«Ես անձամբ Տարոն Մարգարյանին որևէ բան չեմ հորդորել». ՀՀ վարչապետ

«Ես անձամբ Տարոն Մարգարյանին որևէ բան չեմ հորդորել»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հորդորե՞լ է Տարոն Մարգարյանին հրաժարական տալ, և արդյոք ինքը Երևանի քաղաքապետի թեկնածու ունի՞:

Ըստ նրա՝ քաղաքապետի թեկնածու ոչ թե պետք է անձամբ ինքն ունենա, այլ իրենց քաղաքական ուժը պետք է ունենա: Ն.Փաշինյանը նշեց, որ թեկնածուի հարցը «Քաղաքացիական պայմանագրում» և տարբեր ֆորմատներով քննարկվում է, կորոշեն, իսկ թեկնածուների անունները մամուլով շրջանառվում են:

Անդրադառնալով խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ Ն.Փաշինյանը  չհամաձայնեց, որ ժամանակի ընթացքում մարդկանց էյֆորիան նվազում է. «Ինչքան ժամանակը գնա, մարդկանց էյֆորիան մեծանալու է»:

Ընտրությունների անցկացման ժամկետը, նրա խոսքով, կախված է քաղաքական իրավիճակից, հնարավոր է՝ մի ամսում անգամ անհրաժեշտություն առաջանա և անցկացվեն ընտրություններ, իսկ ընդհանրապես՝ կառավարության ծրագրում գրված է՝  մինչև 1 տարվա ընթացքում:

Կարդացեք նաև

Թե ինչպե՞ս է ապահովելու, որ նախկին ընտրախախտումները չկրկնվեն, Ն.Փաշինյանը հայտարարեց, որ նախկին ընտրախախտումների կապակցությամբ հարուցված է քրեական գործ: Նա նշեց, որ պետք է կոնկրետացնել, քրեական պատասխանատվության համար պետք է լինեն հիմքեր.

«Բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում՝ թող համագործակցեն իրավապահ մարմինների հետ: ՀՀ-ում առանց բավարար ապացույցների որևէ մեկը չի դատվելու, նույնիսկ, եթե ՀՀ գործող վարչապետը նախկինում կոնկրետ հայտարարություն է արել, որ այսինչը հանցագործ է: Դա քաղաքական հայտարարություն է եղել: Բայց օրինականության հաստատման ճանապարհին խոչընդոտ չի լինելու: Ես համոզված եմ, որ իրավապահ մարմիններն արդյունքներ կունենան»:

Տեսանյութեր

Լրահոս