Կար ժամանակ, երբ դեռևս ամիսը չբոլորած՝ Նիկոլ Փաշինյանը ցուցանիշներ էր հրապարակում հարկերի հավաքագրման վերաբերյալ։ Խոսում էր մուտքերի աննախադեպ աճերից ու բյուջեի եկամուտների գերակատարումներից, փորձում էր մարդկանց վրա տպավորություն գործել։
Երբ խոսք է գնում բարձր գնաճի պայմաններում մարդկանց եկամուտների անհամաչափ ավելացման մասին, իշխանություները մեջտեղ են բերում աշխատավարձի աճի ցուցանիշները՝ փորձելով ցույց տալ, որ աշխատավարձերն ավելի արագ են աճել, քան գները։ Այս թեզը շրջանառվում է հատկապես կառավարության նիստերում։ Աշխատավարձերի ու աշխատատեղերի վերաբերյալ պարբերաբար հնչող հայտարարություններն ունեն հենց այդ նպատակը։ Դրանով փորձում են համոզել, որ գնաճից աշխատող քաղաքացիները չեն տուժել, նրանց աշխատավարձերն ավելի շատ են բարձրացել, քան գնաճն է եղել։