Ձերբակալվել է ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին
Hetq.am-ի փոխանցմամբ` այսօր հերթական միջադեպն է գրանցվել Արմավիրի մարզում, ինչին ներգրավված է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին` Արտակ Գևորգյանը: Այս պահին ոստիկանության Արմավիրի վարչությունում վարչության պետ Արամ Զաքարյանի գլխավորությամբ խորհրդակցություն է: «Հետքի» տեղեկություններով՝ խորհրդակցությունը կապված է նշված դեպքի հետ:
Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, սակայն նշված չէ, որ միջադեպը տեղի է ունեցել պատգամավորի որդու մասնակցությամբ:
Ըստ հաղորդագրության, այսօր ժամը 03.35-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1987 թ. ծնված Վիրաբ Ա.-ն և հայտնել, որ անհայտ անձը «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից իջնելով՝ զենքի սպառնալիքով առևանգել է իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1982 թ. ծնված Արտակ Գ.-ն նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի մոտ իջնելով իր կողմից վարած «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից՝ ատրճանակի սպառնալիքով կանգնեցրել է Վիրաբ Ա.-ի կողմից վարվող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան և իջեցնելով վերջինիս ու նրա ուղևորին ու թողնելով «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենան` «ՎԱԶ 2106» ավտոմեքենայով հեռացել է:
Փաստով ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասի, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Արտակ Գևորգյանը ձերբակալված է:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ դեպքը դեղի է ունեցել պատգամավորին պատկանող գազալցակայանի մոտակայքում: Արտակ Գևորգյանը ցանկացել է լիցքավորել իր ավտոմեքենան, սակայն չի համբերել իր հերթին և որոշել է դիմել այդ քայլին:
Նշենք, որ Նահապետ Գևորգյանի որդին Արմավիրի մարզում միշտ աչքի է ընկել իր հակահասարակական և հակաօրինական վարքագծով, սակայն միշտ ջրից չոր է դուրս եկել: Նրա մասնակցությամբ այս տարվա ապրիլի 6-ին առևանգվեց և դաժան ծեծի ենթարկվեց Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Մերուժան Մխոյանը, էլ չենք խոսում մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Արտակ Գևորգյանի պահվածքի մասին, որն «աննկատ» էր մնում ոստիկանների աչքին: