Գազի մատակարարման մենաշնորհը` “դամոկլյան սուր”
Այսօր <<Արցախ>> մամուլի ակումբում “Սպառողների ասոցիացիա” ՀԿ Արմեն Պողոսյանի և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի մասնակցությամբ կայացավ գազի գների սպասվող փոփոխությունների վերաբերյալ քննարկում:
Արմեն Պողոսյանը փորձեց հարցին անդրադառնալ, ինչպես ինքն ասաց, <<առարկայական խոսքի>> միջոցով: Ըստ Պողոսյանի, Հայաստանն աշխարհի առավել գազաֆիկացված երկրների ցանկում է, և այն ասեկոսեները, որ ներմուծված գազն անորակ է կամ ունի հավելումներ` սուտ է: <<Գազի ճնշումը նորմայից ցածր է>>,- այսպես է մեկնաբանում Պողոսյանն այն հարցը, թե ինչու է կերակուր պատրաստելու համար ավելի շատ գազ պահանջվում, քան պետք է պահանջվեր:
Իսկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն անդրադարձավ Հայաստանում 2008 թ-ից ծախսված գազի քանակին, որն ըստ նրա, բավականին համեստ թիվ է կազմում, ավելացնելով, որ գազի խնայումը կատարում ենք մեր սանիտարահիգիենիկ պահանջմունքների սահմանափակման և անհամեմատ քիչ տաք ճաշ ուտելու հաշվին: Ըստ սոցիոլոգի` Հայաստանում մեքենաների 85 տոկոսը անցել է գազի: Հանրապետություն մտնող բնական գազի 25 տոկոսը բաժին է ընկնում մեքենաներին մնացածը` կենցաղային ու արդյունաբերական կարիքների համար: Եվրոպական 32 երկրների շարքում Հայաստանը 28-րդ տեղում է գնի առումով: Գազի ամենացածր գներից մեկը մեզ մոտ է, սակայն տնտեսական խորացող ճգնաժամը և արտագաղթը նպաստում են գազի ծախսի նվազմանը: 2008 թ-ին մենք ծախսել ենք 2 միլիարդ խմ գազ իսկ վերջին տարիներին 1մլրդ 327 միլիոն խմ գազ, նշեց սոցիոլոգը: Դա իր հերթին ևս հանգեցնում է թանկացման, քանի որ ըստ Ադիբեկյանի, գազամատակարարման վրա կատարվող ծախսերը մնում են նույնը:
“Սպառողների ասոցիացիա” ՀԿ Արմեն Պողոսյանը հիշեցրեց, որ գազի գինը սահմանից մինչև մեր բնակարաններ հասնելիս եռապատկվում է, որի մասին շատ է խոսվել: Ազգային ժողովում եղան քննարկումներ և առաջարկվեց ստեղծել ժամանակավոր հանձնաժողով խնդիրն ուսումնասիրելու համար, առաջարկը մերժվեց: Սակայն խնդիրը մնում է բաց:
Ըստ Ահարոն Ադիբեկյանի` Իրանից մենք ստանում ենք 365 մլն խմ գազ 1 խմ-ն 3 կվտ էլեկտրաէներգիայի գնի դիմաց, դա շատ չնչին գումար է, բայց քանի որ ամբողջ ցանցը պատկանում է “Ռոսգազպրոմին”, օգտվելով մենաշնորհի իր դիրքից` նա 90 դոլար արժեցող 1000 խմ գազը “Հայռուսգազարդին” վաճառում է 180 դոլարով, իսկ վերջինս էլ 360 դոլարով վաճառում է մեզ: Իրանը դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարման մրցակցությանը դիմանալու համար իր գազի գինը 20-30 դոլարով նվազեցրել է: Իրանը մեզ պատրաստ է մինչև 2 մլրդ խմ գազ վաճառել, ուստի և ռուսական կողմը պետք է աշխատի իր գազը մատակարարել իրանական գազի գնին մոտ գնով:
“Սպառողների ասոցիացիա” ՀԿ Արմեն Պողոսյան խոսքերով` էլեկտրատրանսպորտի զարգացումը, թեպետ ուղղակի կապ չունի գազի գնի հետ, սակայն նկատի ունենալով Հայաստանի էլեկտրաէներգիայի հագեցվածությունը, այն ևս կնպաստի գազի գնի կայունացմանը: Բացի այդ նորմալ երևույթ չէ, երբ մի երկրի տրանսպորտի ճնշող մասը ստիպված անցել է գազային վառելիքի օգտագործման, ինչը շատ դեպքերում հակացուցված է տվյալ տրանսպորտային միջոցի շարժիչին:
Չլինելով գազի մատակարար երկիր` Հայաստանը գազամատակարարման ցանցի զարգացվածության առումով մեծ առաջընթաց ունի, սակայն, ըստ բանախոսների, այդ դրական տենդենցը պետք է նպաստի գազի գնի նվազմանը, այլ ոչ թե հակառակը: