«Վստահ եմ՝ հետագայում խոսք կլինի միայն ՀԷՑ-ի սեփականատիրոջ կամ ազգայնացման մասին»

Հարցազրույց բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանի հետ

– Պարոն Մարտիրոսյան, ինչպե՞ս եք գնահատում էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով Երևանի Բաղրամյան պողոտայում ստեղծված իրադրությունը: Մինչ օրս պողոտան փակ է, հնարավո՞ր է կամ ո՞ր դեպքում Ոստիկանությունը ուժ կկիրառի ցուցարարներին ցրելու համար:

– Դրական եմ գնահատում մինչ այն պահը, երբ պառակտում տեղի ունեցավ սոցիալական բողոքի կազմակերպիչների ու քաղաքականացվածների միջև, որոնք փորձում էին բարձրանալ մոբիլիզացնող ալիքի վրա, ընդլայնել պահանջները, բողոքին տալ քաղաքական երանգներ և այն դարձնել «նարնջագույն հեղափոխության» նմանակ: Սոցիալական բողոքի երիտասարդ կազմակերպիչների գործողություններն արժանի են լիակատար հավանության: Սոցիալական բողոքի հիմքում արդարության զգացումի նսեմացումն է: Խնդիրն անգամ այնքան սակագների բարձրացման մեջ չէ, որքան պատճառների, որոնք հանգեցրել են էլեկտրաէներգիայի թանկացման: Այդ պատճառների ընկալումը հանրությանը հասանելի փաստաթղթերից է, մասնավորապես՝ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ի համալիր աուդիտի հաշվետվության համաձայն, որը կազմվել է 2014 թ. Էռնստ ընդ Յանգ ընկերության կողմից, սակագների բարձրացումից հետո Հայաստանում դուստր ընկերության՝ ՀԷՑ-ի մաքուր շահույթը կազմել է 14,7 մլրդ ռուբլի, այսինքն՝ մոտ 260 մլն ԱՄՆ դոլար: Ծագում են 2 օրինաչափ հարցեր՝ մեկը Վլադիմիր Վիսոցկու «Где деньги, Зин» երգից, երկրորդը՝ «За чей счет банкет?» դասական ֆիլմից:

Շարժման երիտասարդ կազմակերպիչների մոտ կա հանդգնություն և աննկուն ոգու դրսևորումներ՝ լավագույն հայկական ավանդույթների շրջանակում: Քաղաքականությամբ չփչացածների ռոմանտիկ իդեալիզմը գրավիչ է` որպես սոցիալական մոբիլիզացիայի միջոց: Սակայն պատանեկան մաքսիմալիզմն ունի նաև ակնհայտ թերացում, քանի որ նրանք որոշ այլ ժամանակակից ընդվզող շարժումների օրինակով, ինչպես Հոնկոնգում է, հրաժարվեցին առաջնորդությունից, ապա իշխանությունների հետ համաձայնություն ձեռք բերել չեն կարող, որովհետև յուրաքանչյուր շեղում՝ «ամեն ինչ կամ ոչինչ» դիրքորոշումից դեպի որոշում, որը կարող է բավարարել եթե ոչ` բացարձակ մեծամասնությանը, ապա բնակչության զգալի մասին, նրանք չեն կարող ընդունել:

Պատասխանատվության հոգեբանական ճնշումն այնքան մեծ է, որ յուրաքանչյուր նման քայլը կարող է ընկալվել որպես դիրքերի զիջում՝ «վաճառվեցին» պիտակով: Ինչ վերաբերում է Հայաստանի Ոստիկանությանը, ապա օրենքը նրանց թույլատրում է ցրել չարտոնված հանրահավաքը: ԱՄՆ-ում մենք արդեն գործողության մեջ կտեսնեինք և՛ Հեծյալ ոստիկանությունը, և՛ անհրաժեշտության դեպքում` հատուկջոկատայիններին, և՛ Ազգային գվարդիան, իսկ նրանք բավականին կոշտ են գործում: Բայց այս հարցը բարոյական կողմ ունի: Եվ ցրելու դեպքում, ինչպես եղավ հունիսի 23-ին, բացի այն հարցից, թե ինչպես է իրականացվում այդ ցրումը, «Ո՛չ թալանին» շարժման բարոյական առավելության իրական զգացում կար:

Ընդդիմության բարոյական առավելությունը հիմնված է բնակչության բացարձակ մեծամասնության կողմից սակագների վերանայման մասին արդար պահանջի աջակցության վրա: Բարոյական առավելությունն իշխանության համար հեշտությամբ վերածվում է բացասական քաղաքական կապիտալի՝ ուժի կիրառման դեպքում: Այդ պատճառով ես խորհուրդ կտայի զգուշորեն կիրառել ուժ՝ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, որպեսզի ուկրաինական փոցխի վրա չկանգնեն: Այժմ իրադրությունը փոխվել է, և Բաղրամյան պողոտայում որոշ ժամանակ անց կմնան միայն քաղաքական օրակարգ ունեցող մարդիկ: Ես կարծում եմ, որ առկա ժամանակակից միջոցների օգնությամբ Ոստիկանությունը կարող է նրանց հեշտությամբ դուրս մղել պողոտայից: Ավելին, սոցիալական բողոքն Ազատության հրապարակ տեղափոխվելուց հետո որոշ ժամանակ անց փակված պողոտան կսկսի հարուցել երևանցիների դժգոհությունը:

– Ի՞նչ կարծիքի եք Սերժ Սարգսյանի որոշման մասին, որ մինչև աուդիտի ավարտն էլեկտրաէներգիայի թանկացման բեռն իր վրա կվերցնի ՀՀ կառավարությունը: Արդյոք սա հաղթանա՞կ է ցուցարարների համար և հի՞մք է «զենքը վայր դնելու» և տուն գնալու համար, թե՞ ճիշտ է պայքարը շարունակելը:

– Ընդհանուր առմամբ՝ որոշումը ճիշտ է: Լիովին չեղարկել նա չի կարող, քանի որ ընկերությունը ռուսական է: Սակայն ռուսական կողմի և ընկերության ղեկավարի հետ համաձայնեցման դեպքում կարելի է միջազգային որևէ ընկերության կողմից աուդիտ իրականացնել: Թերահավատները կարող են հիշել, որ 2002-ին «Արթուր Անդերսեն» աուդիտորական ընկերությունը, որն այդ ոլորտի աշխարհի 5 գիգանտների շարքում էր, քողազերծվեց` «Էնրոն» էներգետիկ ընկերության աուդիտի խարդախության և մեքենայությունների հետ կապված, որը 2001 թ. հայտարարեց սնանկության մասին, թեև փաստաթղթերով նախորդ բոլոր տարիների համար, «Արթուր Անդերսենի» աուդիտի համաձայն` նրա մոտ ամեն ինչ շատ լավ էր, և բաժնետոմսերի արժեքը բարձրանում էր: Ես կարծում եմ, որ ժամանակները փոխվել են և որոշակի եզրահանգումներ արդեն արվել են թե՛ աուդիտորական ընկերությունների, թե՛ վերահսկող մարմինների կողմից:

Եթե անցկացվի թափանցիկ աուդիտ հրապարակային արդյունքներով, ապա ես վստահ եմ, որ հետագայում խոսքը կգնա միայն կա՛մ ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոփոխության, կա՛մ ազգայնացման մասին: Թե ինչպես է կառավարությունը պատրաստվում չբարձրացնել սակագինը և տարբերությունը վճարել սեփական միջոցներից, ապա տեխնիկական հարց է ծագում՝ բյուջեի ո՞ր հոդվածներն են կրճատվելու, կամ որտեղի՞ց է կառավարությունը դրա համար միջոցներ հայթայթելու: Ես վերջերս լսեցի Արամ Սարգսյանի հարցազրույցը, որտեղ նա խոսում էր, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը կհամաձայնի սակագների բարձրացմանը, եթե ՀԷՑ-ն ազգայնացվի, և վստահություն կլինի, որ հայ սպառողը վճարում է հայկական պետությանը:

Այդ դիրքորոշումն ինձ համար ընդունելի է նաև այն պատճառով, որ ես տեսնում եմ նաև մեդալի մյուս կողմը: Հայաստանի ողջ էներգետիկ ենթակառուցվածքը խորհրդային շարժիչով է գործում: Առաջիկա տարիներին կպահանջվի ամբողջ համակարգի արդիականացում, այդ թվում` նաև ատոմակայանի: Սակագների բարձրացումն անխուսափելի կլինի, քանի որ Հայաստանում, որը ելք չունի դեպի ծով և երկու կողմից շրջափակված է, տրանսպորտային ծախսերը չափազանց մեծ են: Մեզ մոտ ամեն ինչ ավելի թանկ է: Տրակտորը Հայաստանում օգտագործում է ավելի շատ դիզելային վառելիք, քան հարևան երկրներում, քանի որ վարելահողերը ծովի մակարդակից ավելի բարձր են, ճանապարհները թեք են:

Շատերը խոսում են այն մասին, որ Հայաստանն էլեկտրաէներգիա է արտահանում Վրաստան, իսկ այնտեղ սակագներն ավելի ցածր են: Այո, դա այդպես է, 1 ԿՎտժամի համար մի քանի ցենտ տարբերություն կա: Բայց էլեկտրաէներգիան այն ապրանքը չէ, որ կարելի է պահեստում պահել` մինչև այն գնորդի հայտնվելը, որն այն ավելի թանկ կգնի: Ավելցուկն անհապաղ պետք է վաճառել և ավելի էժան, քան Վրաստանն ու Իրանը կարող են էլեկտրաէներգիա գնել ուրիշ մատակարարներից: Վերոնշյալը չի նշանակում, որ պետք է համակերպվել վատ մենեջմենթի, կոռուպցիայի և բնակչության թալանի հետ: Հակառակը՝ մենք չենք կարող մեզ թույլ տալ ոչ արդյունավետ և շռայլ տնտեսություն: Սակայն միաժամանակ պետք է գիտակցել, որ կան ավելի խորքային պատճառներ: Մեր աշխարհագրությունը Ցեղասպանության ժառանգությունն է: Այնքան ժամանակ, քանի դեռ չեն լուծվել փոխհատուցման հարցերը, այդ թվում և` դեպի ծով ելք ունենալու առումով, մենք պարտադրված ենք ապրել և աշխատել ավելի թանկարժեք անվերադարձ ծախսերի պայմաններում:

– Ըստ Ձեզ՝ Պերմյակովի գործը հայկական կողմին հանձնելը փոխկապակցվա՞ծ է այս ընդվզման հետ:

– Ես չեմ կարծում, որ այդ հարցը կամ սպառազինության գնման համար հատկացվող 200 մլն արտոնյալ վարկն ուղղակիորեն կապ ունեն սոցիալական ընդվզման հետ: Ե՛վ մեկը, և՛ մյուսը կարող էին լիովին տեղի ունենալ՝ ելնելով Ռուսաստանի ու Հայաստանի միջև հարաբերությունների տրամաբանությունից: Այս որոշումների ժամանակային համընկնումը յուրօրինակ ազդակ է Մոսկվայից բողոքի ակցիաների հնարավոր հակառուսական տոնայնությունը չեզոքացնելու համար և մատնացույց անելու, որ բոլոր դժվար խնդիրներում հնարավոր են լուծումներ, այդ թվում՝ ՀԷՑ-ի, գործընկերային հիմքով՝ հաշվի առնելով կողմերի շահերը: Սակայն, ռուսական լրատվամիջոցների և փորձագիտական հանրության առաջին արձագանքը, որը դժվարությամբ կարելի է այդպիսին անվանել, բոլորովին համարժեք չէր կատարվողին:

Ռուսական ասացվածքի համաձայն՝ կաթից վառվածը (Ուկրաինայի) փչում է ջրի վրա (Հայաստանի): Ընդամենը մի քանի օր անց նկատվեց շրջադարձ դեպի ավելի օբյեկտիվ գնահատականներ: Իրենց գործողություններով ռուսական ԶԼՄ-ները և, այսպես կոչված, փորձագետները հենց կարող էին հարուցել հակառուսական տրամադրություններ: Այդ առումով պետք է նշել Հայաստանի նախագահի ճիշտ ժամանակին տրված պատասխանը՝ Հայաստանում «մայդանի» և բողոքի ակցիայի հակառուսական տրամադրությունների մասին զրպարտությունները կանխելու նպատակով: Այն ամենը, ինչ տեսա, հեգնախառը հումոր էր: Հատկապես հավանել եմ ռուսերեն կարգախոսը՝ «Это не майдан, это Маршал Баграмян»: Դա լավագույն, շատ իմաստալից խոսք է՝ հիշեցումով ռուսների ամենագլխավոր մեմի՝ Հայրենական պատերազմի մասին:

– ՀՀ-ում հաճախակի են դարձել քաղաքացիական ընդվզումները՝ Մաշտոցի պուրակ, ընդդեմ 150 դրամի, կենսաթոշակային փոփոխությունների: Ձեր կարծիքով՝ ի՞նչ է սա վկայում, հնարավո՞ր է, որ հերթական քաղաքացիական ընդվզումը վերածվի իշխանափոխության:

– Սոցիալական բողոքի նիշան ավելի հաճախակի են զբաղեցնում ոչ կառավարական կազմակերպությունները կամ առանձին մարդիկ, քանի որ կուսակցական համակարգը Հայաստանում քաղաքացիների կողմից վստահության կորստի ճգնաժամի մեջ է: Նոր ոչ մեծ կուսակցությունները դեռ ոտքի չեն կանգնել, հները վաղուց վստահության տեսակետից հենակների վրա են: Կոնսոլիդացված ժողովրդավարական երկրներում նման հարցերը միանգամից անցնում են ընդդիմություն-իշխանություն պայքարի հարթություն: Ընդ որում, որքան բարձր է ներկայացուցչական ժողովրդավարության որակը, այնքան քիչ են հարցերը, որոնք դուրս են բերվում այդ դաշտից և բաժին են ընկնում ոչ կառավարական կազմակերպություններին:

Նույն «Occupy Wall Street»-ն ԱՄՆ-ում ծագեց, քանի որ և՛ դեմոկրատները, և՛ հանրապետականներն այդ հարցերի կողքով էին անցնում: Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, և ժողովրդավարությունում այն ենթադրում է մշտական բանակցություններ՝ որոշում փնտրելու համար, որոնք կբավարարեն մեծամասնությանը: Մենք դեռևս չունենք իրական ներկայացուցչական ժողովրդավարություն, մեզ մոտ դեռ չի կայացել նոր բանակցային մշակույթը, այդ պատճառով սոցիալական բողոքը յուրօրինակ ձևով փոխարինում է քաղաքական գործընթացին: Ուրախալի է այն, որ հասունացել է նոր գրագետ սերունդ, որը մտածում ու ապրում է կոլեկտիվ գործողությունների արժեքների պարադիգմայում՝ հանուն համընդհանուր շահի:

Դա չի կարող չհուսադրել: Նշանակում է` կհայտնվեն նոր առաջնորդներ և նոր քաղաքական կուսակցություններ, որոնք ավելի լիարժեք կներկայացնեն մեր ժողովրդի շահերն ու հավակնությունները: Ես այս իրավիճակին մոտենում եմ ֆրանսիացի գրող Ռոմեն Ռոլանի բանաձևով՝ «մտքի հոռետեսությամբ և կամքի լավատեսությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս