Տարոն Մարգարյանը իր՝ երթուղային «գծատեր» լինելու լուրերի մասին (տեսանյութ)

Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջայց էր կազմակերպել Նոր Նորքի տարբեր զանգվածներում: Շրջայցի ժամանակ 168.am-ը Տարոն Մարգարյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է մեկնաբանում մամուլում շրջանառվող տեսակետներն ու տեղեկություններն այն մասին, թե ինքը «գծատեր» է և հասարակական տրանսպորտի թանկացումն առաջին հերթին իր համար է շահավետ: Ի պատասխան Տարոն Մարգարյանն ասաց, թե ինքը «գծատեր» չէ:

«Այն հայտարարությունները, որ Ավան վարչական շրջանում տրանսպորտի երթուղիները Տարոն Մարգարյանինն են, նման բան չկա: Էդ ամենը կարող եմ փաստաթղթերով ու փաստերով ֆիքսեմ: Ինձ համար զարմանալի է, որ նման բաներ են ասում»,- ասաց նա:

168.am-ի դիտարկմանը, թե՝ ասում են, որ «Ռոբերտ և Տարոն» ՍՊԸ-ն հենց Ձեզ է պատկանում, Երևանի քաղաքապետն այսպես արձագանքեց. «Ես շատ ՍՊԸ-ներ, կազմակերպություններ, սպասարկման օբյեկտներ կարող եմ նշել, որոնց վրա գրված է՝ «Տարոն», դա ի՞նչ է, նշանակում է՝ ի՞մն են: Հարցը նաև այս կողմից պետք է դիտարկենք, հասկանանք»:

Նա հավաստիացրեց, որ այն լուրերը, թե ինքը «գծատեր» է` հերյուրանքներ են միայն և շահարկվում են «որոշ անձանց» կողմից: «Շահարկում են, որ Ավան վարչական շրջանում ինչքան խանութներ կան` իմն են, ինչ կա Ավանում՝ Տարոն Մարգարյանինն է: Ոչ, նման բան չկա: Ես ապրում եմ Ավանում, մեծացել եմ, իմ կյանքը Ավանում է եղել, ընտրվել եմ բնակիչների կողմից թաղային ղեկավար: Ու այն վստահությունը, որ Ավանի բնակիչները ունեն… բայց դա չի նշանակում, թե Ավանն իմ սեփակականությունն է, այն Ավանի ու երևանցիների սեփականությունն է»,- նշեց Տարոն Մարգարյանը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը երեկ հայտարարել էր. «Լավ, ենթադրենք Տարոնը պատմական գավառ է, Ռոբերտոն էլ կոշիկի խանութ, այդ դեպքում 5 և 32 համարի միկրոավտոբուսները զանգվածաբար ի՞նչ գործ ունեին Ավանում դեկտեմբերի 2-ին Ռոբերտ Սարգսյանի ընտրողներին ընտրատեղամասեր տանելու ժամանակ: Դրա վերաբերյալ կան արխիվացված մեծաքանակ վիդեոնյութեր, որոնք այս պահին էլ իմ տրամադրության տակ են և ցանկացած պահի կարող եմ տրամադրել ցանկացողներին, թե ինչպես են անհայտ Տարոնին և անհայտ Ռոբերտին սպասակրող 5 և 32 համարի միկրոավտոբուսները սպասարկում Տարոն Մարգարյանի և Ռոբերտ Սարգսյանի ընտրողներին»:

Տարոն Մարգարյանի հետ զրույցի մանրամասները 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս