«Եթե զենքը վայր չդրվի, և չնստեն սեղանի շուրջ, դժվար է ասել՝ ինչ ելք ու լուծում կարող է լինել». Գառնիկ Իսագուլյան

«Հասարակությունը ևս չի պատկերացնում ստեղծված իրավիճակի վերջնական հանգուցալուծումը»,- 168․am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին և այսօր տեղի ունեցած զարգացումներին։

Գառնիկ Իսագուլյանի գնահատմամբ, այսօր բավականին մեծ աշխատանք է կատարվել, ինչը հնարավոր չէ համարել բացասական զարգացում, որովհետև ամենակարևոր հանգամանքն այն է, որ ներկայումս «պատանդ» հասկացություն գոյություն չունի, պատանդառված ոստիկաններն ազատության մեջ են, անչափ կարևոր է նաև, որ լրագրողները հնարավորություն ստացան մուտք գործել Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածք և անձամբ տեսնել տղաներին, զրուցել նրանց հետ, ծանոթանալ նրանց ֆիզիկական վիճակին։

«Կարծում եմ, որ այս ամենն առաջընթաց է, քանի որ մինչև այսօր շատերը նաև բողոքում էին սննդի, բուժօգնության և այլ հարցերի բացակայությունից, այս պահին ամեն ինչ գտնվում է նորմալ հարթության վրա։ Իհարկե, անչափ կարևոր է, որ այդ ամենի հետ միասին՝ լինի կուռ համակարգ, այսինքն՝ եթե որևէ բան ասվում է մի կողմից, ընկալելի ու ընդունելի լինի մյուսի համար, եթե ինչ-որ հարցի շուրջ պայմանավորվում են, ապա այդ պայմանավորվածությունները պետք է անխափան կատարվեն, քանի որ յուրաքանչյուր անհամաչափ քայլ կարող է բացասական զարգացումների պատճառ դառնալ։ Ես կարծում եմ, որ այդ առումով այսօրվա զարգացումները բավականին դրական էին»,- նման գնահատականով հանդես եկավ Գառնիկ Իսագուլյանը։

Վերջինիս կարծիքով՝ առայժմ որոշակի խնդիրներ կան քաղաքական լուծման հարցում, քանի որ հասարակությունն ինքը դեռևս ամբողջությամբ չի պատկերացնում գործողությունների ընթացքն ու վերջնական հանգուցալուծումը։ Ըստ նրա՝ պետք է ընդունել, որ շատերի համար ցանկալի է լուծումը, բայց նա չի կարծում, որ այս պահին դրա մասին որևէ մեկը կարող է որևէ հստակ բան ասել։

«Մյուս կողմից՝ արդեն իսկ փոխադարձ բավականին լուրջ զիջումներ լինում են, շատ կարևոր է, որ կողմերից յուրաքանչյուրը մաքսիմալիստական իր ձգտումներից ետ կանգնի, որովհետև այս փուլի համար ցանկացած պահանջի կատարման ֆիզիկական կողմը պարզապես որևէ մեկը չի կարող ասել, թե ինչպես պետք է ապահովել։ Խոսվում է վստահության կառավարության ձևավորման մասին, սակայն թե ինչպե՞ս են անելու, Հանրապետության հրապարակում հավաքվելու են ու քվեարկե՞ն, թե՞ ինչ-որ մեկը, ում ձեռքը զենք կա, իրավասու է որոշել՝ ո՞վ է արժանի, ո՞վ՝ ոչ, ո՞վ է դավաճան, ո՞վ՝ ոչ, և այլն, ո՞վ է այդ իրավունքը տալիս…

Սրանք խնդիրներ են, որոնց լուծումը պետք է անպայման ասվի, այլապես անհասկանալի է, թե ինչպես է որոշման մեխանիզմը գտնվելու։ Այդ առումով տղաները պետք է հասկանան, որ նախադեպը, երբ զինված խումբը պետք է թելադրի, թե ինչ պայմաններում ու ինչպես կազմակերպվի իրենց պահանջների կատարումը, ու պատրաստ չլինի որևէ զիջման, անընդունելի է»,- ասաց Իսագուլյանը։

Նա ցավով նշեց, որ խմբավորման տղաները հընթացս են որոշումներ կայացնում և իրենց որոշումները բացառապես պայմանավորելու են այն հանգամանքով, թե որքան մարդ է հավաքվելու տվյալ պահին՝ տվյալ տեղում։ Բայց, Իսագուլյանի խոսքով, լուծումները պայմանավորել նման հանգամանքով, չունենալով հստակ ծրագիր, ևս անընդունելի է, քանի որ լի է անկանխատեսելի հետևանքներով։ Սա այն հարցն է, որի պատասխանը, Իսագուլյանի համոզմամբ, խմբի տղաները շատ հստակ պետք է տան։

«Այս պահին ընդհանրապես ելքեր և լուծումներ տեսանելի չեն։ Ես կարծում եմ՝ եթե զենքը վայր չդրվի, և չնստեն սեղանի շուրջ, դժվար է ասել, թե ինչ ելք ու լուծում կարող է լինել»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը։

Տեսանյութեր

Լրահոս