Այնժամ Աստված բոցեղեն սուր կարգեց՝ հսկելու դեպի կենաց ծառը տանող ճանապարհները (հմմտ. Ծննդ. Գ 24), սակայն այժմ մենք կարող ենք անարգել անցնել ու ներս մտնել՝ վայելելու մեզ ընձեռնված բարիքները մեր Տեր Քրիստոս Հիսուսի շնորհներով, որին փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից: Ամեն:
Քրիստոսի յուրօրինակ, առաջին և միայն Իր Աստվածությանը բնորոշ Ծնունդը պատվե՛նք մեր լռությամբ և, մանավանդ, մեր մտքի խորհուրդներով չփորձե՛նք քննել այն բազմախույզ ջանքերով։ Չէ՞ որ Նրա Ծննդյան պահին ո՛չ ժամանակը, ո՛չ էլ հավիտենությունը «չխոսեցին», և ո՛չ էլ Բանի Ծննդյան կերպը իմացվեց։ Որևէ մեկը ո՛չ ականատես եղավ, և ո՛չ էլ այնժամ կար մեկը, որ հետո պատմեր մեզ այդ մասին, ուստի այժմ միտքն ինչպե՞ս կարող է դա երևակայել, կամ լեզուն ինչպե՞ս կարող է սպասավորել մտքի խորհուրդներին։