: