«Լեռնային Ղարաբաղի հետ դուք՝ անցյալի խավար ուժերդ, հառնում եք մոխիրներից». թուրք քաղաքական գործչի նամակը՝ Անրի Վերնոյին

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին 168.am-ը հրատարակում է պատմական նշանակության բացառիկ արժեքավոր նամակների ընտրանի՝ գրված հայ ժողովրդի համար եղերական ջարդի տարիներին՝ ականատեսների, Ցեղասպանության մասնակիցների, վերապրածների, հայտնի քաղաքական գործիչների կողմից, թվագրված 1914-19թթ.:

1995 թվականին ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյը (Աշոտ Մալաքյան) ստիպված եղավ պատասխան նամակով արձագանքել Թուրքիայի Հանրապետության կառավարության անդամ, այդ երկրի առողջապահության (1987-1988 թթ.), ապա (1991-1992 թթ.)՝ տուրիզմի նախարար, Եվրախորհրդարանում Թուրքիայի ներկայացուցիչ Բյուլետն Աքարջալըի զայրացած նամակին, որով վերջինս հայ ռեժիսորին կոչ էր անում դադարել ատելություն սերմանելուց, հայ-թուրքական թշնամանք բորբոքելուց, իբր հանուն Անրի Վերնոյի (Anri Vernoy) մութ խաղերի՝ քրիստոնյա-մահմեդական, Ֆրանսիա-Թուրքիա հարաբերությունների մեջ սեպ խրելուց:

Թուրք քաղաքական գործիչը հորդորում է Վերնոյին հանգիստ թողնել իրար հետ դարեդար հաշտ ու համերաշխ ապրող հայ և թուրք ժողովուրդներին՝ սպառնալով վերջինիս այսպես. «Ատելություն վաճառելու համար դուք կկորցնեք ամեն ինչ…»:

Թուրք Աքարջալըի զայրույթի պատճառը 1995թ. մարտի 9-ին՝ «20 ժամ հեռուստատեսային նորություն» հաղորդաշարի շրջանակներում, Անրի Վերնոյի մասնակցությունն էր:

Ստորև ներկայացնում ենք Թուրքիայի Հանրապետության կառավարության անդամ Բյուլետն Աքարջալըի և հայազգի ռեժիսոր Անրի Վերնոյի նամակագրությունը:

«Պարո´ն

Ես Ձեզ գրում եմ այս երկուշաբթի՝ մարտի 9-֊ին՝ «20 ժամ հեռուստատեսային նորություն» հաղորդաշարի շրջանակում Ձեր մասնակցությունից հետո, որը դիտելիս ես շատ վրդովվեցի։

Բոլորիս հայտնի է, որ պատերազմից ի վեր գոյություն ունեն «ատրճանակ վաճառողներ»։ Ձեզ ունկնդրելով՝ հասկացա, որ կան նաև «զգացմունք վաճառողներ». Դուք ատելություն եք սերմանում, պարոն Վերնոյ։ Դուք շահարկում եք սփյուռքահայերի և ֆրանսիացիների զգացմունքները միաժամանակ։ Դուք չեք բավարարվում միայն հայ-թուրքական թշնամանքը բորբոքելով։ Հանուն Ձեր մութ խաղերի՝ Դուք փորձում եք քրիստոնյա-մահմեդական՝ Ֆրանսիա-Թուրքիա հարաբերությունների մեջ ևս հարկադրել նույն ձևաչափը։

Դուք ապրում եք անցյալով, և միայն արյան հոտը կարող է Ձեզ սթափեցնել։ Դուք օգտվում եք հնարավոր առիթից։ Գնացեք վերականգնեք ՀԱՀԳԲ-ն՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ASALA), որ սպանեք, սպանեք նորից և Արևմուտքի առջև ներկայանաք որպես զոհեր։ Դուք, գուցե, Ձեզ համարում եք պատմական ճշմարտության կրողը, ոչ ոք չի կիսում Ձեր կարծիքը։ Եվ ուրեմն, եթե փաստերը դեմ են Ձեր ճշմարտությանը, բավական է այն քողարկել հորինված փաստաթղթերի մի լավ տրցակով։ Բղավում եք, արտասվում, անիծում: Դուք բեմադրում եք զինված հակամարտություն։ Ատելությունն է Ձեր կյանքի միակ նպատակը։ Ի՞նչ եք անելու, եթե հայերն ու թուրքերը հաշտ ապրեն, ինչպես ապրել են դարերով։ «Ատելություն վաճառելու» համար դուք կկորցնեք ամեն ինչ։ Ինչո՞ւ եք ատում խաղաղությունը։ Դուք 5 րոպեում վտանգեցիք ամենը, ինչ Երևանն ու Անկարան տարիներ ի վեր փորձում էին կառուցել։

Դուք՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների հայ համայնքների անպատասխանատուներդ, չկարողացաք սանձել ձեր սեփական եսապաշտությունը՝ հանուն մեր երեխաների ապագայի։ Դուք չվարանեցիք 1992 թ. ծածանել 20-ականների մի պաստառ՝ որպես վրեժի դրոշ, մեկ այլ անպատասխանատուի ձեռնարկ։

Չե՞ք կարծում, որ վաղուց ժամանակն է մեր երեխաներին ազատել ենթադրյալ անցյալի բեռից, որպեսզի նրանք սովորեն նորից խաղալ միասին, ապրել միմյանց հարևանությամբ, ինչպես անում էին նրանց նախնիները։ Ահա սա է, որ վերջին 5-6 տարիներին փորձում են իրականացնել Անկարայի և Երևանի խիզախ մարդիկ։ Խաղաղության՝ Ձեզ համար անտանելի այս հեռանկարը Ձեզ ստիպեց նորից դիմել սպառնալիքի Ձեր զզվելի միջոցներին՝ հիմնված անցյալից եկող Ձեր զգացումների շահարկման վրա։ Լեռնային Ղարաբաղի հետ դուք՝ անցյալի խավար ուժերդ, հառնում եք մոխիրներից»։

Բյուլենտ Աքարջալը, 1995

«Պարո´ն,

Ձեր հիստերիկ, անիմաստ խոսքից, որ բաղկացած էր մի շարք վերամբարձ ածականներից, որոնց իմաստը, ասես, ինքներդ էլ չեք ըմբռնում, ենթադրում եմ, որ այդքան էլ գոհ չեք 5-րդ ալիքի «Հեռուստատեսային նորություններ» հաղորդաշարին իմ հյուրընկալությունից։ Տեղին կլինի «կարոտով» հիշել մեզ քաջ հայտնի ռեժիմներից մեկը, երբ անմիջապես ձերբակալվում էին նրանք, ովքեր արտահայտվել էին ավելին, քան «կարելի» էր. այդպե՞ս չէ։

Դեռևս անցյալ տարի «Միջազգային ներումը» և մարդու իրավունքների պաշտպանները քաղբանտարկյալների խոշտանգումների ցուցանիշով Ձեր երկիրը համարում էին առաջատարը։ Անշուշտ, սա է Ձեզ «թույլ տալիս» ինձ անկեղծության, ժողովրդավարության և մարդասիրության դասեր տալ։ Հավելեմ նան, որ հայկական Սփյուռքը որևէ առնչություն չունի այդ «փառահեղ» կոչման հետ, որով Ձեզ «կնքել է» քաղաքակիրթ աշխարհը։

Դուք, պարոն, փաստորեն վրդովվել եք, որ ես ինձ թույլ եմ տվել բարձրաձայնել, որ Ձեր կառավարությունը թուրքական սահմանին արգելափակել է սննդամթերք, այդ թվում՝ երեխաների համար նախատեսված կաթ տեղափոխող բեռնատար մեքենաների մուտքը դեպի երիտասարդ և ժողովրդավարական հայկական անկախ հանրապետություն (իմ ձեռքին են արգելափակված բեռնափոխադրողների հեռագրերը)։ Եվ միևնույն ժամանակ Դուք առաջարկում եք Ձեր մեծահոգի միջամտությունը այն Հայաստանին, որի բնակչության մի մասին սովի եք մատնել։ Թուրքիան և Հայաստանը չեն պատերազմում, ուստի դուք լիովին ոտնահարում եք միջազգային օրենքները՝ դառնալով, ակնհայտորեն, ոչ այդքան վստահելի միջնորդ։ Իսկ գուցե դա հետևանքն է Ձեր Հանրապետության նախագահի՝ «մեծ պետական գործչին վայել» ճարտարախոսության. «Պետք է մի փոքր վախեցնել հայերին…»։

Ձեր ոչ այդքան հստակ ֆրանսերենից, խոստովանեմ, այդպես էլ չհասկացա, թե իմ ելույթն ինչպես էր առնչվում քրիստոնեա-մահմեդական՝ ֆրանսիացիներ-թուրքեր հարաբերություններին։ Իսկ, երբ փաստում եք, թե «միայն արյան հոտը կարող է ինձ սթափեցնել…», Դուք հասնում եք հոգեկան զառանցանքի սահմաններին։

Պարոն Աքարջալը, պարզապես՝ ավելի քիչ խեղկատակություն և ավելի շատ զգուշություն։ Դուք անհամեմատ մոտ եք ապրում Խարբերդի և Տրապիզոնի ճանապարհներին, որտեղից տարածվում է այդ արյան հոտը, բայց դա չի խաթարում Ձեր քունը, քանի որ Ձեր վրդովմունքն էլ ընտրողական է։

Դուք օգտագործում եք այն նույն բառերը, ինչ Ձեզ նախորդող չարաբաստիկ երիտթուրքերը. «Մոռանանք անցյալը, սկսվում է եղբայրության դարաշրջանը», ահա թե ինչու, ասես, «անցյալի մարդ» լինեք։

…1895-1909-1915 թթ. ամեն անգամ մի նոր դժոխք, արցունքներ և գլխատված գանգերի բուրգեր։ Ուստի թույլ տվեք թերահավատորեն վերաբերվել Ձեր կարգախոսներին, որոնք առավել արժանի են լինելու տուրիստական պաստառներին, «Համեցեք եղբայրական Թուրքիա, և թող մեր երեխաները խաղան միասին…», մինչդեռ Ձեր որջերում մի քանի կեղծ պատմաբանների օգնությամբ 80 տարի անց շահարկում եք պատմական ճշմարտության ժխտելիությունը։

Միայն նրանք կարող են ձևացնել, թե հավատում են Ձեզ, ովքեր անամոթաբար պետական շահը պայմանավորում են մի քանի հետամնացների հետ ունեցած ավտոմեքենաների, ինքնաթիռների կամ գործարանների առևտրով։ Նման դեպքերի համար հնուց եկող մի խոսք կա. «հոգին վաճառել հանուն մի աման ապուրի…»։ Լավ եմ հասկանում նաև սփյուռքահայերի հանդեպ Ձեր զայրույթը. Դուք նրանց վիրավորում եք, քանզի հայերին հանդուրժում եք միայն կոտորված, համր և առանց հիշողության։ Երբ ապագային փոխանցվող հիշողությունն այն չէ, ինչ դուք կցանկանայիք, դուք այն սահմանում եք՝ որպես «անցյալի ապրումների չարաշահում»։ Դուք ընդունեցիք լատինական այբուբենը, հրաժարվեցիք ֆեսից և Ձեր ազգային տարազից, բայց, ցավում եմ, մենք դեռևս ապրում ենք տիեզերքի հակառակ բևեռներում։

Այդուհանդերձ, պարոն Աքարջալը, անկախ անցյալից՝ մենք կարող էինք լինել ընկերներ։ Ես ծանոթ եմ մեկ տասնյակ թուրք ընտանիքների, որոնք ինձ համար շատ թանկ են, և նրանք չեն հեռանում Փարիզից՝ առանց ինձ այցելելու։ Մեր մեջ, իսկապես, փոխադարձ ցանկություն կա մոռանալու… Համոզված եմ՝ նրանք ի զորու են քաջությամբ կրելու իրենց անցյալի սև ժամերը։ Մեր մեջ կան «չասված» բաներ, մենք հարգում ենք միմյանց արժանապատվությունը։

Ներեցեք, բայց պետք է ասեմ, որ չեմ հավատում խաղաղություն ցանկացող Ձեր ոչ մի բառին։ Ձեր միակ մտահոգությունն է վերականգնել Ձեր վարկանիշը 72 քաղաքակիրթ երկրների առջև, որոնց շարքում շատ կուզեիք ներգրավվել։

Ոչ ոք, անգամ հայերը չեն ցանկանում Ձեզ վերագրել 1995 թ. զանգվածային կոտորածների մեղքը և պատասխանատվությունը, բայց հավատարիմ մնալով ոճրագործներին՝ Դուք անմտորեն և անկեղծորեն դառնում եք նրանց հանցակիցը։ Դուք առաջարկում եք ջնջել անցյալը, բայց Թալեաթ Փաշայի փառքի դամբարանն եք կանգնեցնում։

Միայն մեծ, քաղաքակիրթ ազգերին է հատուկ կրել սեփական անցյալի սև ժամերը։ …Իտալիան չի փորձում ջնջել իր մուսոլինիական ժամանակաշրջանը, և երբեք Գերմանիան չի եղել ավելի հզոր, քան այն ժամանակ, երբ կանցլերը ծնկի իջավ այն նույն վայրում, որտեղ նացիստները բնաջնջեցին հրեաներին։ Սա է, պարոն, այն «ակումբը», ուր ցանկանում եք մտնել առանց դրա մասին պատկերացում անգամ ունենալու»։

Անրի Վերնոյ (Աշոտ Մալաքյան)
1995

Նամակագրությունը վերցված է «Պատասխան 100 տարի անց» երկլեզու պատկերագրքից:

Պատրաստեց ՆՎԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ

 

Տեսանյութեր

Լրահոս