«Ադրբեջանի հասարակությունը նույն կերպ ծափահարելու է այն մարդկանց, որոնք Ալիևի գլուխն են կտրելու». Արտակ Զաքարյան

ՀՀ կառավարությունը ո՛չ հաստատել է և ո՛չ էլ մերժել է ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը: Այսօր խորհդարանում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը` խոսելով օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացության մասին: Ըստ էության, նա կրկնեց նախագծում բերված ձևակերպումը` «ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»:

Օրինագծի շուրջ Ադրբեջանում բարձրացած հիստերիային ի պատասխան Ա.Զաքարյանը կրկնեց ՀՀ իշխանությունների կողմից բազմիցս հնչեցված հայտարարությունները, որ եթե Ադրբեջանը լայնածավալ գործողություններ սկսի, ՀՀ-ն կճանաչի ԼՂՀ անկախությունը:

Թե ե՞րբ է օրինագիծը քննարկվելու ԱԺ-ում, դեռևս պարզ չէ: Ա.Զաքարյանը նշեց, որ առաջիկա` մայիսի 10-ի ԱԺ արտահերթ նիստում այն չի ներկայացվի, քանի որ դեռ պետք է քննարկվի իր գլխավորած հանձնաժողովում:

Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ 168.am-ը մի քանի հարց ուղղեց Արտակ Զաքարյանին:

Կարդացեք նաև

– Եվրոպայի խորհրդարանում ևս կոչեր էին հնչում Արցախը ճանաչելու վերաբերյալ, այս ուղղությամբ ի՞նչ զարգացումներ կան:

– Արցախի ճանաչումը մեր բոլորի քաղաքական պայքարի վերջնանպատակն է, և մենք վաղ, թե ուշ գալու ենք դրան: Եվ Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած լսումներում էլ արդեն իսկ շատ պատգամավորներ, ովքեր մինչ այդ հեռու էին այդ մտքից, աստիճանաբար մոտենում են և հիմնավորում են այդ գործընթացը` որպես հարցի լուծման վերջնական, ճշգրիտ և միջազգայնորեն ընդունված տարբերակ: Հետևաբար` դա ոչ թե՝ «վայ, բա տեսեք, թե ինչ լավ անակնկալ էր մեզ»…, ո՛չ, դա այն տրամաբանական ճանապարհն է, որով մենք գնում ենք: Եթե մենք ունենայինք քաղաքակիրթ եվրոպական հարևան, մենք վաղուց այս խնդիրը լուծած կլինեինք քաղաքակիրթ տարբերակով: Բայց քանի որ մեր հարևանները շարունակում են մնալ նախնադարում և վայրենի ու բարբարոս գործողություններով են առաջնորդվում, դրա համար մեք ստիպված ենք մի կողմից զենքի ուժով, մյուս կողմից՝ քաղաքական ուժով պայքարել մինչև մեր վերջնական նպատակը:

– ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այցն էլ, կարծես, Ադրբեջանի համար անհետևանք մնաց, Լավրովը հայտարարեց, որ 94 թ. հրադադարի պայմանագիրն ուժի մեջ է և որ հայկական կողմը չի հրաժարվել Կազանյան փաստաթղթերից, բայց ի՞նչ գործանական արդյունք ունենք դրանից հետո:

– Ըստ էության, Ադրբեջանն այսօր ինքն իրեն դրել է շատ խորը փակուղու մեջ և հիմա փորձում է ելքեր փնտրել: Այն իրավիճակը, որ տիրում է Ադրբեջանում, Ալիևին ստիպում է այդ ելքերը փնտրել նաև ռազմական ճանապարով, բայց ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ դա է´լ ավելի մեծ փակուղի է Ադրբեջանի համար և Ադրբեջանը կարող է ինքն իրեն դեպի ճահիճ տանել իր ներքին քաղաքականության արդյունքում:

Եվ մեր մոտեցումները շատ հստակ են, մենք ասում ենք, որ գոյություն ունեն պայմաններ, առանց որոնց մենք չենք տեսնում բանակցությունների սեղան, մինչև այդ պայմանները չդառնան իրականություն:

Ադրբեջանի չլսելը, միջազգային հորդորներն ու կոչերն անտեսելը, իհարկե, գալիս է նաև այն հանգամանքից, որ Ադրբեջանը շարունակաբար ռազմատենչ ու իր սեփական սպառազինությունները կուտակելու արդյունքում մտածում է, որ միջազգային հանրության կարծիքն այնքան էլ կարևոր չէ, կարևոր է իր ուժի դիրքերից լուծելը և մինչև հիմա ինքը հանդուրժել է միջազգային հանրության կարծիքը և, եթե չլիներ միջազգային հանրությունը, ինքը վաղուց իր խնդիրը լուծած կլիներ և հիմա էլ, քանի որ միջազգային հանրությունն իրեն չի օգնում, ինքը պատրաստ է ինքնուրույն իր խնդիրը լուծել: Բայց շատ պարզ, 4 օրում հասկացավ, նաև միջազգային հանրությունը, որ այդ խնդիը չունի ռազմական լուծում և արցախցի զինվորը երբեք թույլ չի տալու, որ այդ խնդիրը փորձ արվի ռազմական հուն տեղափոխել:

Եվ հիմա Ադրբեջանը շատ կուզենար վերադառնալ միջազգային կարծիքին, հորդորներին, բայց դա կտրուկ շրջադարձ է և Ալիևը, կարծում եմ, վախենում է իր հասարկությունից: Այս անգամ արդեն իր հասարակությունը չի ների ալիևի կամակորությունը, որովետև արդյունքում ադրբեջանական հասարակությունը տվեց բազմաթիվ զոհեր, մեծ կորուստներ և ապրեց քաղաքական շատ մեծ պարտություն: Այս փակուղուց դուրս գալու համար կարող է փորձեն նորից նոր ռազմական ագրեսիա իրականացնել, բայց իհարկե, այս անգամ շատ ավելի լուրջ կշռադատելով և ծանրութեթև անելով:

– Այսինքն` սահմանին Ադրբեջանի կողմից սպառազինությունների կուտակումները նոր լայնածավալ ագրեսիայի մասի՞ն են վկայում:

– Ամեն ինչի պետք է պատրաստ լինել և ոչինչ պետք չէ բացառել, այդ թվում այն, որ Ադրբեջանը, ի վերջո, այլ ճանապարհ չգտնելով, կվերադառնա բանակցային սեղան: Այսինքն` չեն բացառվում ամենաանցանկալի սցենարներից, մինչև ամենանորմալ, քաղաքակիրթ բանակցությունների սցենարը:

– Այնուամենայնիվ, Ադրբեջանի հասարկությունը հերթական անգամ, Սաֆարովից հետո, հերոսացնում է վայրագ մարդասպանին:

– Գիտեք, Ադրբեջանի հասարակությունը չի կարող այլ բան անել, Ադրբեջանի հասարակույթունը չունի իր արժեքները, որոնք համամարդկային արժեքների հետ կապ ունեն: Ադրբեջանի հասարակությունը բաղկացած է տարբեր էթնիկ խմբերից, որոնք միամյանց մեջ ընդհանրություններ շատ քիչ ունեն և յուրաքանչյուրի համար «Ադրբեջան» հասկացությունը խորթ և արհեստական է: Եվ որպեսզի այդ ավտորիտար, կոշտ ռեժիմը պահվի, բնականաբար, այնտեղ ուժի կամ ագրեսիայի գործոնը պետք է գերիշիխի: Եվ, եթե մարդասպանը, կապ չունի, թե ում է սպանել, գլխատողը հասարակության համար դառնում է օրինակելի անձ, Դուք պատկերացրեք այդ հասարակության բարոյահոգեբանական և արժեքային վիճակները որտեղ են գտնվում: Եվ այդ հասարակությունը նույն կերպ ծափահարելու է այն մարդկանց, որոնք Ալիևի գլուխն են կտրելու:

– Արցախի հետ ՀՀ ռազմական փոխօգնության պայմանագիրն ի՞նչ վիճակում է:

– Մշակվում է և գտնվում է դեռևս մշակումների փուլում, կքննարկենք, երբ այն կգա ԱԺ: Ամեն ինչ կապված է իրավիճակային զարգացումների հետ: Մենք մեր բոլոր գործիքակազմը ամուր պահում ենք, պատրաստ ենք անրհրաժեշտ և ողջամիտ ճանապարհներով անցնենք:

– Արցախում Մարդու իրավունքների նոր պաշտպան է նշանակվել, բայց նախկին պաշտպանը հեռանալուց առաջ զեկույց է ներկայացրել: Ինչի՞ մասին է այն:

– Օտարերկրյա խորհրդարանական մեր կոլեգաների հետ մենք մշտական կապի մեջ ենք, և այս շաբաթ էլ սահմանին տեղի ունեցող իրադարձությունները, Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ շարունակվող ագրեսիայի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ենք ներկայացնում, թվով 50-55 խորհրդարանների հետ կապի մեջ ենք և ուղարկել ենք նաև ապրիլյան պատերազմական իրադարձությունների մասին Արցախի ՄԻՊ զեկույցը, որն ապացուցողական բազայով ներկայացնում է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների, միջազգային նորմերի ու կոնվենցիաների խախտումները: Կարծում եմ` այն շատ դրական նշաանկություն կարող է ունենալ, քանի որ Ադրբեջանը մշտապես փորձում է խեղել իրականությունը, իսկ այս զեկույցը ներկայացնում է բոլոր ապացույցները:

– Արդյունքը ո՞րը կարող է լինել:

– Քաղաքական միջավայրում կունենանք իրական պատկերն արտահայտող մոտեցումներ, որ մենք պատրաստ ենք խնդրի լուծման խաղաղ ճանապարհին, բանակցությունների միջոցով, բայց որևէ ագրեսիվ գործողություն չենք հանդուրժելու Ադրբեջանի կողմից: Հետևաբար` միջազգային հանրության խնդիրն է պարտադրել Ադրբեջանին, բոլոր տիպի կոչերի սլաքն ուղղել դեպի Ադրբեջան, նախ` ագրեսիան դադարեցնելու, երկրորդը` վերադառնալու խաղաղ բանակցային հուն և երրորդը` համաձայնվի, որպեսզի սահմանի ողջ երկայնքով տեղադրվեն և գործուն կերպով մեխանիզմներ հրադադարի ռեժիմի խախատման համար:

Տեսանյութեր

Լրահոս