Բաժիններ՝

Bookoholics. գրքասերների համար հայկական նոր սոցիալական ցանց

Gugas-ի հեղինակները ստեղծել են նոր ստարտափ՝ այս անգամ արդեն գրքասերների համար։ Bookoholics նոր հավելվածը հնարավորություն է տալիս գրքերի մասին քննարկումներ անցկացնել կենդանի շփման միջոցով։ 168.am-ի հետ զրույցում ծրագրի համահեղինակ Կարլեն Մանասերյանը նշեց, որ ծրագիրը ներբեռնած մարդիկ հնարավորություն կունենան մոտ տարածության վրա իրար գտնել, հանդիպել, տվյալ գրքի մասին կարծիքներ փոխանակել, իսկ հետագայում նաև՝ գրքեր փոխանակել։

«Սա հավելված է, որը հենց վիրտուալ աշխարհի միջոցով վիրտուալ աշխարհից մարդկանց դուրս է բերում դեպի իրական աշխարհ։ Հավելվածն առայժմ հասանելի է միայն Android համակարգի համար, բայց շուտով կլինի նաև iOS հարթակում։ Հավելվածը ներբեռնում եք, լրացնում գրքերի հետ կապված ձեր հետաքրքրությունները, ասենք ՝ ի՞նչ ժանր եք սիրում, ո՞ր հեղինակներին, նաև կարող եք լրացնել, թե ինչ գրքեր եք կարդացել ու ինչ գրքեր եք պատրաստվում կարդալ։ Դրանից հետո մեր համակարգը, հիմնվելով գրքերի հանդեպ մարդկանց հետաքրքրությունների ու հեռավորության վրա, այսպես ասած՝ կապում է մարդկանց։ Օրինակ՝ սիրում ես Շեքսպիր ու իմանում, որ կարճ հեռավորության վրա կա ևս մեկը, ով սիրում է Շեքսպիր, դրանից հետո կարող եք իրար անձնական նամակ ուղարկել, ինչի հնարավորությունը հավելվածը տալիս է, ու հանդիպել։ Այսինքն՝ սա գրքասերների համար նախատեսված սոցիալական ցանց է»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։

Ստարտափի հեղինակներն են Ամերիկյան համալսարանի ուսանողներ Կարլեն Մանասերյանը, Հայկազ Բագրատյանը և Սերյոժա Ալավերդյանը։

Bookoholics հավելվածն անվճար է։ Ծրագրի հեղինակները նշում են, որ այն դեռ նախնական փուլում է ու ընթացքում կատարելագործվելու է։ Կ. Մանասերյանի խոսքով՝ նախագիծը հնարավորություն կտա նաև գրքեր փոխանակել. «Եթե ցանկանում ես կարդալ մի գիրք, որը չունես, ապա միևնույն հետաքրքրություններն ու այդ գիրքն ունեցող մյուս անձը կարող է այդ գիրքը փոխանցել։ Հետագայում հնարավոր կլինի նաև հեշտությամբ գտնել կոնկրետ գրքի էլեկտրոնային տարբերակը։ Այսինքն՝ շատ գաղափարներ կան այս նախագծի հետ կապված, ու ամեն ինչ անելու ենք, որպեսզի մարդիկ գրքերի հետ կապված իրենց պահանջները կարողանան հեշտությամբ լուծել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս