Ղարաբաղի շուրջ ռուս-ադրբեջանական գործարք հնարավոր չէ. Մինասյան

«Ռուս-ադրբեջանական գործարքներին՝ Ադրբեջանին ԵՏՄ ներքաշելու ուղղությամբ, չեմ հավատում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մինասյանը`անդրադառնալով նախօրեին Լավրով-Մամեդյարով հանդիպմանը, ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանի աղմկահարույց հայտարարություններին՝ ԵՏՄ անդամակցության և ԼՂ հակամարտության կարգավորման մասին ու տեսակետներին, թե միգուցե Ռուսաստանն ընդունի Ադրբեջանի կողմից առաջարկվող գործարքը՝ «ԼՂ-ն Ադրբեջանին՝ ԵՏՄ անդամակցության դիմաց» հատկապես, երբ Ադրբեջանը ՌԴ-ում դժգոհում է ԵՄ-ից:

Նա նշեց, որ նման հայտարարություններով հանդես գալը դիվանագետների ամենօրյա աշխատանքն է` կարծիք ձևավորել, սակայն ոչ մի էական զարգացում, փոփոխություն՝ ո՛չ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, ո՛չ էլ ադրբեջանառուսական հարաբերություններում, տեղի չի ունենա: Թեև Մինասյանը համաձայն է կարծիքներին, որ սկզբունքորեն բացասական մթնոլորտ կա Ադրբեջանի և ԵՄ-ի միջև, բայց դա ամենևին չի նշանակում, որ Ադրբեջանը կփոխի իր քաղաքականությունը և դժվար թե ռուս-ադրբեջանական հարաբերություններում դինամիկան հանգեցնի տեսանելի ապագայում Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների էական փոփոխությունների:

«Տեսանելի ապագայում դժվար է կանխատեսել Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ-ին: Այո, փորձում են դիվանագետները խոսել այն թեմաների մասին, որոնք այդ պահին կարևոր են, և կապել այն հարցերն իրար, որոնք իրենց անմիջական շահերից են բխում: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը ցանկանում է ամեն հարց կապել Ղարաբաղի հետ, բայց որևէ լուրջ զարգացում ակնկալել հանդիպումից կամ անել ինչ-որ հեռու գնացող հետևություններ մեկ կամ երկու երանգներից, սխալ է: Դա չի փոխի արդեն իսկ ձևավորված ռազմավարական կոնստրուկցիան, որը բավականին երկար ժամանակ գոյատևում է և կշարունակի բավական երկար ժամանակ»,- ասաց Մինասյանը:

Դիտարկմանը, թե կարծիք կա` եթե ՌԴ-ն պարտադրի հակամարտության կարգավորում Ադրբեջանին և Հայաստանին՝ ի օգուտ Ադրբեջանի, Ադրբեջանը դեմ չի լինի միանալ ԵՏՄ-ին, նա արձագանքեց՝ ասելով, որ   այդ կարծիքները միշտ հայտնվում են հայաստանյան լրատվական դաշտում: «Ես կարծում եմ՝ դրանք նույն տեղում են գտնվում, ինչպես նմանատաիպ խոսակցություններն այն մասին, թե իբրև թե ռուս-թուրքական գործարքներ են հնարավոր: Ո՛չ առաջինին եմ հավատում, ո՛չ էլ երկրորդին»,- ասաց Մինասյանը:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս