50 գլոբալ հայերը. Միհրան Վարդանյան
«Երեւանում Ամերիկյան համալսարանի գրադարանում մի գիրք գտա, որը կոչվում էր Big Bang («Մեծ Պայթյուն»): Այդ գրքի հեղինակն Օքսֆորդի համալսարանի հանրահայտ պրոֆեսոր Ջոզեֆ Սիլկն էր: Գիրքն ընթերցելուց հետո որոշեցի, որ հենց Օքսֆորդ պիտի
«ԵՊՀ մագիստրատուրայում մի տարի սովորելուց հետո տեղափոխվեցի Օքսֆորդ` դոկտորանտուրա: Սկսեցի աշխատել Սիլկի թիմում, որը զբաղվում էր նոր վիճակագրական մեթոդներով: Մշակում էինք նոր մաթեմատիկական մեթոդներ, որպեսզի ավելի մեծ ճշտությամբ հաստատենք ունեցած բոլոր տվյալների եւ տեսության կապը: Կարեւոր մաս էր նաեւ ապագայում կառուցվելիք աստղադիտակների օպտիմիզացիան, որը նաեւ թույլ է տալիս կանխատեսումներ անել ապագա արդյունքների մասին: Տիեզերքի կորության մասին հոդված տպագրեցինք Թագավորական Աստղագիտական Միության ամսագրում, որում մեծ թվով կանխատեսումներ էինք արել եւ մշակված տվյալներ ներկայացրել: Այդ հոդվածը շատ հայտնի դարձավ, քանի որ լուսաբանվեց հանրահայտ բրիտանական «New Scientist» ամսագրում: Դրանից հետո այդ թեմայով եւս երկու հոդված հրապարակեցինք, որոնցից մեկն այս անգամ լուսաբանվեց «MIT Technology Review» պարբերականում»,- ասում է նա:
Հետաքրքրվեցինք` ի՞նչն է ամենակարեւորը Միհրանի համար` իր ընտրած մասնագիտության մեջ, եւ ո՞ր հարցերի պատասխաններն է փնտրում տիեզերքում: Ի պատասխան` նա ասաց. «Ինձ շատ է ոգեւորում նվազագույն ռեսուրսներով առավելագույն արդյունք ստանալը: Նախ, գիտությունն, ընդհանուր առմամբ, թանկ հաճույք է, եւ ներկա ֆինանսական պայմաններում շատ կարեւոր է նվազագույն ռեսուրսներով առավելագույնս կարեւոր տվյալներ ստանալը, որոնք նոր հայտնագործությունների եւ բացահայտումների հիմք կդառնան: Երկրորդը, աստղագետները եւ ֆիզիկոսները մշտապես նորանոր մարտահրավերներ են նետում այլ բնագավառների մասնագետներին, հատկապես` ինժեներներին: Այդ նոր բարդ խնդիրների լուծման արդյունքում ծնված տեխնոլոգիաներն ապագայում լայն կիրառում են ձեռք բերում առօրյա կյանքում»:
Միհրանն իր գործընկերների հետ մի հոդված է հրապարակել, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել գիտական աշխարհում: Կոսմոլոգիայում գոյություն ունի, այսպես կոչված` Հաբլի հորիզոն, որն իր մեջ է առնում բոլոր գալակտիկաները եւ մատերիան, որոնք տեսանելի են: Դրանից այն կողմ հնարավոր չէ տեսնել, քանի որ օբյեկտներն այնտեղ մեզանից հեռանում են լույսի արագությունից էլ արագ: Միհրանին հաջողվել է մշակել նոր մաթեմատիկական մեթոդ, որի արդյունքում` նա եկել է այն եզրակացության, որ տիեզերքն առնվազն 250 անգամ ավելի մեծ է, քան այն մասը, որը տեսանելի է մեզ:
«Կոսմոլոգիան մինչեւ վերջին շրջանը լուրջ փաստերի վրա հիմնված չէր: Ընդամենը վերջին 60 տարիների ընթացքում, տեխնիկայի եւ համակարգիչների զարգացման հետ մեկտեղ, տվյալներն ենք ստանում, որոնց վրա էլ հիմնվում են տեսությունները: Այդպիսով, կոսմոլոգիան նոր է մտնում ճշգրիտ հաշվարկների դար: Հիմա նոր մեթոդներ են պահանջվում, որ կարողանանք այդքան մեծ քանակությամբ տվյալները մշակել` տիեզերքի կառուցվածքը հասկանալու նպատակով: Ամենատպավորիչն այն է, երբ դու տեսնում ես, թե ինչքան փոքր եւ չնչին ես տիեզերքի համեմատ, ձգտում ես հասկանալ, թե ինչպես է ահռելի տիեզերքը կառուցված ու աշխատում, եւ, ի վերջո, ինչ-որ բան հասկանում ես»,- նկատում է նա:
2010թ. սեպտեմբերին Միհրանը գիտարշավ կազմակերպեց դեպի Քարահունջ, որը մեծ ուշադրության արժանացավ Հայաստանի հասարակության եւ լրատվամիջոցների կողմից: «Օքսֆորդի համալսարանն ունի, այսպես կոչված, Գիտարշավների խորհուրդ (Expedition Council), որը հնարավորություն է ընձեռում ուսանողներին գիտարշավներ կազմակերպել տարբեր երկրներ: Ես հանդես եկա դեպի Քարահունջ գիտարշավ կազմակերպելու նախաձեռնությամբ եւ ստացա համալսարանի համաձայնությունը: Դիմեցինք նաեւ հանրահայտ Թագավորական աշխարհագրական ընկերությանը (Royal Geographical Society), եւ նրանց անունն օգտագործելու թույլտվություն ստացանք: Գիտարշավը մասամբ ֆինանսավորվել է այս երկու կազմակերպությունների եւ մասամբ էլ մեր` հենց արշավախմբի անդամների կողմից: Արշավախումբն ուներ երկու գլխավոր նպատակ` գրավել միջազգային գիտական հանրության ուշադրությունը Քարահունջի նկատմամբ եւ նախապատրաստական աշխատանքներ կատարել հետագայում լազերային սկանավորման եւ եռաչափ մոդել կառուցելու համար: Գիտարշավից հետո նյութեր տրամադրեցինք ամերիկյան History Channel-ին, որն իր սերիալներից մեկում անդրադառնում է Քարահունջին, ինչը մեծ գովազդ էր թե մեր երկրի, թե հուշարձանի համար: Վերջերս Անգլիայում մի խումբ գիտնականներ իրականացրել են Սթոունհենջի լազերային սկանավորում եւ կառուցել են Սթոունհենջի ճշգրիտ եռաչափ մոդելը, ինչը հնարավորություն է տալիս բազմաթիվ նոր հայտնագործություններ կատարել հուշարձանի մասին: Հույս ունենք, որ մի օր հնարավոր կլինի իրականացնել նմանատիպ սկանավորում Քարահունջում եւս` դա խոշոր ֆինանսական ներդրում է պահանջում»,- ասում է նա:
2007թ. Միհրանը հիմնադրել է Օքսֆորդի Հայկական միություն եւ երկու տարի շարունակ նախագահել այն: Միությանը կից նա հիմնել է հայկական գրադարան: Միությունը զբաղվում է հայկական մշակույթի տարածմամբ, հանդիպումներ է կազմակերպում տարբեր բնագավառների հայտնի հայերի հետ: Կենտրոնը հաջողությամբ գործում է մինչեւ այսօր:
Միհրանը շարունակում է աշխատել իր բազմաթիվ նախագծերի վրա, որոնք կապված են կոսմոլոգիական մոդելների համար նոր վիճակագրական մեթոդների մշակման, տիեզերաբանական փորձերի ապագա արդյունքների կանխատեսման, տիեզերական կորության վերակառուցման հնարավոր սահմանների հետ: Միհրանը մեծ ցանկություն ունի էլ ավելի խորացնել իր կապերը Հայաստանի հետ:
«Շատ եմ ուզում, որ Հայաստանն էլ գիտական աշխարհի զգայուն մաս դառնա. ոչ միայն տաղանդավոր հայերը, որոնք հայտնի են դառնում, որպես անհատ, այլ հենց Հայաստանը` որպես երկիր: Ցանկանում եմ ավելի շատ կապեր հաստատել Հայաստանի հետ` տեղի մասնագետներին ներգրավել տարբեր ծրագրերում: Կցանկանայի փորձի փոխանակման ծրագիր իրականացնել Հայաստանի երիտասարդ գիտնականների համար Անգլիայում: Իսկապես տեսնում եմ այդ ներուժը մեր երիտասարդների մեջ: Իմ կարծիքով, ՀՀ կառավարությունը եւս պիտի ավելի մեծ ուշադրություն դարձնի գիտության վրա: Պարտադիր չէ, որ դրանք լինեն շատ մեծածավալ եւ թանկարժեք նախագծեր: Օրինակ, կարելի է զարգացնել համակարգչային գիտությունները, որոնք շատ մեծ ռեսուրսներ չեն պահանջում` հիմնականում գիտական աշխատանք եւ մարդկային ռեսուրս: Օրինակ` Դանիան առաջնային է ընտրել մի կոնկրետ գիտական ճյուղ` մաթեմատիկական, եւ ամեն ինչ անում է դրա զարգացման ուղղությամբ: Ինձ թվում է` դա է ճիշտ ճանապարհը: Կարելի է նաեւ Հայաստանում այդպիսի մի ճյուղ առանձնացնել եւ զարգացնել այն: Նաեւ շատ կարեւոր եմ համարում այնպիսի ծրագրերի մշակումը, որոնք ավելի շատ երիտասարդների հենց դպրոցից կոգեւորեն զբաղվել գիտությամբ: Օրինակ, բացել գիտության թանգարան, որտեղ հետաքրքիր խաղերի տեսքով ներկայացված կլինեն մի շարք գիտական փորձեր: Նաեւ լավ կլիներ բոլոր դպրոցներին հնարավորություն տալ այցելել Բյուրական կամ հատուկ ստեղծված աստղադիտարան` արեւը, ինչպես նաեւ ուրիշ աստղերը եւ մոլորակները դիտելու նպատակով»,- ասում է Մ. Վարդանյանը:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ
mediamax.am
Հ.Գ. Հենց հարցազրույցի անցկացման օրը հայտնի դարձավ, որ Միհրանի ստեղծած iCosmos նախագիծը, որն իրենից կոսմոլոգիական հաշվիչ (Cosmology Calculator) է ներկայացնում, շահել է Օքսֆորդի համալսարանի OxTalent 2012 IT Innovation մրցանակը: Շնորհավորում ենք Միհրանին եւ նրան նորանոր հաջողություններ մաղթում: