Անջելինա Ջոլին դատարանին խնդրել է Բրեդ Փիթին պարտավորեցնել վճարելու իրենց երեխաների համար. ABC
Դերասանուհի Անջելինա Ջոլին օգոստոսի 7-ին դիմել է Լոս Անջելեսի Գերագույն դատարան միջնորդությամբ, որպեսզի դերասան Բրեդ Փիթին պարտավորեցվի բավականաչափ միջոցներ վճարելու իրենց համատեղ երեխաների դաստիարակման համար: Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով փաստաբան Սամանտա Բլեյ Դեջինի՝ դիմումը:
«Նա (Փիթը) պարտավոր է վճարել երեխաների դաստիարակման համար: Սակայն այսօրվա վիճակով բաժանման պահից ի վեր լիարժեք միջոցներ չի վճարել երեխաների դաստիարակման համար»,- մեջբերումներ է անում հեռուստաընկերությունը միջնորդությունից:
«Մեկուկես տարվա ընթացքում (Փիթը) կանոնավոր կերպով չի կատարել երեխաների ծախսերի շուրջը ոչ պաշտոնական համաձայնությունը: Հաշվի առնելով սույն հանգամանքը՝ նա (Ջոլին) մտադիր է պահանջ ներկայացնել երեխաների խնամքի ապահովման՝ դատարանի կարգադրագիր ստանալու նպատակով»,- ասված է փաստաթղթում: Դրանում չի նշվում, թե ամսական հատկապես ինչ գումարի հույս ունի մայրը: Դերասանի ներկայացուցիչներն ABC-ին հայտարարել են, որ նա անշեղորեն կատարում է իր ստանձնած բոլոր պարտավորությունները:
Ջոլին եւ Փիթը բաժանվել են 2016 թվականի սեպտեմբերին: Զույգը միասին ապրել է 10 տարի եւ ամուսնացել է միայն 2014 թվականի օգոստոսին: Նրանք ունեն վեց երեխա, որոնցից երեքը հոգեզավակներ են: Դերասանուհին ապահարզանի դիմում է տվել, ինչից հետո երեխաների հետ Հոլիվուդի ընտանեկան առանձնատնից տեղափոխվել է Մալիբուի (Կալիֆոռնիայի նահանգ) առանձնատուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: