«Ընտրական գործընթացի ամենաթույլ կետերից առաջինն ընտրողների ռեգիստրն է». Պյոտր Սվիտալսկի

Ընտրական օրենսգիրքը, ընտրական գործընթացները Հայաստանում բարելավման կարիք ունեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

«Հայաստանի Հանրապետության նախագահը մի քանի առիթներով ասել է, որ Հայաստանը ցանկանում է Եվրոպական միության հետ հարաբերություններ կառուցել ընդհանուր արժեքների հիման վրա: Դա շատ կարևոր հայտարարություն է, մենք շատ լրջորենք ենք ընկալում այն, և ուրեմն մենք կցանկանայինք մեր հայ գործընկերների հետ քննարկել, թե ինչպես կարելի է խորացնել, ամրապնդել այդ ընդհանուր արժեքները Հայաստանի առօրյա կյանքում, պրակտիկայում:

Մենք ուզում ենք օգնել Հայաստանին, որպեսզի պետությունը, հասարակությունն արդիականացվեն, և այդ արդիականացման գործընթացի լավագույն ուղին է այնպիսի կառուցակարգեր, ինստիտուտներ, օրենքներ և գործելակերպ որդեգրելը, որոնք եվրոպական կլինեն: Եվ, ինչպես տեսաք GSP պլյուս-ի զեկույցում, մենք նշում ենք, թե որ ոլորտներում են բացերը, թերությունները, որոնցում է, որ Հայաստանը, ինստիտուտները, կառավարությունը և քաղաքացիական հասարակությունը պետք է ավելի մեծ ջանք գործադրեն, պետք է հետևեն Եվրոպական միության լավագույն պրակտիկային: Սա հաշվի առնելով հանդերձ՝ մենք նաև ներկայումս մարդու իրավունքների բյուջետային օժանդակության կոնկրետ ծրագիր ենք իրականացնում, որով Եվրոպական միությունը գումար է տրամադրում, որպեսզի օգնի Հայաստանի իշխանություններին՝ կատարելու այդ չափորոշիչները:

Դուք ինձնից լավ գիտեք, թե որտեղ են թերությունները: Ընդամենը մի քանի օր առաջ կարելի էր ընթերցել և ուսումնասիրել ԺՄԻԳ-ի զեկույցը՝ վերջին հանրաքվեի վերաբերյալ: Այո, Ընտրական օրենսգիրքը, ընտրական գործընթացները Հայաստանում բարելավման կարիք ունեն, և ԺՄԻԳ-ի զեկույցը դրա հերթական ապացույցն է, դրա հերթական վկայությունն է, դրան լրջորեն վերաբերվեք:

Տնային աշխատանքն արեք: Հայաստանի ժողովուրդը, Հայաստան պետությունը մեծապես կշահեն, եթե այդ հանձնարարականները, այդ քննադատական մեկնաբանություններն ի կատար ածվեն: GSP պլյուս-ի զեկույցում այլ հարցերի մասին է խոսվում՝ խտրականության բացառման, փոքրամասնությունների կարգավիճակի, հասարակության մեջ կանանց դերի բարձրացման մասին, և այլն, և այլն: Օրակարգը բավական հարուստ է: Հայաստանը կարող է ակնկալել մեր օժանդակությունը:

Եվրոպական միությունը չի փորձում ինչ-որ բան թելադրել Հայաստանին: Ոչ, բնավ, մենք ընդամենը շատ լրջորեն ենք ընկալում նախագահի այն ուղերձը, որ ընդհանուր արժենքներն են մեր հարաբերությունների հիմքը: Ահա այսպես է, որ GSP պլյուս-ի զեկույցը, ԺՄԻԳ-ի զեկույցը և մյուս զեկույցները պետք է հենց այսպես մեկնաբանել:

Միևնույն ժամանակ, ինչպես գիտեք, Հայաստանը կարող է GSP պլյուս-ի ռեժիմից օգտվել, մենք քաջալերում ենք, որ լավ օգտագործեք, ձեր արտահանումը խթանեք, Հայաստանի ապրանքներն առաջ մղեք: Հայաստանը եվրոպական շուկա ազատորեն մուտք գործելու հնարավորություն ունի, իմիջիայլոց: Դա պահպանվում է հիմա՝ չնայած այն փաստին, որ Հայաստանը չուզեց ասոցիացման ուղիով ընթանալ, որոշ առումով Հայաստանը, կարելի է ասել, կորուստ չկրեց այն փաստի հետևանքով, որ Ասոցացման համաձայնագիրը չի գործում, այնքանով, որքանով Եվրոպական միության շուկան բաց է մնում հայկական ապրանքների համար»,- ասաց դեսպանը:

Նա նշեց, որ հավատացած են՝ 2017թ. ընտրություններն առանցքային, վճռորոշ կլինեն Հայաստանի ապագայի համար. դա կլինի առաջին համապետական ընտրությունը, որը կանցկացվի սահմանադրական նոր կարգի հիման վրա, ըստ որի՝ Հայաստանը նախագահականից խորհրդարանական մոդելի անցում է կատարում.

«Որոշ առումով սա նաև նախադեպ է: Մենք հուսով ենք, որ դա լավ նախադեպ կլինի: Ինչն է կարևորվում այստեղ: Մի կողմից՝ շարքային քաղաքացիների վստահությունն ընտրական գործընթացի արդարության նկատմամբ և Հայաստանի ժողովրդավարական կառույցների լեգիտիմության նկատմամբ, իսկ մյուս կողմից՝ Հայաստանի միջազգային հեղինակությունը, իմիջը: Եթե ընտրություններն այնպես են անցկացվում, որ կասկածներ են ծագում, վստահության պակաս կա, ապա ոչ հայերը կկարողանան սեփական պետական կառույցներին, ընտրական գործընթացներին վստահել, ոչ էլ Հայաստանի միջազգային իմիջը, հեղինակությունը կնպաստի, որպեսզի ավելի շատ ներդրումներ բերվեն Հայաստան, ավելանա արտաքին առևտուրը, և այլն: Ուստի մենք ասում ենք հետևյալը. ուշադիր դիտարկեք ԺՄԻԳ-ի զեկույցը, որովհետև բոլոր թույլ կետերը, թերություններն այնտեղ մատնանշված են: Եվ առաջին անգամ չէ, որ ԺՄԻԳ-ը մատնացույց է անում այդ թերությունները:

Երբ ես խոսում եմ իշխանությունների հետ և ընդդիմության հետ, ես տեսնում եմ, որ խնդիրների ախտորոշումը մեծ մասամբ ընդհանուր հայտարարի բերված է:
Որո՞նք են ընտրական գործընթացի ամենաթույլ կետերը. առաջին՝ ընտրողների ռեգիստրը: ԵԱՀԿ-ի զեկույցում հաստատվում է, որ դա Հայաստանի ընտրական գործընթացի թույլ կետն է: Երկրորդ թույլ կետն ընտրական գործընթացն է՝ քվեարկության օրը, թվերի հաշվարկը և աղյուսակավորումը կամ ամփոփումը: Եվ եթե նորից դիտարկեք ԵԱՀԿ-ի զեկույցը, կտեսնեք, որ դա այնտեղ հաստատված է: Նշված է, հստակորեն ձևակերպված է այդ զեկույցում, որ ԺՄԻԳ-ի թիմը սեփական աչքերով տեսավ, թե որոշ քվեներ ինչպես զրոյացվեցին՝ սովորական կարգին հակառակ:

Այսինքն՝ մի բան սխալ է, եթե նույնիսկ դիտորդների ներկայությունը չի կանխել վատ պրակտիկան: Մենք բոլոր քաղաքական կուսակցություններին, կառավարությանը, իշխող կուսակցությանը, իշխանամետ կուսակցություններին և ընդդիմադիր կուսակցություններին կոչ ենք անում ներգրավվել երկխոսության մեջ, ընդունել ընտրական նոր օրենսգիրք ներառական գործընթացով և լրջորեն անդրադառնալ այս թույլ կետերին, այս թերություններին, որոնք հստակորեն նկարագրվել են ԵԱՀԿ-ի կողմից:

Առանց դրանք հաղթահարելու միշտ կլինի կասկածի մթնոլորտ, վստահության պակաս, հակասականություն, և Հայաստանի միջազգային հեղինակությունը դրանից միշտ կտուժի, իսկ ես կարծում եմ, որ հայերը պետք է կարևորեն իրենց միջազգային հեղինակությունը»,- հայտարարեց Պյոտր Սվիտալսկին:

Տեսանյութեր

Լրահոս