Արմեն Գևորգյան. Եթե հնարավոր լիներ նորից ընտրություն կատարելու, կընտրեի նույն ճանապարհը
Ինչպես հայտնի է՝ այսօր ՀՀ կառավարության նիստում ներկայացվել է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հրաժարականի դիմումը: Դրանից հետո 168.am-ը բացառիկ հարցազրույց է վարել ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ
– Պրն Գևորգյան, բնականաբար, առաջին հարցը վերաբերում է Ձեր հրաժարականի պատճառներին: Ի՞նչն էր Ձեր նման քայլի պատճառը:
– Իմ հրաժարականը պայմանավորված է բացառապես անձնական դրդապատճառներով և ապագայիս հետ կապված իմ մտադրություններով: Պատճառների թվում է նաև այն, որ կցանկանայի փորձել դրսևորվել այլ բնագավառներում, որոնք կապ չունեն պետական համակարգի հետ:
Կարծում եմ, ժամանակն է, որ պետական համակարգում 18 տարվա անընդմեջ աշխատանքն ընդմիջվի և դրսևորվի մեկ այլ՝ ոչ պետական ոլորտում: Միշտ գիտակցել եմ, որ պետական աշխատանքը հավերժ չէ:
Շնորհակալ եմ, որ այս որոշումն ըմբռնումով ընդունվեց:
– Բոլորին է հետաքրքրում՝ ինչո՞վ եք զբաղվելու: Մտնելո՞ւ եք քաղաքականություն:
– Քաղաքական որևէ գործընթացում իմ մասնակցությունը չեմ պատկերացնում: Ինձ համար ակնհայտ է, որ կցանկանայի զբաղվել շատ կոնկրետ և ստեղծագործական աշխատանքով ու նախագծերով և՝ Հայաստանում: Ավելի շատ ժամանակ կտրամադրեմ նաև ընտանիքիս և երեխաներիս դաստիարակությանը:
Մտադիր եմ շատ ժամանակ հատկացնել ինքնակրթությանը, նաև գեղարվեստական գրականություն կարդալու մեծ ցանկություն ունեմ: Մտածում եմ նույնիսկ հայտնի համալսարաններից մեկում բիզնես կառավարման դասընթացների մասնակցելու մասին: Գիտեք, անգամ բուհում դասավանդելու ցանկություն է առաջանում:
– Բավարարվա՞ծ եք Ձեր կատարած աշխատանքից, բավարարության զգացողությա՞մբ եք հեռանում:
– Ուրախ եմ, որ պետական համակարգում՝ ինչպես ՀՀ Նախագահի աշխատակազմում, այնպես էլ՝ կառավարությունում այս գրեթե 18 տարիների ընթացքում կարողացել եմ իմ փոքր ներդրումն ունենալ այնպիսի նախագծերի իրականացման գործում, որոնք դարձել են ժամանակակից Հայաստանի այցեքարտերը և խորհրդանշում են մեր երկրի հետագա զարգացման վեկտորները. օրինակ՝ Զվարթնոցի նոր տերմինալի, Թումո կենտրոնի, Գաֆեսճյան կենտրոնի, Հյուսիսային պողոտայի, Տաթևի ճոպանուղու, Դիլիջանի միջազգային դպրոցի, Մարմարիկի ջրամբարի և այլ նախագծեր:
Գտնում եմ, որ ավելի կանոնակարգված և արդյունավետ է դարձել տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններում աշխատանքը: Մասնավորապես՝ կրկնապատկվել է ինչպես պետության կողմից տարածքներին հատկացվող օժանդակության, այնպես էլ համայնքների սեփական եկամուտների ծավալը: Խմելու և ոռոգման ջրի ոլորտում ամենամեծ ծավալի կապիտալ ներդրումներն իրականացվել են վերջին հինգ տարվա ընթացքում:
Ետ նայելով՝ պետք է ասել, որ այս տարիներին Հայաստանը տարածաշրջանում առաջատար է դարձել թրֆիքինգի դեմ պայքարի հարցում (Ա. Գևորգյանը որպես փոխվարչապետ ղեկվարում էր հակաթրաֆիքինգային խորհուրդը:- խմբ): Ուրախ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հաջողվեց հարաբերությունները զարգացնել Ծոցի երկրների՝ Քուվեյթի, Կատարի, ԱՄԷ-ի, Իրաքի հետ (վերաբացվեց Իրաքի դեսպանատունը, Հայաստանում նոր դեսպանատներ բացեցին Քուվեյթը, ԱՄԷ-ն, նման աշխատանքներ է տարվում նաև Կատարի հետ):
– Փաստորեն, Ձեր կյանքի կարևոր մի փուլ ավարտում եք: Ինչպե՞ս կամփոփեիք այն, ի՞նչ կմաղթեիք Ձեր գործընկերներին:
– Ես անչափ շնորհակալ եմ Աստծոն, որ իմ ճակատագիրն այս կերպ դասավորվեց: Ետ նայելով անցած ուղուս՝ կարող եմ ասել, որ եթե հնարավոր լիներ նորից ընտրություն կատարելու, կընտրեի նույն ճանապարհը: Ես ուրախ եմ, որ կարողացա ինքնուրույն, առանց հովանավորների, ցույց տալ իմ օգտակարությունն ու այսքան տարի աշխատել պետական համակարգում: Իսկ գործին միշտ վերաբերվել եմ ամենայն պատասխանատվությամբ և նվիրումով:
Առիթից օգտվելով՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել պետական համակարգում իմ առաջին ղեկավարին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով ժամանակին ասպիրանտուրան հենց նոր ավարտած երիտասարդին հնարավորություն տվեց դրսևորվել և զգալ հայրենիքին ծառայելու օգտակարությունը: Այդ ժամանակահատվածն իսկապես վճռորոշ էր իմ կյանքում և սկզբունքորեն մեծ նշանակություն ունեցավ իմ՝ թե որպես անհատի, թե որպես մասնագետի կայացման գործում:
Կցանկանայի շնորհակալություն հայտնել նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ում հետ հնարավորություն եմ ունեցել աշխատել՝ պետական համակարգում գտնվելուս ողջ 18 տարվա ընթացքում: Հատկապես գնահատում եմ ինձ կառավարությունում աշխատելու հնարավորություն ընձեռելու նրա որոշումը, որտեղ իմ կաբինետային ռեժիմը փոխարինվեց մարզերում և համայնքներում աշխատանքով:
Վերջին վեց տարիների ընթացքում հնարավորություն ունեցա խորությամբ ճանչել մեր հայրենիքը, լինել բազմաթիվ համայնքներում, հասկանալ կոնկրետ տարածաշրջանների առավելություններն ու խնդիրները:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ընկերներիս և գործընկերներիս, տարբեր քաղաքական կուսակցությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների՝ այս տարիների համատեղ աշխատանքի համար: Շնորհալություն ընտանիքիս, հարազատներիս և մերձավորներիս՝ համբերության և ինձ ամենայն աջակցություն ցուցաբերելու համար:
Կցանկանայի հայցել բոլոր նրանց ներողամտությունը, ում հույսերն ու սպասելիքները չեմ արդարացրել:
Գործընկերներիս կմաղթեի գործնական հաջողություններ, համբերություն, մեծ նվիրում իրենց աշխատանքին: