Նոր նշանակում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանը նշանակվել է Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ:

Տ. Նարեկ վարդապետ Ավագյան
(կենսագրություն)

Ծնվել է 1979 թ. օգոստոսի 12–ին, Արագածոտնի մարզի Օշական գյուղում:

1986–1996 թթ. սովորել է Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում:

1996–2002 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգևոր Ճեմարանում (այժմ` Գևորգյան Հոգևոր Ճեմարան–Համալսարան):

2001 թ. դեկտեմբերի 25–ին` Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին, ձեռամբ Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպս. Աջապահյանի, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում ձեռնադրվել է սարկավագ:

2002 թ. հուլիսի 6–ին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ աշխատանքի է նշանակվել Մայր Տաճարում` որպես լուսարար:

2002 թ. դեկտեմբերի 10–ից մինչև 2003 թվականի փետրվարի 10–ը աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչակազմակերպական գործերի կառավարչի գործավար–քարտուղար:

2003 թ. փետրվարի 10–ից մինչև 2005 թ դեկտեմբերի 9-ը աշխատել է Մայր Աթոռում` որպես պարետ:

2003 թ. մայիսի 26–ին պաշտպանել է ավարտաճառ «Համատեսական Ավետարանների արևելահայերեն թարգմանության դարձվածային միավորները» թեմայով:

2003 թ. օգոստոսի 31–ին` Աստվածածնի գոտու գյուտի տոնի օրը, ձեռամբ Գերաշնորհ Տ. Շահան արք. Սվաճյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա:

2005 թ. դեկտեմբերի 9–ից նշանակվել է Աբխազիայի հոգևոր հովիվ:

2006 թ. ապրիլի 28–ին վերադարձել է Հայաստան և կրկին աշխատանքի անցել Մայր Աթոռում որպես պարետ:

2006 թ. նոյեմբերի 1–ից մինչև 2007թ. մարտի 1-ը եղել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Մկրտարանի տեսուչ:

2007 թ. մարտի 1–ից մինչև 2013 թ. փետրվարի 28-ը եղել է Սուրբ Խոր Վիրապ վանքի վանահայր:

2013 թ. մարտի 1-ին նշանակվել է Մայր Աթոռի Ներսիսյան անտառի մանկական խաղահրապարակի տնօրեն:

2013 թ. հոկտեմբերի 5-ին պաշտպանել է վարդապետական թեզ «Թաղման ծեսն ըստ ձեռագիր և տպագիր «Մաշտոցների» ԺԶ-ԺԸ դդ. և ժողովրդական սովորությունները» թեմայով: Նույն թվականի հոկտեմբերի 11-ին, ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ստացել է մասնավոր վարդապետական աստիճան:

2013 թ. նոյեմբերի 1-ին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ ծառայության է նշանակվել Իրաքի Հայոց թեմում:

2014 թ. դեկտեմբերի 1-ից ծառայության է անցել Գևորգյան Հոգևոր Ճեմարանում` որպես ավագ վերակացու և դասախոս:

 

 

Տեսանյութեր

Լրահոս