Բացահայտումներ Գյումրիի ռուսական ռազմաբազայի նախկին հրամանատարի վերաբերյալ
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը պարզել է Լուգանսկում խոշոր խմբավորումներից մեկի հրամանատարի անձը, ով իրեն անվանում է Նեֆյոդով: Պարզվում է, որ նա ՌԴ Զինված ուժերի գնդապետ Անդրեյ Ռուզինսկին է, գրում է ուկրաինական news.liga.net կայքը:
Ուկրաինական կայքը գրում է, որ ռուս գնդապետի ծառայության նախկին վայրը եղել է Հայաստանի Գյումրի քաղաքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան: Ռուզինսկին եղել է ռազմաբազայի հրամանատարը: Կայքը նշում է, որ հետախուզությանը հաջողվել է պարզել, որ նա անձամբ է առնչություն ունեցել «իր զորամասի զինծառայողի կողմից հայկական ընտանիքի գնդակահարությանը»:
Նշվում է, որ Ուկրաինայի արևելքում իր գործունեության համար Ռուզինսկին կարող է նշանակվել ՌԴ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ, որը տեղակայված է Լուգանսկի մարզում:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 12-ին ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն ինքնակամ լքել էր Գյումրիի զորամասը ու գնդակահարել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, իսկ 6 ամսական փոքրիկ երեխային՝ Սերյոժային, սվինահարել էր, ինչի հետևանքով երեխան ավելի ուշ մահացավ: