Բաժիններ՝

ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները կվերաբերեն էլեկտրոնիկային, լազերներին և նավթային սեկտորին. Պետդեպ

Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները կվերաբերեն ամերիկյան մի շարք ապրանքների ու ծառայությունների արտահանմանը, այդ թվում՝ էլեկտրոնիկայի, նավթի-գազի ճյուղի տեխնոլոգիաների մատակարարումներին:

Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը՝ ելույթ ունենալով եվրոպացի լրագրողների համար հեռախոսային բրիֆինգում, որը կազմակերպել էր Բրյուսելում ԱՄՆ-ի դեսպանությունը: «Սահմանափակիչ միջոցները կներառեն բարձրտեխնոլոգիական բազմաթիվ ոլորտներ, ներառյալ էլեկտրոնիկան եւ հաղորդակցությունները, լազերները, սենսորները, ինչպես նաեւ նավթի ու գազի վերամշակման առաջավոր տեխնոլոգիաները»,-հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչը:

Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը հակառուսական իր նոր պատժամիջոցները չի համաձայնեցրել արտասահմանյան իր գործընկերների հետ: «ԱՄՆ-ի օտարերկրյա դաշնակիցներն իրենք են որոշելու՝ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել արդյոք Ռուսաստանի նկատմամբ՝ իրենց ազգային ընթացակարգերին համապատասխան»,-ասել է նա:

Ավելի վաղ Վաշինգտոնի վարչակազմը հայտարարել է, որ օգոստոսի 22-ից պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ այն բանի կապակցությամբ, որ նա մեղադրվում է մարտի 4-ին Սոլսբերիում Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս