Բաժիններ՝

«10 տարի հետո կատաստրոֆիկ վիճակ կլինի կադրային առումով»

Հարցազրույց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող Արեգ Միքայելյանի հետ

 

 

– Աստղագիտության կրթությունը ի՞նչ վիճակում է այժմ Հայաստանում: Օրինակ, Աստղագիտության առանձին ամբիոնը ԵՊՀ-ում արդեն բավական ժամանակ փակվել է:
– Կարելի է ասել` աստղագիտությունը երկու ֆրոնտով տանուլ տվեց, իհարկե, տանուլ տալ ասվածը պետական, պաշտոնական հարցերին է վերաբերում, նախ` 2009թ.-ին դպրոցական ծրագրերից Աստղագիտություն առարկան հանեցին, այն դասավանդվում է արդեն ոչ թե որպես առանձին առարկա, այլ ֆիզիկայի մի բաժնում: Այսինքն, դրան շատ քիչ ժամանակ է հատկացվում, աշակերտներն այն անցնում են 9-րդ դասարանի երկրորդ կիսամյակում: Այսպես ասած, տանուլ տալու երկրորդ ճակատը վերաբերում է բուհական համակարգին, որտեղ Աստղաֆիզիկայի ամբիոնը, որպես առանձին ամբիոն, վերացվեց Երևանի պետական համալսարանից: Այն միացավ Ընդհանուր ֆիզիկայի ամբիոնին, որը ներկայում կոչվում է Ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոն: Այդ ամբիոնը դեռ 1940-ական թվականներից հիմնադրել էր Վիկտոր Համբարձումյանը, ով և հանդիսացավ այդ ամբիոնի առաջին վարիչը: Երկար տարիներ, փաստորեն, մեր աստղագետների բոլոր սերունդները այդտեղ են դաստիարակվել, այդ ամբիոնում են սովորել և ավարտել: Այսինքն` այն բավական կարևոր դեր է ունեցել ատղագիտական կրթության համակարգում: Սակայն դա` այդ առանձին ամբիոնը, ևս կրկին ձևական պատճառներով փակվեց. պայման էր դրված, որ ամբիոնն իբր տարեկան վեց մագիստրատուրայի դիմորդ պետք է ունենար: Այսինքն` դա գալիս է ընդհանուր տնտեսական հարաբերություններից. փողը գալիս է մագիստրոսների վճարից, և որպեսզի դասախոսներին վճարեին, և այլն, համալսարանում այդպիսի որոշում էր կայացված, որ նվազագույնը 6 մագիստրոս ունեցող ամբիոնները միայն կարող էին գործել: Ֆիզիկայի ֆակուլտետում և այլ որոշ ֆակուլտետներում էլ մի շարք ամբիոններ փակվեցին, որովհետև, օրինակ, եթե Ֆիզիկայի ֆակուլտետն ունի տարեկան 100 ուսանող, ապա դրանցից առավելագույնը 30 ուսանող է ուսումը շարունակում արդեն մագիստրատուրայում. հասկանալի է, որ ոչ բոլորն են գնում մագիստրատուրա:

Կարդացեք նաև

 
– Դուք որևիցե ձևով չպայքարեցիք, որպեսզի կարողանաք պահպանել այդ ամբիոնը: 
– Մեր պայքարն ավելի շատ գաղափարախոսական էր, այսինքն` մենք դա համարում էինք սխալ, և դրա հետ կապված տարբեր ելույթներ ունեցանք, բազմաթիվ քննարկումներ տեղի ունեցան, սակայն նրանք պատճառաբանում էին, թե` ինչպե՞ս ձեզ վճարենք այդ դեպքում, եթե չկան ուսանողներ, և, եթե քիչ է գումար է գոյանում, կամ ո՞վ կդասավանդի առանց աշխատավարձի:

 
– Եթե հաշվի առնենք այն, որ 35 հազար դրամ աշխատավարձով էլ մարդիկ մինչև նախորդ տարի աշխատում էին Բյուրականում (նշենք, որ այս տարվա բյուջեն ավելացել է, ուստի և Բյուրականի գիտաշխատողների աշխատավարձերի չափը որոշակիորեն ավելացել է.- Լ.Մ.), այսինքն` եթե նվազագույն աշխատավարձով մարդիկ պատրաստ էին գնալ Բյուրական և աշխատել, ապա հնարավոր է նաև բուհում դասավանդելը:
– Օրինակ, ես երկար տարիներ դասավանդել եմ, ճիշտ է` պայմանագրային էի դասավանդում, ոչ թե` որպես մշտական աշխատակից, սակայն հիմա, եթե ասեմ, անգամ ծիծաղելի կլինի, սակայն կիսամյակի ընթացքում ես կարող էի ստանալ, ասենք, մոտ 30 հազար դրամ աշխատավարձ, հենց ԵՊՀ-ում, հենց այդ աստղաֆիզիկայի ամբիոնում: Այսինքն` կարելի է պայմանականորեն ասել, որ անվճար էի դասավանդում, որովհետև, հաստատ, այդ 30 հազար դրամի համար չէի գնում: Գնում էի, որպեսզի ուսանողներին ինչ-որ բան սովորեցնեի:

 
– Այսինքն` դասախոսների խնդիր չկար:
– Դա էլ մի տեսակ խնդիր է. ասես կռիվ է դասախոսների մեջ, թե ով հաստիքային դասախոս կդառնա, որովհետև այդ դեպքում մի քիչ ավելի բարձր են վճարում: Սակայն, ընդհանրապես, եթե չեմ սխալվում` համալսարանում, օրինակ, պրոֆեսորը ստանում է 120 հազար դրամ աշխատավարձ, որը կրկին Բյուրականից բավական տարբերվում է, ինչը սակայն շատ չնչին աշխատավարձ է` համեմատած նրա կարգավիճակի հետ: Պրոֆեսորը պետք է առնվազն միջին աշխատավարձից գոնե երկու անգամ ավելի գումար ստանա:

 
– Աստղագիտական կրթության մասին խոսենք, այսինքն` ներկայում աշակերտը, որը դպրոցն ավարտում է և ցանկանում է աստղագետ դառնալ, պետք է գնա ֆիզիկայի ֆակուլտետո՞ւմ սովորի:
– Այո, դա է ճանապարհը, իսկ արդեն նեղ մասնագիտացում ընտրելիս նա պետք է գնա Ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոն, որն ավարտողների մի մասին, իհարկե լավագույններին, Բյուրականի աստղադիտարանը աշխատանքի է վերցնում: Ցանկացողներ շատ կան, ինչը նաև ցույց են տալիս մեր օլիմպիադաների արդյունքները: Իսկ թե որքան հետաքրքրություն կա մեր աշակերտների շրջանում աստղագիտության վերաբերյալ, դա նրանց միջազգային օլիմպիադաներում ցուցաբերած փայլուն արդյունքներն են, որի մասին բազմիցս խոսել ենք: Հենց վերջերս, օրինակ, անցյալ տարվա օլիմպիադայում, միակ ոսկին աշակերտները բերել են հենց աստղագիտությունից: Ընդհանուր առմամբ, աստղագիտական օլիմպիադաներից մենք մոտ 30 մեդալ ունենք, սակայն, ցավոք, այդ երեխաներից ոչ բոլորն են աստղագետ դառնում: Նրանց մի մասն էլ, եթե աստղագետ են դառնում, ապա փորձում են դրսում աշխատելու հնարավորություններ գտնել: Իսկ ոմանք որոշ ժամանակահատված գալիս են Բյուրական ու փնտրում են լավ հնարավորություն արտասահման տեղափոխվելու համար: Այսինքն` նրանք մեր աստղագետները չեն, նրանք կարող են դառնալ մեկ ուրիշ երկրի աստղագետ, իսկ մենք ընդամենը կարող ենք ասել, որ այսինչ հայտնի աստղագետը հայ է, և փորձել հպարտանալ նրանով, սակայն նրանք արդեն մեր գիտնականները չեն և մեր աստղագիտությունը չեն զարգացնում:

 
– ԵՊՀ-ի մասին խոսեցինք, իսկ այլ բուհում աստղագիտության ամբիոն կամ ֆակուլտետ չունենք:
– Մեկ էլ Մանկավարժականում կա, որտեղ, սակայն, պրոֆեսիոնալ աստղագետներ չեն դառնում, այլ դառնում են աստղագիտության ուսուցիչներ: Դա ևս, սակայն, միայն մաքուր աստղագիտության ամբիոն չէ, այն կոչվում է Ֆիզիկայի և աստղագիտության ամբիոն: Սակայն շեշտում են, որ այնտեղ պատրաստում են իբր աստղագիտության ուսուցիչներ, քանի որ շրջանավարտները այդքան էլ լավ կրթությամբ ուսուցիչներ չեն: Պատճառներից մեկը, կարծում եմ, նաև այն է, որ աստղագիտություն առարկան պրակտիկորեն հանվեց և չի դասավանդվում: Շատերից հաճախ լսում եմ, որ շատ դպրոցներում ուսւուցիչները դժվարանում են այն դասավանդել, այնպես, ինչպես, հիշում եմ, իմ դպրոցական տարիներին էր, երբ ֆիզիկայի ուսուցիչը չտիրապետելով աստղագիտությանը, նույն դասաժամին կրկին ֆիզիկա էր դասավանդում: Փաստորեն, ստացվում է, որ մենք բավարար քանակի աստղագիտության մանկավարժներ չունենք:

 
– Կրթական համակարգի մասին նշեցիք մի քանի խնդիրներ, հատկապես այն, որ զուտ աստղագիտության ամբիոններ մենք չունենք, այդուամենայնիվ հետաքրքիր է, աստղագիտության կրթական համակարգը Ձեզ բավարարո՞ւմ է, խոսքը հատկապես մասնագետների պատրաստմանն է վերաբերում:
– Չէ, իհարկե չի բավարարում: Մենք շատ անգամ դրա մասին խոսում ենք, պայքարում ենք: Ես չգիտեմ` վերջիվերջո ով է մշակում այդ ծրագրերը: Բոլոր աստղագետները բողոքում են, սակայն…
Հիմնական խնդիրն այն է, որ ժամանակակից աստղագիտությունը ճիշտ չի արտահայտված այդտեղ: Այսինքն` աստղագիտությունը շատ արագ է զարգանում, իսկ այդ կրթական ծրագիրը ասես հետ է մնում: Նոր ուղղություններ կան, որոնք ընդհանրապես ծրագրի մեջ չկան:

 
– Այսինքն` ներկայիս կրթական համակարգը և ծրագրերը բավարար չեն հետագայում կադրային սերնդափոխություն իրականացնելու համար:
– Այո: Սակայն հիմա զարմանալի բան պիտի ասեմ. անգամ մեր ժամանակ, երբ կարծես թե աստղագիտությունը թնդում էր Հայաստանում և փառքի գագաթնակետին էր, տարրական բաներ մեզ չեն սովորեցրել, օրինակ` աստղերի ներքին կառուցվածքի մասին, որը աբսուրդ է, կամ տիեզերաբանության մասին չենք անցել, կրկնակի աստղերի հսկայական տեսություն գոյություն ունի, որը մենք չենք անցել պարզապես: Հետո արդեն, ես ստիպված եմ եղել ինքս ավելի մեծ տարիքում, նույնիսկ Բյուրականում աշխատելիս, վերցնել և այլ լրացուցիչ դասագրքեր կարդալ: Ինքս սովորեցի, որպեսզի կարողանամ ուսանողներին համալսարանում տիեզերաբանություն սովորեցնել, որովհետև ես չէի անցել այդ առարկան, որը, սակայն, կարևորագույն առարկաներից մեկն է, որի շրջանակներում կատարած հայտնագործության համար վերջին տարիներին նույնիսկ նոբելյան մրցանակներ տրվեցին, և այդ ուսումնասիրություններն այսօր գիտության առաջնային ճակատում են գտնվում:

 
– Բյուրականին հատկապես այս տարի մեծ ուշադրություն դարձվեց, մի քանի անգամ ավելացվեց աստղադիտարանին հատկացվող բյուջեն, որը հիմնականում Բյուրականի արդիականացման աշխատանքների վրա է ծախսվելու: Մի կողմից արդիականացվում են սարքավորումները և այլն, սակայն, ըստ Ձեզ` արդյո՞ք մենք մի քանի տարի անց կունենանք բավարար թվով մասնագետներ, կադրեր, ովքեր կկարողանան աշխատել այդ սարքավորումներով: Այսինքն` բավարար կադրեր ունե՞նք սերնդափոխության և աստղագիտության ավանդույթները շարունակելու համար:
– Շատ կարևոր հարցադրում է. ժամանակին մենք հպարտանում էինք մեր կադրերով և այսօր էլ դեռ օբյեկտիվ կարող ենք հպարտանալ: Այսինքն` Հայաստանը թեև չունի մեծ ֆինանսներ գիտության համար, տեխնիկապես հետ է մնացել և այլն, բայց մեր կադրերը գոնե լավագույնն են, որ կան: Բայց արդեն տագնապալի վիճակ է, պետք է հասկանանք, որ այն կադրերը, ովքեր եղել են և հանդիսացել են մեր այս գիտության հիմքը, այսօր հեռանում են` զուտ տարիքային առումով: Արդեն 50-ն անց են բոլորը և 60-ին մոտ են, իսկ երիտասարդները դեռևս նոր-նոր առաջին քայլերն են անում գիտության մեջ, այսինքն` իհարկե երիտասարդների կարևորությունը ես շատ եմ գնահատում, սակայն մյուս կողմից` դեռևս իրենք չեն կարող իրենց ձեռքը վերցնել այս գիտությունը: Այս պահին եթե վերանային մեծերը, մեզ մոտ աստղագիտությունը իսպառ կվերանար, երիտասարդները չեն կարող ինքնուրույն ոտքի կանգնել առանց ուսուցիչների: Այսինքն` մեզ մոտ նախկին ավանդույթներից սկսած` վերջացրած կադրերով, նրանք են, որ ապահովում են այսօր աստղագիտության շարունակությունը, շարունակության միտումը: Օրինակ, ինչ տեղի կունենա 10 տարի հետո, եթե պատկերացնենք, ապա 10 տարի հետո այժմյան 60 տարեկան աստղագետները կտրուկ կզիջեն իրենց դիրքերը, իսկ միջին վիճակագրականով մինչև 60 տարեկան գիտնականը կարող է ակտիվ աշխատել, քանի որ նա ինտելեկտուալ աշխատանք է կատարում: Բնականաբար, միակ իրավիճակի շտկումը կլիներ, եթե իրենց փոխարինողները գային, սակայն հիմա իսկապես օրհասական վիճակ է, և եթե այսօր չկան երիտասարդներ, ընդ որում` մնացող երիտասարդներ, ոչ թե, որ մի քիչ գան Բյուրականում աշխատեն և մեկ-երկու տարի անցկացնելով մի լավ տեղ գտնեն և տեղափոխվեն արտասահման: Այս դեպքում 10 տարի հետո կատաստրոֆիկ վիճակ կլինի կադրային առումով:
Մենք այսօր կարծես ուրախանում ենք, որ այս տարի Բյուրականի գիտնականների աշխատավարձերը բարձրացրեցին: Չցանկանալով նսեմացնել այդ աջակցությունը և տրված գումարը, այդուամենայնիվ ուզում եմ նշել, որ դա չնչին է այն ջանքերի համեմատ, որ նվիրյալները անում են Բյուրականում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս