Սպասվում է Իտալիայի նախագահի պետական այցը Հայաստան

Առաջիկայում՝ հուլիսի 30-ին, Իտալիայի նախագահ Սերջիո Մատտարելլան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով երկօրյա պետական այցով կժամանի Հայաստան: Նույն օրը ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա նախագահների հանդիպումը: Պետական այցի շրջանակում Իտալիայի նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ, ինչպես նաև կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Ի դեպ, Իտալիայի նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակվել է Իտալիայի նախագահ Սերջո Մատտարելլայի՝ Ադրբեջան կատարած պետական այցի մամլո հաղորդագրությունը:

Ըստ հաղորդագրության՝ հուլիսի 18-ին Նախագահ Մատտարելլան՝ Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Էնձո Մոավերո Միլանեզիի ուղեկցությամբ, Իլհամ Ալիևի կողմից հյուրընկալվել է Զագուլբայում՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնական նստավայրում։ Հանդիպման ավարտին նախագահները ԶԼՄ-ների առջև հանդես են եկել հայտարարություններով, այնուհետև ստորագրվել են երկկողմ համաձայնագրեր։

Սումգայիթի քիմիական-արդյունաբերական պարկում երկու պետությունների ղեկավարները կատարել են «Maire Tecnimont» ընկերության կողմից կառուցված պոլիպրոպիլենի արտադրության գործարանի բացումը։

Կեսօրից հետո այցը շարունակվել է Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում, որտեղ Իտալիայի նախագահ Մատտարելլան հանդես է եկել «Ադրբեջան և Իտալիա. զարգացող բարեկամության խոր արմատները և մեր համագործակցության ապագան» խորագիրը կրող ներածական դասախոսությամբ։ Դասախոսության ավարտին Պետության ղեկավարն Իտալիայի Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության և «Invest Your Talent in Italy» ծրագրի կրթական դրամաշնորհներ է հանձնել ադրբեջանցի ուսանողության ներկայացուցիչներին։

Իտալիայի նախագահ Մատտարելլան հանդիպումներ է ունեցել նաև Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հետ՝ հանձինս Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար շեյխ ուլ-իսլամ Հաջի Ալլաշուքյուր Փաշազադեի, Լեռնական հրեաների կրոնական համայնքի առաջնորդ Միլիխ Եվդաևի, Կաթոլիկ համայնքի առաջնորդ, առաքելական պրեֆեկտի ղեկավար եպիսկոպոս Վլադիմիր Ֆեկետեի և Ռուս ՈՒղղափառ եկեղեցու Բաքվի և Ադրբեջանի թեմի քարտուղար, ավագերեց Մեֆոդի Եֆենդևի։

Հուլիսի 19-ի առավոտյան Նախագահ Մատտարելլան՝ Նահատակների գերեզմանոցում ծաղկեպսակ դնելուց հետո, Իլհամ Ալիևի հետ ելույթով է հանդես եկել Իտալաադրբեջանական տնտեսական համաժողովի եզրափակիչ նստաշրջանում և կատարել Իսմայիլ Առաջին Սոֆիին նվիրված ցուցահանդեսի բացումը։

Այնուհետև Պետության ղեկավարը հանդիպում է ունեցել Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամմադովի հետ։

Պատրաստեց Գրիգոր Ղազարյանը

Տեսանյութեր

Լրահոս