Բաժիններ՝

Տնտեսության կեղծ հմայքը

Անցնող տնտեսական շաբաթը տարօրինակ էր: Տնտեսական լրատվությունն ավելի մեծ հետաքրքրությամբ էր ընթերցվում, քան քրեականը: Հավանաբար` նաեւ այն պատճառով, որ մեր տնտեսությունն աներեւակայելի քրեականացված է: Այլապես, ասենք, ինչո՞ւ պիտի մեր իշխանությունները մի քանի ամիս շարունակ գաղտնի պահեն, թե ի վերջո ինչ գնով է Հայաստան ներմուծվում ռուսական գազը: Միայն երեկ մեր Էներգետիկայի նախարարությունը պաշտոնապես հաստատեց, որ բանակցություններ են ընթանում ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ: Մախաթն այլեւս պարկում թաքցնել հնարավոր չէ: Նույնիսկ նախագահական ընտրությունների շեմին: Ռուսական ընկերությունն ինքն է հայտարարել հոկտեմբերի 1-ից արտահանվող գազի թանկացման մասին: Իշխանությունները հարկավ կհասցնեն հասարակական դժգոհությունը մեղմել: Մինչեւ ցրտերը դեռ ահագին ժամանակ կա: Հետեւաբար` հիմա կառավարությունը գերադասում է անդադար խոսել գյուղմթերքների արտահանման ու մթերման ծավալների աճի մասին: Մեր լրատվամիջոցները ոգեւորված տարածեցին, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «գործարկել է «Առասպել» հայկական կոնյակի առաջին շշալցման գիծը: Նա նույնիսկ հայտարարել է` «Բելառուսում հայկական կոնյակը կապրի»: Ինչի՞ մասին է խոսքը, միանշանակ դժվար է ասել: 1998-ին, երբ ապապետականացվում էր կոնյակի «Արարատ» գործարանը, մեր կառավարությունը բավական կարեւոր որոշումներ ընդունեց: Բոլորս էլ գիտենք, որ հայկական կոնյակը հայտնի ու պահանջարկ ունեցող ապրանքանիշ է: Հետեւաբար` հարկավոր էր պաշտպանել այդ ապրանքանիշը: Հետեւաբար, որոշվեց, որ «Հայկական կոնյակ» կոչվելու է միայն այն ըմպելիքը, որ հիմնականում պատրաստված է Հայաստանում թորված խաղողի սպիրտից եւ շշալցված է Հայաստանում: Հիմա արդեն Բելառուսում էլ են շշալցնելու: Շշալցնելու են ու այդ անհասկանալի ըմպելիքը վաճառքի հանեն «Հայկական կոնյակ» ապրանքանիշով: Թե ինչ է լինելու հետագայում` դժվար չէ պատկերացնել: 1990-ականներին մեր կոնյակը կեղծվում էր: Կեղծվում էր եւ Հայաստանում, եւ ԱՊՀ երկրներում: Ուստի 90-ականներից հետո բավական լուրջ ֆինանսական միջոցներ ու ջանքեր պահանջվեցին շուկա վերադառնալու համար: Այս պարագային արժե գնահատանքի խոսք ասել ֆրանսիական «Պեռնո Ռիկար» ընկերության մասին: Բայց հիմա արդեն կեղծարարությունը կընթանա մեր պետական այրերի հանդուրժող հայացքի ներքո: Հատկապես, որ երեկ հայտարարվեց, որ մեր երկրում գործում է բիզնեսի կարգավորմանը միտված մոտ 26 հազար իրավական ակտ: Հավանաբար, հենց այդ պատճառով երկրում բիզնես միջավայր չկա: Պատկերացրեք, թե քանի չինովնիկ է աշխատել այդ 26 հազար փաստաթղթի վրա, որքան մարդկային ու ֆինանսական ռեսուրս է փոշիացվել: Իսկ հիմա պարզվում է, որ Հայաստանում կա օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն: Եվ այդ կենտրոնը խոստանում է, որ դրանց 30 տոկոսը կկրճատվի, իսկ 20-30 տոկոսը կպարզեցվի: Ազգային կենտրոն կոչվածը բավական պատկերավոր արտահայտություններով է ներկայացնում իր անելիքը հասարակությանը: Իրավական ակտերի կրճատումը նրանք անվանում են` «գիլիոտինի ենթարկել»: Ռազմատե՞նչ (թե՞ հեղափոխական) այս ֆրազներով ոգեւորվել պետք չէ: Հատկապես այն պատճառով, որ այդ կենտրոնի ղեկավարությունն այն նույն մասնագետներն են, ովքեր տարիներ շարունակ ընդունել են այդ գիլիոտինարժան իրավական ակտերը: Ռուստամի եւ Զոհրաբի մենամարտը հիշեցնող` ինքն իր դեմ պայքարող արեւելյան հեքիաթի հերոսի գործունեության դասական օրինակ: Բայց արեւելյան հեքիաթ հիշեցնող ասքն այս անգամ ֆինանսավորում են Համաշխարհային բանկը, ամերիկյան ու ավստրիական կազմակերպություններ: Այ, այս մանրուքներն են, որ մեր տնտեսական տեղեկատվությանը թրիլերին վայել փայլ ու քրեական հմայք են հաղորդում: Հիմա արդեն անվտանգ է հայկական վերջին տնտեսական անեկդոտը թերթում գրելը: Անվտանգ է դատաիրավական առումով: Նախ` պատմեմ անեկդոտը. հայտնի գործարար եւ նույնքան հանրահայտ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը տխուր նստած է եւ ընկերների «Ի՞նչ է պատահել» հարցին վշտացած պատասխանում է` «Ինչ պիտի պատահի` օղիներս կեղծում են»: Հիշեցնեմ, որ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միրհան Պողոսյանը հայտարարել է, որ «Ալեքս Գրիգ» ընկերության արտադրվող ու իրացվող կեղծ օղիները, շշերը, խցանները առգրավվել են: (Դեռ երեկ մի քանի խանութում դրանք վաճառվում էին): Հետեւաբար` կեղծ օղիների արտադրության դեմ պայքարի մասին հայտարարությունը լուրջ ընդունել պետք չէ: Այլապես հետո հարկ կլինի խոսել կեղծվող բուսական ձեթի, յուղի, կարագի ու բազում այլ մթերքների մասին: Շատ ավելի հավանական է բոլորովին այլ հեռանկար: ՀՀ օրենսդրությունը կարգավորող ու մնացած մյուս ազգային կենտրոններն ու հանձնաժողովները «գիլիոտինային կարգավորման» կենթարկեն ոչ այն իրավական ակտերը: Արդյունքում` կկորցնենք բոլոր բրենդ-ապրանքանիշերը: Ի վերջո, չկարողացանք ոչ ներքին շուկայում, որ էլ արտասահմանում պաշտպանել մեր մի քանի հանրահայտ ապրանքները: Երեւի նաեւ այն պատճառով, որ մեր տնտեսության երեք քառորդը ներմուծումների հույսին է: Վայրենու նման արտահանում ենք միայն ընդերքից քչփորած պղինձ-մոլիբդենն ու ծառերից պռճոկած ծիրան-կեռասը: Կամ էլ բիզնեսի կարգավորման իրավական ակտեր ենք ընդունում, որ հետագայում գիլիոտինի տակ գցենք: Բնականաբար, հենց այդ իրավական ակտերը, ոչ թե դրանց հեղինակների փողկապները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս