«Մենք չպետք է իրենց տարածած նորություններից ահաբեկվենք, առավել ևս՝ վախենանք». Դավիթ Բաբայան

«Շփման գծում համեմատաբար հանգիստ է, կուտակումները, զորավարժությունները որևէ ձևով արմատապես չեն փոխում իրավիճակը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկություն է տարածել, որ հիմա սահմանի շփման գծում իրենց զինվորները զորավարժություններ են անցկացնում, նաև հայտնում է Ռուսաստանից նոր զինատեսակների ձեռքբերման մասին:

«Իհարկե, մենք հետևում ենք բոլոր զարգացումներին, բայց պետք է տարանջատենք և հստակ հասկանանք, որ, թեպետ պատերազմը ռազմի դաշտում կանգնած է, բայց տեղեկատվական դաշտում պայքարը շարունակվում է, և մենք չպետք է իրենց տարածած նորություններից ահաբեկվենք, առավել ևս՝ վախենանք, մտածենք՝ նոր պատերազմ է, թշնամին հարձակվում է, և այդ լուրերը տարածվում են ամենուր: Ոչ, զորավարժություններ է, էլի, թող անցկացնեն, մենք էլ ենք անցկացնում, հետո՞, ոչ մի բան դա չի փոխում»:

Անդրադառնալով Ռուսաստանից Ադրբեջան նոր զինատեսակներ բերելու մասին Ադրբեջանի տարածած տեղեկատվությանը՝ Դ. Բաբայանը նշեց, որ դա տեղեկատվական պատերազմի մի ձև է. «Նրանք ուզում են մեզ ահաբեկել. հասկացան, որ ռազմի դաշտում չի ստացվում, բայց ավելի էֆեկտիվ է հաղթել հակառակորդի ուղեղը, քան ռազմի դաշտում»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս