Բաժիններ՝

Ինչպես «փակել» «Նաիրիտի» հարցը

ՀՀ իշխանությունները ըստ ամենայնի, առաջնորդվում են «չկա նաիրիտցի, չկա «Նաիրիտի» խնդիր» սկզբունքով: Մայիսի 1-ին` Աշխատանքի օրը, գործարանի նախկին աշխատակիցները հերթական ակցիան իրականացրին Ազատության հրապարակում` փորձելով իրենց բողոքի ձայնը հասցնել այդ ժամանակ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տոնական համերգին մասնակցող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Ու թեև օրը ոչ աշխատանքային էր, նաիրիտցիներն էլ ազատ էին, սակայն ակցիային մասնակցում էին զգալիորեն քիչ թվով մարդիկ, քան նախորդ ակցիաներին: Թվում է, թե կառավարությունը հասնում է իր նպատակին` սպառել ու սակավաթիվ դարձնել այդ ակցիաները: Մարդիկ հոգնել են անվերջ ու ապարդյուն բողոքելուց և արդեն չեն էլ մասնակցում ակցիաներին: Հարցը ձգձգել այնքան, մինչև ժողովուրդը հիասթափվի ու պահանջներ այլևս չներկայացնի. սա այն արդյունքն է, որը հարկավոր է ՀՀ իշխանություններին և որի ուղղությամբ մեծ ջանասիրությամբ աշխատում էր նախկին կառավարությունն ու նույն քաղաքականությունը շարունակում է ներկայումս:

Այդ դեպքում կկարողանան առանց որևէ խոչընդոտի գործարանը սնանկացնել ու վաճառել: Մինչ օրս պաշտոնյաների խոստումներից ոչ մեկը չի իրականացել, ու ամեն անգամ նոր հորդորներ են գտնվում՝ վաղվա օրվա սպասման անհրաժեշտությունն արդարացնելու համար:

Վերջին անգամ, երբ նաիրիտցիները հերթական անգամ ՀՀ վարչապետի հետ հանդիպման էին, Հովիկ Աբրահամյանը խոսել է Համաշխարհային բանկի փորձագետների կողմից գործարանում իրականացված ուսումնասիրության մասին ու նշել, որ եզրակացության համաձայն` 300 մլն դոլարից ավելի գումար է հարկավոր «Նաիրիտի» վերագործարկման համար: Սակայն ուշագրավն այն է, որ ՀԲ-ի փորձագետի առջև գումարային որևէ խնդիր դրված չի եղել, ՀԲ-ն չպետք է ասեր, թե որքան գումար է հարկավոր վերագործարկման համար: Եվ հետո, ՀԲ «փորձագետներն» իրականում 1 անձ է եղել, ինչը հաստատել են նաիրիտցիները:

Կարդացեք նաև

Պարզ չէ նաև, թե ինչո՞ւ հաշվի չի առնվում գործարանի ղեկավարության կարծիքը, որը Ազգային ժողովի «Նաիրիտի» հարցերով զբաղվող ենթահանձնաժողովին ներկայացրել է վերագործարկման իր ծրագիրը, ըստ որի` ացետիլենային սխեմայով աշխատելու համար պետք է ընդամենը 60 մլն: Նաև եվրոպացի ներդրողներն էին պատրաստակամություն հայտնել ավելի քիչ գումարով սկսել աշխատել, այնուհետև փուլային տարբերակով ներդրումներ իրականացնել ու արդիականացնել արտադրությունը: Իսկ այժմ, ՀԲ «փորձագետների» հնչեցրած թվի պատճառով, գործարանն ընդհանրապես չպետք է աշխատի:

Անգամ 1 % հավանականություն չկա, որ կառավարությանը կհաջողվի այդքան առատաձեռն ներդրող գտնել:

Վարչապետի հետ նաիրիտցիների հանդիպման արդյունքն այն էր, որ ևս գրեթե 1 ամսվա աշխատավարձ ստացան: «Գրեթե», որովհետև սովորական ամսական գումարների փոխարեն վճարվել է ինչ-որ միջինացված ու ավելի ցածր մի թիվ: Որպես աշխատավարձ վճարելու հեռանկար` ցույց է տրվում գործարանի գույքի մի մասի, այդ թվում` «Կապույտ լիճ» հատվածի խողովակների վաճառքը:

Դրա արդյունքում հնարավոր կլինի 2-3 ամսվա գումար վճարել, բայց այդ խողովակները կենսական նշանակություն ունեն «Նաիրիտի» համար, և դրա հետևանքով գործարանն այլևս չի կարողանա աշխատել, ինչի մասին «168 Ժամը» նախկինում գրել էր: Նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, որ այդ գույքի համար արդեն գնորդ են գտել, և բանակցություններ են ընթանում: Սակայն այստեղ էլ այլ խնդիր կա. Միջպետական բանկը, որին այսօր պատկանում են գործարանի բաժնետոմսերը, թույլ չի տվել ոչ մի գույքի վաճառք: Մենք հարցում էինք արել ՄԲ-ին` պարզելու համար, թե արդյոք բանկը տեղյա՞կ է և համաձայնե՞լ է գույքի վաճառքին, նաև խնդրել էինք պարզաբանել բարի կամք դրսևորելու՝ «Նաիրիտի» պարտքը ներելու և բաժնետոմսերը ՀՀ կառավարությանը փոխանցելու մասին շրջանառվող հայտարարությունները:

ՄԲ-ից պաշտոնական պատասխան չենք ստացել, բայց բանկին մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ բանկը համաձայնություն չի տվել որևէ գույք վաճառելու համար: Իսկ առանց ՄԲ-ի համաձայնության ՀՀ կառավարությունը կամ որևէ այլ մեկն իրավունք չունի կալանքի տակ գտնվող որևէ բան վաճառելու: ՄԲ-ի մեր աղբյուրը նշել է, որ եթե, այնուամենայնիվ, վաճառք տեղի ունենա, ապա բանկը հետևողական կլինի ու քայլեր կձեռնակի իր իրավունքները պաշտպանելու համար:

Ընդ որում` ՄԲ-ում հետևում են հայկական ԶԼՄ-ներում «Նաիրիտի» վերաբերյալ բոլոր հրապարակումներին, տեղյակ են ամեն ինչից, բայց, ըստ մեր աղբյուրի, պաշտոնական մակարդակով իրենց հետ ոչ մեկը բանակցություն չի վարում, որքան էլ ՀՀ պաշտոնյաները հակառակը պնդեն ու ասեն, թե շուտով ՄԲ-ն «բարի կամք կդրսևորի ու բաժնետոմսերը մեզ կընծայի»: ՀՀ Կենտրոնական բանկից մեր հարցմանն ի պատասխան` հաստատել են «բարի կամքի» այս դրսևորումը` նշելով` «Նաիրիտի և նրա սեփականատիրոջ պարտքի մարման նպատակով Միջպետական բանկը մինչև այժմ որևէ գործողություններ չի ձեռնարկել գործարանի գույքը և բաժնետոմսերը բռնագանձելու ուղղությամբ»:

ՄԲ-ում հաստատակամ են՝ մինչև պարտքի հարցերը չլուծվեն ոչ մի բաժնետոմս չեն փոխանցի, իսկ բարի կամքն էլ, ըստ նրանց, ՄԲ-ն արդեն դրսևորում էգ մինչև հիմա չի առգրավել գույքն ու աճուրդով չի վաճառել այն, թողնում են, որ գործարանը դեռ շնչի:
Այնուամենայնիվ, եթե ՀՀ կառավարությունն այսժմ գնա այդ քայլին ու խողովակները վաճառի աշխատավարձի պարտք մարելու համար, նշանակում է, որ նա պատասխանատվություն է ստանձնում նախկինի գործերը կոծկելու համար: Այլապես պետք է քրեական գործ հարուցվեր ու ուսումնասիրվեր նախկինում իրականացված թալանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս