Բաժիններ՝

Պեղումները կօգնեն լուսաբանել կյանքը Ուրարտուի կործանումից հետո

Էրեբունի ամրոցի միջնաբերդում պեղումներ իրականացնող հայ-ֆրանսիական արշավախումբն, այսօր` հունիսի 28-ին, ամփոփել է աշխատանքների ամառային գործաշրջանը: Արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը բարձր գնահատելով 1950-60-ական թվականներին հնավայրում աշխատած հնագիտական արշավախմբերի արդյունքները, այնուհանդերձ նշել է, որ խորհրդային ժամանակաշրջանում կատարված հնագիտական հետազոտություններն արվել են որոշակի շտապողականությամբ, եւ ամրոցի ճարտարապետությանը վերաբերող շատ հարցականներ այսօր են ստանում իրենց պատասխանները:
2012թ. հունիսի 5-ից մեկնարկած հայ-ֆրանսիական հնագիտական պեղումների պատկերը մանրամասնորեն ներկայացրել է ֆրանսիական արշավախմբի ղեկավար Ստեֆան Դեշամպը, իսկ հայտնաբերված խեցեղենի վերլուծությունը` արշավախմբի անդամ Ֆրանսուա Ֆիշե Դը Կլերֆոնտենը: Մասնագետները հատկապես շեշտել են, որ այս տարվա պեղումները կօգնեն լուսաբանել Ուրարտուի կործանումից հետո մինչեւ Աքեմենյան տիրապետություն ընկած անցումնային ժամանակաշրջանը` շուրջ մեկդարյա մի ժամանակահատված, որի ըմբռնումը թույլ կտա գրել Հայաստանի պատմության այս էջը: Նրանք նաեւ շեշտել են, որ Իրանի տարածքում պահպանված աքեմենյան շատ հուշարձանների հետ Էրեբունիի գիտական համեմատությունը թույլ է տալիս ենթադրել, որ Ուրարտուի կործանումից հետո կյանքն ամրոցում անկասկած շարունակվել է:
Արգելոց-թանգարանի տնօրենի տեղակալ, պեղումների հայկական կողմի ղեկավար Արաքսի Մեշինյանը կարեւորել է պեղածո նյութերի մշակման եւ սահմանված կարգով արգելոց-թանգարանին հանձնման գործընթացը` նշելով, որ ներկայումս հանձնման փուլում են նախորդ տարիներին Էրեբունի ամրոցում պեղումներ իրականացրած հայ-ամերիկյան արշավախմբի նյութերերը:
Լրագրողների հարցին, թե ինչպիսի՞ կյանք են վարել Էրեբունիի բնակիչները, ֆրանսիացի հնագետ Ստեֆան Դեշամպը կեսկատակ պատասխանել է. «Դատելով ամրոցից հայտնաբերված խեղեցենի տեսքից եւ որակից, կարելի է ասել, որ ուրարտացիները ծանոթ են եղել շքեղ կյանքին, եղել են ճաշակով, սիրել են ըմպել գինի կամ գարեջուր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս