Երբ ուսումնասիրում ենք համաշխարհային կրոնները, նկատում ենք, որ մարդու արժանապատվության և անհատականության առանձնակի ու բարձր գնահատմամբ աչքի է ընկնում քրիստոնեությունը: Որևէ կրոն չի առաջարկում մարդու անձի այնպիսի բարձր արժևորում և մոտեցում, որը տալիս է քրիստոնեական արժեհամակարգը: Այս առումով հետաքրքրական են Ռաֆայել վարդապետ Կարելինի մտքերը: Համադրելով նրա մոտեցումները՝ փորձենք որոշակիորեն ներկայացնել տվյալ հարցի վերաբերյալ աստվածաբանական լուսաբանումը:
Քրիստոնեական կյանքը չի սահմանափակվում միայն պատվիրանապահությամբ, այլ այն պահանջում է ջանադրորեն գտնել և գործադրել պատվիրանի ետևում առկա խոր իմաստը: Երբ պատվիրանն իր խորությամբ գործադրենք, ըստ Սբ. Գրքի պատգամի պետք է ասենք. «Անպիտան ծառաներ ենք, ինչ պարտավոր էինք անել, արեցինք» (Ղուկաս 17:10):