«Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցն ինձ ասում է, որ առանց «զոն նայողի» ինստիտուտի չեն կարող ղեկավարել հիմնարկը»

Հարցազրույց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ

– Հատկապես վերջին ժամանակաշրջանում շատացել են դատապարտյալների բերան կամ աչք կարելու դեպքերը: Ինչո՞վ կբացատրեք այդ դեպքերի աճը:

– Երբ անդամագրվեցինք Եվրոպայի խորհրդին` 2001թ., բնականաբար, միացանք նաև մի շարք միջազգային իրավական փաստաթղթերի: Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն (CPT) 2006, 2008, 2010թ.. մշտապես արձանագրել է այդ խնդիրները քրեակատարողական հիմնարկներում, Ոստիկանության բաժիններում, վերջերս նաև` հոգեբուժարաններում, այսինքն` այդ հաստատություններում մարդու իրավունքների վիճակը մշտապես եղել է ուշադրության կենտրոնում: Իսկ 2004թ. քրեակատարողական հիմնարկներում ձևավորվել են դիտորդական խմբեր:

– Իսկ դատապարտյալները որտեղի՞ց են գտնում թել-ասեղը: Ո՞վ է տրամադրում նրանց` հաշվի առնելով ՔԿՀ-ի՝ փակ կառույց լինելու հանգամանքը:

Կարդացեք նաև

– Դուք դա անվանում եք փակ հաստատություն, բայց դա այդպես չէ: Հիմա Դուք կարող եք հարցնել, թե որտեղի՞ց են դատապարտյալների մոտ բջջային հեռախոսներ, թմրամիջոցը, կտրող սուր գործիքները, և այլն: Եվ պարզ ասած` դրանք հիմնական կոռուպցիոն մեխանիզմներն են, որոնք հաղթահարված չեն:

– Այսինքն` դատապարտյալի հարազատնե՞րն են տանում, թե՞ հիմնարկի աշխատակիցներն են տալիս:

– Դա կարող է լինել թե՛ հարազատների, թե՛ հիմնարկի աշխատողների կողմից: Բջջային հեռախոսը փոքր ասեղ չէ, որ ինչ-որ ձևով կարող են հիմնարկ անցկացնել: Իսկ դատապարտյալների մեծ մասն ունի բջջային հեռախոսներ: Ձեր հարցադրմանը, թե որտեղի՞ց են գտնում թել-ասեղ, ապա այսպես պատասխանեմ` եթե պետք է, կգտնեն, այսինքն` եթե կա պահանջարկ, առաջարկը միշտ էլ կլինի: Եթե դիտարկենք քրեակատարողական հիմնարկների խնդիրները, նշեմ, որ ՔԿՀ-ի պայմաններից բողոքները` որպես այդպիսին, շատ քիչ են լինում: Ցավոք, վերաբերմունքի առանձին դրսևորումից բողոքները նույնպես քիչ են լինում:

Բողոքները հիմնականում լինում են այն մեխանիզմներից, որոնց հետևանքով իրենք կա՛մ հայտնվում են այնտեղ, այսինքն` դատարանի որոշումներից, քրեական մեղադրանքներից, կա՛մ էլ առնչվում է այդտեղից դուրս գալու մեխանիզմներին` պայմանական վաղաժամկետ ազատման, պատիժը կրող խոչընդոտող հիվանդությունների դեպքում, որովհետև մնացած հարցերն այսօրվա ֆինանսավորման պայմաններում բավարար չեն, և իրենք դա լուծում են իրենց ընտանիքների հաշվին: Եթե մի երկու ամիս ՀՀ քրեակատարողական հիմնարկներում դադարեցվի հանձնուքների (պերեդաչաների) իրավունքը, բունտ կլինի, սովից կմեռնեն:

– Ունե՞ք թվային տվյալներ, թե բյուջեով որքա՞ն գումար է տրամադրվում ՔԿՀ-ի սննդին, դեղորայքին և այլն, այսպես ասած` որքա՞ն գումար է տրամադրվում մի դատապարտյալին:

– Իհարկե, ունեմ այդ տվյալները, բայց հենց այս պահին ձեռքիս տակ չեն դրանք: Կարող եմ ասել, որ տրամադրվող գումարները գրոշներ են:

– Իսկ ՔԿՀ-ի աշխատակցի միջին աշխատավարձը որքա՞ն է:

– 100-110.000 դրամ, հնարավոր է, որ հիմնարկի պետերը ստանում են ավելի շատ` 180.000դրամ: Մենք բազմիցս բարձրացրել ենք քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու հարցը, որովհետև վարձատրությունն ու նրանց կատարած աշխատանքն անհամաչափ են: Իսկ նման իրավիճակը կոռուպցիայի բուն է: Հաջորդ կետը, որին պետք է ուշադրություն դարձնենք` չգրված, «կրիմինալ» կանոններն են, որոնք մեծ դեր են կատարում ՔԿՀ-ում:

Եթե նրանք միայն գրված ընթացակարգերով շարժվեն, ապա այնտեղ հաստատ կլինի մեծ դմփոց: Իսկ քանի որ պետությունը չի կարողանում արժանապատիվ պայմաններ ապահովել կալանավորի և դատապարտյալի համար, դրսի ռեսուրսները սկսում են օգտագործվել: Եվ ամբողջ հարցն այն է, որ դրանից չեն բողոքում ո՛չ հարազատները, ո՛չ կալանավորները, այնինչ առանձին զրույցումներում բողոքները լսելի են: Լուրջ խնդիրներից մեկը ՔԿՀ-ում տարածված «ղումարբազությունն» է` փողով խաղը, և պարտադիր չէ, որ դա լինի միայն թղթախաղի ժամանակ:

– Իսկ դրա համար ո՞վ պետք է բողոքի:

– Կալանավորը:

– Իսկ եթե կալանավորը բարձրացնի այդ հարցը, չգրված կամ գողական աշխարհի օրենքները չե՞ն ճնշի նրան:

– Եթե Նիկոլ Փաշինյանը կամ Վարդգես Գասպարին չէին ենթարկվում այդ օրենքներին, ապա այդ միջոցով իմանում էինք այդ օրենքների մասին: Եվ քրեական այդ կանոնները չէին տարածվում նրանց վրա:

– Դուք հիմա խոսում եք հանրային ճանաչում ունեցող մարդկանց մասին, բայց իրավիճակն այլ է ոչ հայտնի, այսպես ասած` շարքային կալանավորի դեպքում: Նա արդյո՞ք ունի չգրված օրենքների մասին խոսելու համարձակություն:

– Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրությունը` որպես բարձրագույն իրավաբանական փաստաթուղթ, չի գործում: Գործում են չգրված կանոնները, կոռուպցիոն շահերը, խմբակային շահերը, որոնք ավելի խտացված ձևով գործում են փակ հաստատություններում: Այսօր ամբողջ լրատվական դաշտում տարածվում է Դեդ Հասանի սպանության լուրը, որը տեսնում ենք, թե ի՞նչ պահանջարկ ունի: Այսինքն` այդ պսևդո-կրիմինալ կանոնները մարդուն կոտրելու, ոչնչացնելու կանոններ են և եկամուտների բավական մեծ աղբյուր են:

– Իսկ այսօր կա՞ն Ձեր նշած պսևդո-կրիմինալ կերպարներ ՔԿ հիմնարկներում: Ովքե՞ր են առավել պոպուլյար:

– ՔԿՀ-ի պետն անպայման տեղյակ է լինում «զոն նայողների» ինստիտուտի մասին: ՔԿՀ-ի աշխատակիցն ինձ ասում է, որ առանց այդ ինստիտուտի չեն կարող ղեկավարել հիմնարկը: «Զոն նայողը» կարգ ու կանոն հաստատելու մեխանիզմ է: Քրեակատարողական հիմնարկներում կան, այսպես ասած` լավ, կահավորված, «էլիտար» խցեր և կան սովորական խցեր:

Այսինքն` սոցիալական շերտավորումը նույնպես առկա է այնտեղ: Նա, ով «էլիտար» խցում է, ունի որոշումներ կայացնելու մենաշնորհը, և հիմնարկի անձնակազմը պահպանում է նրա ստատուսը, քանի որ նա կարողացել է դնել իր դիրքը: Այսինքն` գրված կանոնները դառնում են ցուցադրման միջոց, մինչդեռ դրանց աշխատեցնելու բուն էությունը մնում են «չգրված» կանոնները:

– Ի դեպ, «էլիտար» խցերն ի՞նչ սկզբունքով են տրամադրվում:

– Հիմա կարգն այսպիսին է` մարդը կարող է ձևավորել, վերանորոգել իր խուցը: Տրամադրվում է նրանց, ովքեր գումար ունեն:

– Որպես իրավապաշտպան` հասկանալի է, թե հանուն ինչի եք պայքարում: Թույլ տվեք հարցս այլ կերպ ձևակերպել` ինչի՞ դեմ եք պայքարում:

– Ընդհանրապես, երկրի քրեակատարողական հիմնարկներում, Զինված ուժերում, մանկատներում, հուգեբուժարաններում, ծերանոցներում իրավիճակի փոփոխումն առանց քաղաքական կամքի հնարավոր չէ: Եթե իշխանությունը չունի քաղաքական կամք` փոփոխության հասնելու, ապա մենք դատապարտված ենք այդ վիճակին:

– Այդ փոփոխություններն ի՞նչ են ենթադրում:

– Օրինակ` այն, որ իշխանությունը հայտարարի, որ իր երկրի բանտերը պետք է համապատասխանեն մարդու արժանապատվության նվազագույն չափորոշիչներին և այդ ուղղությամբ ծրագիր մշակեն: Այսինքն` կառուցեն քրեակատարողական հիմնարկի նոր շենք, մի խցում դատապարտյալները 4 հոգուց ավելի չկազմեն, պատրաստեն աշխատակազմ, որովհետև հիմա ունենք ՔԿՀ-ի աշխատակազմի կրթման և պատրաստման ուսումնական հաստատություն, կամ մտածեն ՔԿՀ-ում սոցիալ-հոգեբանական աշխատանքները կազմակերպելու մասին:

– Այսօր քրեակատարողական հիմնարկներում կա՞ն սոցիալ-հոգեբաններ:

– Կան, բայց, այսպես ասած` անունը կա, ամանում չկա: Ի՞նչ է նշանակում` 100 հոգուն մեկ սոցիալական աշխատող կամ հոգեբան տրամադրելը: Քրեակատարողական հիմնարկներում գերծանրաբեռնվածության խնդիրը քրոնիկ է: Քրեակատարողական հիմնարկների վիճակի շտկման կարևոր երաշխիքներից մեկը դատական իշխանության անկախությունն է: Կալանքը մասսայաբար կիրառվում է` որպես խափանման միջոց:

Հազարից մեկի դեպքում այլընտրանքային միջոց է կիրառվում: Արդարացման վճիռները շատ քիչ են: Այսինքն` երբ մեղադրանք են առաջադրում, դատարանը պարտադիր մեղավոր է ճանաչում: Դա ծանրաբեռնվածություն չէ՞ քրեակատարողական հիմնարկի համար: Այս խնդիրները կարող են լուծվել միայն իշխանության քաղաքական կամքի առկայության դեպքում: Իսկ մենք ստիպված ենք պարբերաբար արձանագրել փաստերը, օրակարգում պահել այդ խնդիրները: Եվ ոչ թե հոգնենք խնդիրներ առաջադրել, այլ այնքան առաջադրենք, որ այդ խնդիրները լուծվեն: Երբ Արդարադատության նախարարն ասում է, թե` հա, ի՞նչ անենք, որ դատապարտյալը բերանը կարում է, դա արդեն խոսում է քաղաքական կամքի բացակայության մասին: Նա պատասխանատվություն չի զգում իր խոսքերի համար:

– Կա՞ն տվյալներ, թե ՔԿՀ-ում որքա՞ն է ինքնասպանությունների թիվը:

– Դրանք շատ քիչ են և հիմնականում պայմանավորված են առողջական խնդիրներով: Փոքր-ինչ անտրամաբանական է, թե քաղցկեղի վերջին փուլում գտնվող դատապարտյալին ինչո՞ւ են պահում: Իսկ հիմնարկի աշխատակիցները պատճառաբանում են, թե հիմնարկում իրենք կարող են ապահովել պատշաճ բժշկական ծառայություն: Նման հիվանդություն ունեցող անձին անազատության մեջ պահելը համարում եմ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք: Եվ կրկին հանգում եմ քաղաքական կամքի դրսևորմանը:

– Ի դեպ, քանի որ նախընտրական շրջան է, հետաքրքիր է` կալանավորները նույնպե՞ս ներգրավվածություն ունեն ընտրություններում: Նրանց ուղղորդո՞ւմ են:

– Մի քանի հիմնարկներում ներկա գտնվել եմ ընտրությունների օրը: Արկղը բերում-դնում են, կալանավորները հերթով գալիս-քվեարկում են: Ինչպես Զինված ուժերում է` ասում են, որ այսքան տոկոս ձայն պետք է ապահովեն:

– Խոսքն իշխանական կուսակցությա՞ն մասին է:

– Բնականաբար, այո: Դուք չեք կարող ցույց տալ մի քրեակատարողական հիմնարկ, օրինակ` Նուբարաշենում, որտեղ շատ զարմանալի կլինի, որ այդտեղ հանկարծ իշխանական կուսակցությունը հավաքի, ենթադրենք, 10% ձայն: Սա այն դեպքում, երբ իրենց վիճակի համար պատասխանատու է իշխանական կուսակցությունը:

Տեսանյութեր

Լրահոս