Forbes-ը PicsArt-ը ճանաչել է 2015-ի ամենաթեժ 50 ստարտափներից մեկը
Հայ ծրագրավորողների ստեղծած PicsArt ընկերությունը, որի համանուն հավելվածը նախատեսված է լուսանկարների խմբագրման համար, Forbes-ի կողմից ճանաչվել է Սիլիկոնյան հովտի 2015թ. ամենաթեժ 50 ստարտափներից մեկը (2015 Forbes Hottest Startups):
5-րդ հորիզոնականը զբաղեցրած ընկերությունը Forbes-ի կողմից գնահատվել է $250 մլն:
Վարկանիշը կազմվել է մասնավոր ընկերությունների հետազոտություններով զբաղվող Pitchbook ընկերության տրամադրած տվյալների հիման վրա:
«Ցանկում ներառված են միայն այն մասնավոր ընկերությունները, որոնք, նորմատիվ փաստաթղթերի համաձայն, ֆինանսավորման նոր տրանշներ են ներգրավել 2015-ի ընթացքում»,- նշել են Forbes-ում:
Ըստ պարբերականի՝ վարկանիշում ներառված ստարտափները 2015թ. ամենապահանջվածներն են. «նրանց հարցում ներդրողները մեծ հույսեր են կապել եւ դուրս գրել ամենամեծ բանկային հաշիվները»:
50 ամենաթեժ ստարտափները, ընդհանուր առմամբ, 2015թ. ընթացքում ներգրավել են ավելի քան $7 մլրդ ֆինանսավորում, իսկ դրանց ընդհանուր արժեքը (total valuation) կազմում է $120 մլրդ:
Վարկանիշի առաջատարը Uptake Technologies-ն է՝ $1.5 մլրդ, իսկ Uber-ը 16-րդ հորիզոնականում է՝ $64 մլրդ արժեքով:
Ամբողջական ցանկը հասանելի է այստեղ:
PicsArt-ը ֆոտոխմբագրիչ է եւ միավորում է արվեստասերներին: Այն համարում են Photoshop-ի եւ Instagram-ի խառնուրդ: Ընկերությունը ամերիկյան Sequoia Capital վենչուրային ընկերությունից այս տարվա փետրվարին $10 մլն, իսկ հունիսին՝ եւս $15 մլն ֆինանսավորում է ստացել:
PicsArt-ի մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ:
Աղբյուրը` itel.am: