ԲՀԿ-ն փորձելու է հեղաշրջման ծրագրե՞ր իրականացնել

Հուլիսի 12-ին «Արմնյուզ» հեռուստաալիքի «Բանաձև» հաղորդման հյուրն էր Դավիթ Շահնազարյանը: Հարցազրույցի ընթացքում նա մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել, որոնք էլ ներկայացնում ենք ստորև:
Պատասխանելով հարցին, թե ինչու որոշեց հեռանալ ՀԱԿ-ից, Դավիթ Շահնազարյանն ասել է. «Շատ պարզ պատճառով. այդ ընթացքում չէի ցանկանում հանդես գալ մամուլով, քանի որ ընտրություններին չէի մասնակցում, ընտրական գործընթացների սուբյեկտ չէի և համարում էի, որ հրապարակային իմ որևէ ելույթով կարող էի ինչ-որ կերպ ազդել ընտրական պրոցեսի վրա, այդ իսկ պատճառով ձեռնպահ մնացի:
Ավելացնեմ` կես տարի մամուլով հանդես չէի եկել, վերջին անգամ դեկտեմբերի 8-ին եմ հանդես եկել, և «Ազատություն» ռադիոկայանին տված իմ հարցազրույցում` ՀԱԿ-ից հեռանալու վերաբերյալ, ես ասել եմ ընդամենը մեկ նախադասություն: Առաջ եմ քաշել իմ տեսակետը` ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ, բայց հիմա տեղի է ունենում մի գործընթաց, որի պատճառը հայտնի է. երբ, ըստ էության, պատասխաններ չունեն կամ չեն ուզում, որպեսզի քննարկվեն իմ կողմից բարձրացված հարցերը, փորձում են քննարկման առարկա դարձնել իմ անձը:
Ես ցանկանում եմ ասել, որ բուն պատճառների մասին ես առայժմ չեմ խոսել: Բայց դեռ բոլոր անհեթեթությունները չեն ասվել, ժամանակ տանք, որ դրանք էլ ասվեն: Սա հին ձև է` խուսափելու հարցի շուրջ քննարկումներից: Բայց, այնուամենայնիվ, հուսով եմ, որ մոտ ապագայում նման քննարկում տեղի կունենա:
Այսօր կուզենայի հավելել նաև, որ հնչեցրել են գնահատականներ, թե` «հասարակությունը ինձ լավ գիտի…»: Այո՛, ես հուսով եմ, որ հասարակությունը ինձ շատ լավ գիտի: Իմ ողջ կյանքը, գործունեությունս` սկսած 1988-ից, եղել է բաց, ես թաքցնելու ոչինչ չունեմ, ի տարբերություն որոշ գործիչների` չեմ փորձել արխիվներից ոչնչացնել իմ կենսագրության հետ կապված որևէ էլեմենտ: Եվ այս հարցը ամփոփելուց առաջ նաև նշեմ, որ որևէ քաղաքական ուժի հետ ես պայմանավորվածություն չունեմ»:
ՀԱԿ-ին մաս կազմող կուսակցությունների առաջնորդների հեռացման պատճառը, ըստ Դ. Շահնազարյանի, լուրջ տարաձայնություններն են եղել:
«Անուններ չտամ, բայց մի քանի անձանց հեռանալը ակնհայտ էր դեռ անցյալ տարվա վերջից, և այդ մասին նույնիսկ խոսակցություններ են եղել: Ըստ էության, երբ փոխվում է քաղաքականությունը, երբ փոխվում են նպատակները`ակնհայտ է, որ այդպիսի երևույթներ պետք է լինեին: Իսկ որ փոխվել են Շարժման նպատակները`առավել քան ակնհայտ է: Ես հիմա չեմ կարող ձևակերպել ՀԱԿ-ի նպատակները:
Հիմա փորձ է արվում, և փորձ էր արվում նաև քարոզարշավի ողջ ընթացքում, իշխանությունը վերցնել ԲՀԿ-ի ղեկավարությամբ, և հավանաբար այդ իշխանության մաս պետք է կազմեին ՀԱԿ-ն ու Դաշնակցությունը: Նման տենդենցները հիմա էլ շարունակվում են, գուցե` նոր թափով»,- նշել է նա:
Հնարավո՞ր է արդյոք ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի ալյանսը` հարցին պատասխանելիս Դ. Շահնազարյանը նշել է. «Երկու օր առաջ ՀՅԴ-ն, խոսելով նախագահական ընտրություններին ակտիվ մասնակցելու իր ծրագրերի մասին, ասաց նաև հետևյալը. հնարավոր է, որ միասնական թեկնածու լինի որևէ քաղաքական ուժ չներկայացնող ինչ-որ գործիչ: Ես շատ կուզենայի, որպեսզի Դաշնակցությունը պարզաբաներ` ո՞ւմ մասին է խոսքը: Գուցե դա այն գործիչն է, որը, եթե իրականանար այդ Միասնական շտաբին մաս կազմող կուսակցությունների նպատակը` եթե խորհրդարանում կարողանային մեծամասնություն վերցնել, ձգտում էր դառնալ վարչապե՞տ…»: Խոսքը Ռոբերտ Քոչարյանի՞ մասին է` հաղորդավարի հարցին Շահնազարյանը պատասխանել է. «Դուք ասացիք»:
Այնուհետև Դ. Շահնազարյանը առանձնացրել է ԲՀԿ-ի դերը: Նա հենց ԲՀԿ-ին, այլ ոչ թե ՀԱԿ-ին է ընդդիմության բուրգում գտնվող կուսակցություն համարում: «ՀԱԿ-ը ինքնակամ այդ դերը զիջեց ԲՀԿ-ին, և դա փաստ է, ֆորմալ առումով դա փաստ է` հաշվի առնելով ԱԺ-ում նրանց ներկայությունը: ԲՀԿ-ն մինչև հիմա չի ընդունում, որ ընդդիմություն է, այլ հայտարարում է, որ այլընտրանք է: Ավելին ասեմ` ԲՀԿ-ն այսօր ունի շատ մեծ պոտենցիալ` Հայաստանում ապակայունություն մտցնելու: Անցյալ տարի փետրվարին ես հայտարարել էի, որ Քոչարյանը ԲՀԿ-ի միջոցով փորձում է ապակայունացնել իրավիճակը Հայաստանում, բայց կայունության երաշխավորը ՀԱԿ-ն է: Հիմա, իմ խորին համոզմամբ, մենք գործ ունենք նույն երևույթի հետ, բայց շատ ավելի վտանգավոր դրսևորումներով:
Հայաստանում կա սոցիալապես-քաղաքականապես ակտիվ մեծ զանգված, և ըստ էության այսօր համաժողովրդական շարժում գոյություն չունի, որովհետև շարժման նպատակները, համենայնդեպս` ինձ համար, պարզ չեն, և այս իրավիճակում շատ հնարավոր է, որ հասարակական այդ զանգվածը փորձեն օգտագործել ապակայունացման նպատակով, ինչը ձեռնտու է հենց ԲՀԿ-ին: ԲՀԿ-ն որպես կլասիկ ընդդիմադիր կուսակցություն հանդես գալ չի կարող, կուսակցություն, որը ղեկավարվում է օլիգարխի կողմից, չի կարող նման ոճով հանդես գալ:
Ավելին ասեմ. ես զուգահեռներ եմ տեսնում 1997 թվականի և այսօր ստեղծված իրավիճակի միջև: ԲՀԿ-ն փորձելու է, գուցե ապագա նախագահական ընտրությունները օգտագործելով` հեղաշրջման ինչ-որ ծրագրեր իրականացնել:
Ես չեմ բացառում, որ մոտ ապագայում Հայաստանում շատ լուրջ ցնցումներ լինեն, պայքար` երկու համակարգերի միջև, նկատի ունեմ` ՀՀԿ և ԲՀԿ արբանյակներին, որովհետև երկուսն էլ հիմնված են օլիգարխիկ կառույցների վրա, և դա կարող է շատ ծանր նստել մեր պետության և պետականության վրա: Քաղաքական դաշտում պետք է հնարավորություն ստեղծվի ձևավորելու լիբերալ-ժողովրդավարական այն հատվածը, որն այսօր շատ թույլ է արտահայտված»:
Դ. Շահնազարյանը դեկտեմբերի 8-ին հայտարարել էր. «Ռոբերտ Քոչարյանի կողմից ֆինանսավորվող կիսալրատվամիջոցները փորձում են ցույց տալ, թե իբր ՀԱԿ-ի ներսում ինչ-որ խնդիրներ են ստեղծվել, բայց ՀԱԿ-ի միասնականությունը երբևէ այնքան ուժեղ չի եղել, որքան այսօր»:
Բայց կյանքը ցույց տվեց, որ եղել էին և կան խնդիրներ: Այս առիթով Շահնազարյանը նշել է. «Դեկտեմբերի 8-ին ես, այնուամենայնիվ, շատ մեծ հույսեր ունեի, որ քաղաքագիտական վերլուծությունը քաղաքականություն չի դառնա: Այս քաղաքականությունը, որը ներկայացվել էր որպես քաղաքագիտական վերլուծություն, և նշվել էր, որ դրա շուրջ կոնսենսուս չկա, ես միամտաբար մեծ հույսեր ունեի, որ դա ՀԱԿ-ի քաղաքականություն չի դառնա: Ես դեկտեմբերին հայտարարել էի, որ կարևորը ժողովրդական ալիքն է, որը պետք է ծառայեր այն նպատակներին, ինչը ՀԱԿ-ը հռչակել էր»:
Հարցին` դժվա՞ր էր ՀԱԿ-ից դուրս գալ, Շահնազարյանը նկատել է. «Իհարկե, դա հեշտ որոշում չի եղել, չափազանց ծանր որոշում է եղել, բայց ավելի քան ճիշտ որոշում էր, և ավելացնեմ, որ այսօրվա իրավիճակը ընդհանրապես իմ համար դեժավյու է: Ես միշտ կարևորել եմ արժեքային համակարգի վրա հիմնված քաղաքականությունը` լինելով հրապարակային քաղաքական գործիչ, և շարունակում եմ այս ամենը խիստ կարևորել»:
Իսկ հարցին` որո՞նք են լինելու իր գործունեության հետագա քայլերը, Դ. Շահնազարյանը նշել է. «Պայքարելու եմ օլիգարխիկ կառույցների դեմ, պայքարելու եմ նրա համար, որպեսզի տեղի չունենան այնպիսի ցնցումներ, որոնք կխաթարեն մեր պետականությունը: Պայքարելու եմ նրա դեմ, որպեսզի ընտրակաշառքով չորոշվեն ընտրությունների արդյունքները. սա մեր հասարակության համար ծանր-քաղցկեղային խնդիր է, դա պետք է արմատախիլ անել:
Ի դեպ, ասեմ, որ ԲՀԿ-ն արդեն իսկ հայտարարեց, որ նախագահական ընտրություններում կրկնապատկելու է կաշառքի ծավալները: ԲՀԿ պատգամավորների կողմից հայտարարվեց, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը տասնյակ հազարավոր քաղաքացիների է օգնում և պատրաստվում է կրկնապատկել բարեգործության ծավալները բոլոր ուղղություններով: Նման տիպի բարեգործությունը եղել և մնում է որպես ընտրակաշառք. այլ տեսակետն ինձ համար ուղղակի ընդունելի չէ և ընդհանրապես քննարկման ենթակա չէ:
Ես ուզում եմ դիմել հասարակությանը` օլիգարխի բարեգործությունը կարող է ձեզնից ոմանց օգնել, բայց օլիգարխիան ամեն ինչ կանի, որպեսզի դուք երբեք լավ վիճակում չլինեք: Եվ այստեղ ինձ համար ուղղակի անհասկանալի է իշխանությունների անտարբերությունը այնպիսի սարսափելի երևույթի հանդեպ, ինչպիսին բարեգործությունն է` որպես ընտրակաշառք»:

Տեսանյութեր

Լրահոս