Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման հեռանկարներ կան

Հայաստանի 4-րդ Միջազգային բժշկական համագումարի Սփյուռք-Հայաստան պլենար նիստում բարերար Ռուբեն Վարդանյանը ներկայացրեց հիմնադրամի կողմից Հայաստանում տարբեր ուղղություններով իրականացվող ծրագրերը։Բանախոսն ընդգծեց, որ դրանք ունեն հայրենիքը զբոսաշրջության համար առավել գրավիչ դարձնելու նպատակ։ Նա նշեց, որ արդեն 200մլն դոլարի ներդրում է կատարվել միայն Դիլիջանն արևմտյան չափորոշիչներին համապատասխան կրթական, մշակութային և առողջապահական կենտրոն դարձնելու համար։

Ռուբեն Վարդանյանը կարևորեց, որ առողջապահության ոլորտում աշխարհում առկա մարտահրավերները հաղթահարելուց զատ մեր բժիշկները ևս պետք է պատրաստ լինեն բժշկական տուրիզմի զարգացմանը և անգլերենից բացի տիրապետեն այլ լեզուների։ Ռուսաստանի Դաշնությունից շատերն այսօր մեկնում են Իսրայելում բուժվելու, որովհետև այնտեղ բուժաշխատողների զգալի մասը տիրապետում է ռուսերենին։ Մեծ բարերարն ընդգծեց, որ Հայաստանի և սփյուռքի բժիշկների համագործակցությունն ու համատեղ իրականացվող ծրագրերը կարևոր հիմք են Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման համար։

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց Ռուբեն Վարդանյանին իրականացված բազմակողմանի աշխատանքների, դրանք ամփոփ ներկայացնելու համար։

«Բժշկական տուրիզմը մեր երկրում կզարգանա այն պարագայում, երբ կկարողանանք ապահովել բժշկական օգնության որակի միջազգային մակարդակ, չափագրելի որակ, որը նաև իրավական գնահատական կստանա»,-ասաց նախարարը` կարևորելով նաև հավաստագրման գործընթացի ապահովումը։

Որպես դրա վառ օրինակ նա ևս մատնանշեց Իսրայելը, որ նույնպես ունի սփյուռք։ Ունենալով ընդամենը 25 հիվանդանոց և 8 մլն բնակչություն` այս երկիրը կարողանում է հսկայական բժշկական տուրիզմ ապահովել` չափագրելի որակի շնորհիվ։ Նախարարը շեշտեց, որ Հայաստանն ունի այդ հնարավորությունն ի շնորհիվ այս Հայաստան-սփյուռք համագործակցության։

«Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես բժիշկ և նաև առողջապահության նախարար` կուզեի առանձնահատուկ շնորհակալություն հայտնել կրթական բաղադրիչի համար»,-ասաց Արմեն Մուրադյանը։

«Կրթություն, փորձ, տեխնոլոգիաներ։ Ես համոզված եմ, որ այս ուղղություններով քննարկումներն ու համագործակցությունն իրենց արդյունավետությունը կապացուցեն ժամանակի ընթացքում»։

Նախարարն ընդգծեց, աշխարհում առկա սրընթաց զարգացումներն առավել տեսանելի են դարձնում այս ոլորտում ունեցած բացերը։

«Հանրային առողջապահական ոլորտում վերջին քննարկումները ևս մեկ անգամ ընդգծեցին, որ մենք բազմաթիվ բացեր ունենք կրթական համակարգում, համաճարակաբանական ոլորտում։ Ես կարծում եմ, որ նման ծրագրեր իրականացնելով` կկարողանանք վստահ քայլերով առաջ ընթանալ»։

Այնուհետև ընթերցվեց Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի հռչակագրի նախագիծը, որն արժանացավ մասնակիցների հավանությանը։

Տեսանյութեր

Լրահոս