Սարգսյանն ունի բավարար ռեսուրսներ, որպեսզի Քոչարյանն արժանապատիվ «խաղա», բայց չհաղթի. Վադիմ Դուբնով

«Մոսկվան ՀՀ երկրորդ նախագահի վերաբերյալ պատրանքներ չունի»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովն՝ անդրադառնալով Հայաստանում նախաձեռնված սահմանադրական բարեփոխումների շուրջ ներքաղաքական զարգացումներին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր ակտիվությանն այս գործընթացում:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ տեղեկացրել էր, որ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում հարցազրույց է տալու, որի հիմնական թեման սահմանադրական փոփոխություններն են լինելու, որոնք Քոչարյանը չի ողջունում: Սողոմոնյանի փոխանցմամբ` հարցազրույցը կլինի սեպտեմբեր ամսվա ընթացքում:

Վադիմ Դուբնովն ասաց, որ համաձայն է հայաստանցի իր գործընկերների արտահայտած այն կարծիքների հետ, որ Ռոբերտ Քոչարյանը կփորձի օգտագործել այս գործընթացն ի օգուտ իր հետագա քաղաքական գործունեության, քանի որ եթե Քոչարյանը հետագայում ցանկանում է իրեն դրսևորել հայաստանյան քաղաքական կյանքում, ապա նրա հնարավորությունը վրա է հասել հիմա: Ըստ ռուսաստանցի փորձագետի` հարցն այն է, թե որքանով նրան կհաջողվի այդ հնարավորությունն օգտագործել և որքանով նա կկարողանա իրեն ընձեռված հնարավորությունը, դրա արդյունքները դարձնել տպավորիչ:

«Ներկայումս ՀՀ ներքաղաքական կյանքում մի այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ չկա ավելի ազդեցիկ ֆիգուր, որը կկարողանար գլխավորել սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարը, ուստի Քոչարյանի թեկնածությունը, որպես այս պայքարի կենտրոն, միակ տրամաբանական տարբերակն է: Այն, ինչ այսօր տեղի է ունենում այս դաշտում, ինձ թվում է` չափազանց հասկանալի է: Համաձայն եմ, որ նա կդառնա բարեփոխումների դեմ պայքարող ուժերի կենտրոնը»,- նման տեսակետ հայտնեց Դուբնովը՝ նշելով, թե իր կարծիքով՝ ակտիվ քաղաքական գործունեության անցնելու ցանկություն Քոչարյանն անկասկած ունի:

Հարցն այն է, փորձագետի խոսքով, թե որքանո՞վ է նրա վերադարձն ու ընդդիմադիր գործունեության դրական արդյունքը տեխնիկապես հնարավոր:

«Ես չեմ կարծում, որ Քոչարյանին կհաջողվի լուրջ քաղաքական ռեսուրսներ ձեռք բերել: Իմ համոզմամբ` գործող նախագահ Սերժ Սարգսյանը բավարար չափով վերահսկում է բոլոր ռեսուրսները` և քաղաքական, և ֆինանսական, որպեսզի Քոչարյանը արժանապատիվ կերպով խաղա իր խաղը, բայց հազիվ թե հաղթի, այսինքն` չի հաղթի»,- նկատեց Վադիմ Դուբնովը:

Անդրադառնալով նման զարգացումների նկատմամբ Մոսկվայի վերաբերմունքին` ասաց, որ այս դաշտում նոր ասելիք չունի:

«Քոչարյանն ունի իր լոբբին Մոսկվայում, որը փոքր ինչ թույլ է, քան ներկայիս նախագահ Սարգսյանի լոբբին է: Կարծում եմ, որ Մոսկվան կշարունակի «խաղալ» Սարգսյանի հետ, թեև որոշակի հարցեր ունի նրա հետ, այնուամենայնիվ չեմ էլ կարծում, որ Մոսկվան պատրանքներ ունի, որ այդ հարցերին Քոչարյանը «կպատասխանի» շատ ավելի լավ, քան Սարգսյանը»,- պարզաբանեց ռուսաստանցի վերլուծաբան Վադիմ Դուբնովը:

Տեսանյութեր

Լրահոս