Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկը, ընտանիքի, կինոյի ու ընտանեկան բիզնեսի մասին. ForbesWoman-ի անդրադարձը
Միլիարդատեր Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը, ծավալուն հարցազրույց է տվել ForbesWoman-ին, որտեղ խոսել է ընտանիքի, կինոյի ու շինարարական բիզնեսի մասին:
«Սինեմա Սթար» կինոթատրոնի դատարկ սրահ` Լենինի պողոտայում: Լուսանկարիչը տեղադրում է լույսը ու հաջող դիրքեր հուշում հերոսուհուն: «Իսկ կարո՞ղ եք ոտքերը գցել բազկաթոռի թիկնակին»: «Անխոս, բայց ընտանիքս դրան հավանություն չի տա»,- ասում է նա:
Կինոթատրոնների ցանցի կառավարիչ Տաթևիկ Կարապետյանը միլիարդատեր Սամվել Կարապետյանի դուստրն է (Forbes-ի ցուցակում 26-րդը, ում կարողությունը հասնում է 4 մլրդ դոլարի): Աղջիկը մանկուց գիտեր, որ աշխատելու է հորը պատկանող «Տաշիր» ընկերությունների խմբում:
Աղջիկը խոստովանում է, որ ընտանեկան բիզնեսում է 22 տարեկանից, ու մտքով չի էլ անցել այլ սցենար՝ աշխատել այլ վայրում:
«Հայրս միշտ շեշտում է, որ ստեղծում է բիզնեսը մեզ համար: Եվ թողնել ամեն ինչ ու այլ մարդու համար աշխատել, հանուն ինչի՞»,- անկեղծանում է նա:
Հարցին, թե որ տարիքում է գիտակցել, որ իր ընտանիքն ապահովված է, Տաթևիկը պատասխանում է, որ ինքն անցել է իր ընտանիքի կայացման ճանապարհով ու շատ լավ է հիշում այն ժամանակները, երբ շատ համեստ էին ապրում: «Ես սովորում էի Կալուգայի սովորական դպրոցում, ամեն ամառ գալիս էի Հայաստան՝ գյուղ, տատիկիս ու պապիկիս մոտ: Սակայն միշտ հիանալի գիտակցում էի, որ մենք ավելի բարեկեցիկ ենք ապրում, քան իմ հասակակիցների ընտանիքները: Մենք երբեք դա չէինք թաքցնում: Ծնողներս սովորեցնում էին միշտ ու բոլորի հետ լինել հավասար»,- ասում է Ս. Կարապետյանի դուստրը:
Նրա խոսքով՝ իրենց ոչնչում չեն սահմանափակել՝ խաղալիքներից սկսած՝ մինչև ավելի գլոբալ հարցեր:
«Ուզո՞ւմ ես՝ բացատրիր հստակ, թե ինչի՞ համար է դա քեզ պետք: Ծնողները կարծում են, որ, եթե սահմանափակեն ինչ-որ բան, ապա մենք դա ավելի շատ կցանկանանք: Իսկ նրանց համար շատ կարևոր էր, որ մենք միշտ հնարավորություն ունենային ինքնուրույն կայացնել որոշումներ: Կարծում եմ՝ նման վերաբերմունքով նրանք սովորեցրել են մեզ չկենտրոնանալ նյութական բաների վրա ու գիտակցաբար վերաբերվել դրամին»:
Տաթևիկ Կարապետյանը սովորել է Լոնդոնի լեզուների դպրոցում ու Շվեյցարիայի Le Rosey ինստիտուտում: Այնուհետ ընդունվել է ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարան: «Բուհի ընտրությունն իմ անձնական որոշումն էր»:
Հարցին, թե ինչու է մեկնել արտերկիր ուսանելու, Տաթևիկ Կարապետյանը պատասխանում է, թե շատ էր ցանկանում, սակայն ծնողները դեմ էին:
«Այդ ժամանակ ես չէի հասկանում, սակայն մեծանալով՝ գիտակցեցի, որ դա, ըստ երևույթին, լավագույն որոշումն էր: Առաջին հերթին՝ ծնողներս չէին ցանկանում բաց թողնել իմ ու եղբորս հասունացման շրջանը, երկրորդ՝ մեզ մանկուց սովորեցրել են, որ մենք մի թիմ ենք ու պետք է աջակցենք միմյանց: Մենք շատ միասնական էինք, մեզ բաժանելը սխալ կլիներ: Հայրս բացատրում էր, որ, եթե մենք գնանք, ապա չենք հասկանա Ռուսաստանում կյանքի յուրահատկությունը»,- պատմում է նա:
Տաթևիկն ունի երկու եղբայր՝ Սարգիսն ու Կարենը:
«Մեր ընտանիքում ընդունված է աշխատելը: Ու դա է մեր կենսակերպը: Համալսարանի 4-րդ կուրսում էի, երբ եկա ընկերություն: Հայրս կցեց ինձ առաջին փոխնախագահին, որը դարձավ իմ կուրատորը: Ինձ մանրամասն ծանոթացնում էին ընկերության տարբեր ոլորտների աշխատանքի հետ: Ես անցա բիզնես վարելու լուրջ պրակտիկա, այլ ոչ թե սովորեցի գրքերից: Իսկ հետո հայրս ասաց՝ ընտրիր: Ես կատարեցի ընտրություն՝ հօգուտ կինոթատրոնների ցանցի: Հայրս աջակցեց:
«ՌԻՕ» առևտրի կենտրոնում գտնվող կինոթատրոնն իմ առաջին օբյեկտն էր: Ես այն զրոյից եմ կառուցել: Այդ մեկ ճյուղի հիման վրա կարելի է պատկերացում կազմել, թե ինչպես է գործում ողջ խումբը, քանի որ կինոթատրոնները ենթադրում են գործառնական բիզնես, ֆինանսներ, շինարարություն, food&beverage: Անձամբ եմ նախագծել, ընտրել աշխատակիցներին: Մինչ շինարարությունը սկսելը ես Նյու Յորքում էի, որտեղ ինձ ոգևորել էր Թայմս-Սքվերը: Ես ուզեցի այդ մթնոլորտը տեղափոխել նոր օբյեկտ, որ լիներ փայլող պանելների, լույսի, շարժման, տոնի զգացողություն:
«Սինեմա սթար» ցանցը հիմնադրվել է 2005-ին: Ես եկա ղեկավարության 2012-ին: Առաջին բանը, որ պետք է անեի՝ ռեբրենդինգն էր: Ռեբրենդինգը բավական բարդ գործընթաց է ցանկացած ընկերության համար, հայրս շատ լավ հասկանում էր դա և աջակցեց ինձ: Անհրաժեշտություն կար ժամանակին համընթաց քայլել:
«Սինեմա սթար» ցանցը հիմնադրվել է 2005-ին, ես սկսեցի ընկերությունը ղեկավարել 2012-ից: Առաջին բանը, որ պետք է անեի՝ ռեբրենդինգն էր: Մենք կառուցում էինք գերժամանակակից առևտրի կենտրոններ, իսկ կինոթատրոններն այս մակարդակին չէին:
Հայրս շատ լավ հասկանում էր ու աջակցում:
Ռեբրենդինգը հեշտ գործընթաց չէ ցանկացած ընկերության համար, և առաջին հերթին՝ այն պայմանավորված է ժամանակին համընթաց քայլելու անհրաժեշտությամբ:
Կինոինդուստրիայի համար դա ավելի կարևոր է: Ինչպես ցույց է տալիս համաշխարհային պրակտիկան, բրենդի նորացում պետք է տեղի ունենա յուրաքանչյուր 5-7 տարին մեկ: Դեռ 5-7 տարի առաջ հանդիսատեսի հետ շփումը շատ սահմանափակ էր: Այն ժամանակվա հանդիսատեսին այսօրվանի հետ չես համեմատի: Այդ պատճառով էլ ռեբրենդինգը բավական տրամաբանական էր:
2014-ին ես ձեռնամուխ եղա «Տաշիրի» ռեբրենդինգին: Փոխեցինք լոգոտիպը, փոփոխվեց նաև «ՌԻՕ» բրենդը: Դա թույլ է տալիս բրենդին՝ վստահորեն պահպանել դիրքերը՝ չնայած շուկայի դժվարին վիճակին:
2014թ. մենք ունեինք 4,2 մլն հանդիսատես, 2015-ին՝ 4,8 միլիոն:
Ինձ հաճախ են հարցնում՝ ցանկանո՞ւմ ենք արդյոք լինել թիվ մեկը՝ կինոթատրոնների ցանցում: Նման նպատակ չկա: Նպատակը որակյալ արտադրանքն է, արժանապատիվ կինոթատրոնները:
Խոստովանեմ, որ ֆինանսական ցուցանիշներով անկում մենք մեզ մոտ չենք տեսնում, ավելին ասեմ, անգամ ցանցում մի փոքր աճ կա: Ես չէի ցանկանա շուկայի վիճակի մասին խոսել՝ որպես անկում ապրող: Այո, կա սպառողական պահանջարկի ակնհայտ նվազում, տեղին է ասել, որ բիզնեսի համար պայմաններն ավելի կոշտ են դարձել: Դա պարտավորեցնում է ընկերությանը՝ հարմարվել ավելի աճող պահանջարկին ու ժամանակի պահանջներին:
Մեր ժամանակներում շատ կարևոր է, որ կինոն պահպանի զվարճանքի մատչելի, հասանելի տեսակի կարգավիճակը: Դրա համար փորձում ենք պահպանել գների նախկին մակարդակը: Ու, իհարկե, մեր հաջողությունն առաջին հերթին՝ կախված է կոնտենտից:
Բոլոր կինոթատրոններից իմ ամենասիրածը Լենինսկի պողոտայի «Սինեմա սթարն» է, քանի որ իմ առաջին օբյեկտն է, ու այդ պատճառով էլ՝ ամենասիրելին: Ես կինոն նայում եմ բոլորի հետ:
Հաճելի է նստել լիքը դահլիճում: Իսկ եթե լիքը չէ, հարցեր են առաջանում: Կարծում եմ՝ իմ աշխատակիցներն այնքան էլ ուրախ չեն, որ ես կինո եմ գնում, քանի որ ամեն անգամ նրանց մանրուքներ եմ մատնանշում՝ օդափոխությունն է աղմկում, ինչ-որ բան է պոկվել: Չեմ կարողանում կինո գնալ՝ որպես հասարակ հանդիսատես: Նույնիսկ ճանապարհորդությունների ժամանակ ուշադրություն եմ դարձնում, թե այլ երկրների կինոթատրոններում ինչ սարքավորումներ կան, ինչ էկրաններ: Ամենավառ տպավորությունն ինձ վրա թողել է Իսրայելի Cinema City կինոթատրոնը:
Իմ տրամադրության տակ կա 1000 մարդ, նրանցից 93-ն աշխատում է կենտրոնական գրասենյակում: Ես աշխատում եմ սերտորեն համագործակցել իմ կինոթատրոնների հետ՝ ընդհուպ մինչև գանձապահներ:
Ազատ տիրապետում եմ անգլերենին, հիմա սովորում եմ ֆրանսերեն: Բացի այդ, ամեն երկու-երեք ամիսը մեկ ընտանիքի հետ մի տեղ մեկնում ենք, ու հիմա մեզ է միացել ևս մեկ մեծ ճանապարհորդ՝ որդիս:
Ստիպված եմ լինում առաջնահերթություններ ընտրել: Ես աշխատում եմ խելամիտ հավասարակշռություն պահպանել: Որդուս ծնունդից երեք ամիս անց վերադարձա աշխատանքի: Մի կողմից՝ մայրս է ինձ օգնում, մյուս կողմից՝ թիմս: Ճիշտ որոշումներից մեկն առանցքային պաշտոններում պրոֆեսիոնալների նշանակելն է:
Իմ հիմնական նպատակը՝ որ ամեն ինչ լինի բաց և թափանցիկ: Բոլոր հարցերը լուծվում են օնլայն: Օրինակ, կարիք չկա գնալ օբյեկտ՝ ներկված պատը տեսնելու: Շինարարները կարող են պարզապես ինձ ուղարկել նկարը կամ տեսագրությունը: Եթե հասկանում եմ, որ բանվորների հետ կապ չունեմ, ապա նրանց հեռախոսներ եմ տրամադրում: Սկզբում, իհարկե, զարմանում էին, բայց հիմա արդեն սովորել են:
Երբ ամուսինս ինձ առաջին անգամ տեսավ, ասաց, որ ես դառնալու եմ իր կինը: Ես ծիծաղեցի, սակայն, ինչպես ժամանակը ցույց տվեց, նա չէր կատակում. մենք, արդեն 6-րդ տարին է՝ ամուսնացած ենք:
Հայրս սկզբում ծանր էր տանում, ինչպես ցանկացած հայր, քանի որ նրա սիրելի ու միակ դուստրն էի: Սակայն դա, հավանաբար, առաջին ռեակցիան էր, որը բավական արագ անցավ:
Տանն ակտիվորեն քննարկում ենք աշխատանքը: Այն մեզ համար հոբբի է: Մենք մեր գործի երկրպագուներն ենք: (Տաթևիկի ամուսինը նույնպես աշխատում է «Տաշիրում»): Մենք հազվադեպ ենք հանդիպում օրվա մեջ, այնպես որ, տնային մինի-հավաքներն օգնում են արագ հարթել աշխատանքային հարցերը:
Մայրս նույնպես բիզնես լեդի է: Նա 17 տարի առաջ Կալուգայում բացեց իր սպա-կենտրոնը: Դա հորս նվերն էր փոքր որդու ծննդյան կապակցությամբ: Հիմա նա ունի Best սրահների ցանցը՝ առևտրային կենտրոնների ցանցում, ու մեծ սպա-կենտրոն՝ Մոսկվայում:
Հայրս մեզ երես չի տալիս, նա զուսպ է գնահատականներ տալու հարցում: Եթե արտահայտվում է, ապա ավելի շուտ դժգոհում է:
Նա երբեք կտրականապես կոշտ «ոչ» չի ասում: Նա ասում է`«Համաձայն չե՞ս: Գնա, փորձիր»: Դու փորձում ես, սխալվում, հետո գալիս ես ու ասում`«Այո, դու ճիշտ ես եղել»: Բայց եթե հանկարծ մոտդ ստացվում է, ապա նա հպարտության մեծ զգացում է ապրում»:
Պատրաստեց Կարմեն Ղուկասյանը